Գևորգ Աբաջյան

հայ գրականագետ, թատերագետ

Գևորգ Աբաջյան (դեկտեմբերի 25, 1920, Շնող — հոկտեմբերի 8, 2003, Երևան), հայ թատերագետ, գրականագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ինքն իրեն տեսնելը մարդկային հոյակապ առաքինություն է, որովհետև այդ է մարդու ինքնահղկման, բյուրեղացման ու սրբագործման լավագույն միջոցը[1]։
  • Մարդկային լեզուն, որքան էլ հարուստ, չի կարող բառաձևել այն բյուրավոր անանուն զգացմունքները, որոնցով լցված է մարդկային սիրտը[2]։
  • Րոպեական դադարը իր մահացու քարացումով իսկ բացատրում է հավիտենական շարժումը կյանքի[2]։
  • Հինը պետք է նորի ավետողը լինի, ինչպես երեկոն՝ վաղվա շեփորողը։ Հինը մեծ է այն չափով, ինչ չափով ընդունակ է պատրաստել, հղկել ճանապարհը նորերի առաջ, այդ պայմանով միայն ամեն հին հիմք է, միևնույն ժամանակ սուրբ է և բարի[3]։
  • Որքան էլ դյուրավառ լինի կայծն անհատի հոգում, չի բռնկի, եթե չզարնվի մեկ այլ կամ կայծ ունեցող բազում հոգիների հետ[3]։
  • Ամեն ինչ մարդու մեջ է, մահը նույնիսկ մեզանից է և մերը, քանի որ ամեն շնչավոր էակի յուրաքանչյուր րոպեն մի անխուսափելի մոտեցում է այն վախճանին, որ չունի հետադարձ ճանապարհ[4]։
  • Բնությունը մարդ արարածի սկզբնական ու անեղծելի պատկերն է, մարդը լինելով բնության ստեղծագործությունը, ինքն ստեղծողն է ամեն ստեղծագործության[4]։
  • Այն ճարտարությունը, որով մեղուն պատրաստում է մեղրամոմը, պարզապես սքանչելի է, բայց պատրաստում է ոչ նախօրոք հղացած գաղափարով, պատրաստում է բնազդով միայն, որը բնության մեծագույն պարգևն է անլեզու արարածներին։ Մինչդեռ ասուն արարածը՝ մարդը, նախքան որևէ բան պատրաստելը «կառուցում» է իր ուղեղում[5]։
  • Գաղափարն է կենդանի շունչը, որ ստեղծում է իր սեփական ձևակերպումը ըստ ժամանակի, ըստ պայմանների, և առանց որոնց ինչ մեծ արվեստով էլ հորինված լինի ձևավորումը, ապարդյուն, ամուլ ձև կմնա միշտ[6]։
  • Ստեղծագործող միտքը միշտ ձգտում է լավին ու լավագույնին, որն իրագործել կարելի է նոր մտահղացման, նոր գաղափարի շնորհիվ[7]։
  • Աստվածության գաղափարը միշտ եղել է այն հնամենի հնարանքը, որն ամեն ըմբոստի հնազանդության է բերում[8]։
  • Մարդկությունը մի գոյավիճակ չէ, որին պետք է ենթարկվել ակամայից ծննդի մեղքով, այլ մի կոչում է դա, որին պետք է սակայն տիրանալ գերմարդկային մաքառումով[9]։
  • Մարդկային անթիվ զգացմունքների շարքում սերն է միայն, որ ընդունակ է արտահայտվել առանց խոսքի[10]։
  • Գերազնիվ հոգիները հասնելով սեփական ողբերգության գագաթնակետին կամովին գահավիժում են անդունդ՝ մահը փրկություն համարելով[11]։
  • Որքան էլ զորավոր լինի մարդկային հիշողությունը, ժամանակը սպիացած վերքեր է թողնում նույն այդ հիշողության մատյանի թերթերում[12]։
  • Բնածին գործունեությունը բռնադատում է մարդուն՝ որոնել այլ միջոցներ, ասելիքն ասելու համար[13]։
  • Ամեն վերջակետ միևնույն ժամանակ սկիզբ է, որն իր հերթին հանգելու է վերջակետի[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 18։
  2. 2,0 2,1 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 40։
  3. 3,0 3,1 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 62։
  4. 4,0 4,1 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 65։
  5. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 66։
  6. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 66։
  7. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 67։
  8. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 68։
  9. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 73։
  10. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 91։
  11. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 113։
  12. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 218։
  13. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 330։
  14. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 343։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գևորգ Աբաջյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: