Երեքը մի նավակում չհաշված շունը
«Երեքը մի նավակում չհաշված շունը» (անգլ.՝ Three Men in a Boat), անգլիացի գրող-զավեշտաբան Ջերոմ Կլապկա Ջերոմի 1889 թվականի ստեղծագործությունն է։ Հայերեն թարգմանել է Ջ․ Հովհաննիսյանը։
Քաղվածքներ
խմբագրել- ― Սիրելի բարեկամ, քեզնից ժամանակ չեմ խլի պատմելով, թե ինչ է պատահել ինձ հետ։ Կյանքը կարճ է և այն կարող է ավելի վաղ ավարտվել, քան իմ պատմությունը։ Բայց ես կպատմեմ, թե ինչ չի՛ պատահել ինձ հետ։ Ես չունեմ ծնկոսկրի բորբոքում։ Թե ինչու, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ՝ այդ հիվանդությամբ ես չեմ տառապում։ Փոխարենը, ունեմ մնացած բոլոր հիվանդությունները։
- Շատ արտասովոր երևույթ է, բայց ամեն անգամ, երբ որևէ պատենտավորած դեղորայքի մասին հայտարարություն եմ կարդում, միշտ այն եզրակացության եմ հանգում, որ տառապում եմ հենց այդ հիվանդությամբ և այն էլ դրա ամենավտանգավոր ձևով։ Թվում է, թե ախտորոշումը միշտ համընկնում է իմ զգացումների հետ։
- Կյանքը միայն փորձություն է, և մարդը ծնված է նեղություններ կրելու, ինչպես կայծերը՝ վեր բարձրանալու համար։
- Իմ կարծիքով, բոլոր այն անհեթեթություններից, որոնք մեզ վրդովեցնում են, այդ «եղանակի կանխագուշակման տեսության պատրանքը» ամենավրդովեցուցիչն է։ Այն ճշտորեն կանխագուշակում է թե ինչ է տեղի ունեցել երեկ կամ երեկ չէ նախորդ օրը և ճիշտ հակառակը այն բանի, թե ինչ կլինի այսօր։
- Մենք՝ այր թե կին, արևի զավակներն ենք։ Մենք սիրում ենք կյանքը և լույսը։ Ահա թե ինչու ենք խմբվում մեծ և փոքր քաղաքներում, իսկ գյուղերը տարեցտարի դառնում են ավելի ու ավելի լքված։ Ցերեկը, արևի ճառագայթների ներքո, երբ բնությունն արթուն է և շուրջն ամեն ինչ շարժման մեջ է, մեզ դուր են գալիս լայնարձակ լեռնալանջերն ու խիտ անտառները։
- Ես այդպիսին չեմ։ Ես չեմ սիրում նստել և նայել, թե մյուսներն ինչպես են աշխատում։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում վեր կենալ և հետևել աշխատանքի ընթացքին, քայլել սենյակում ձեռքերս գրպանս դրած և թելադրել, թե ինչ պետք է անել։ Մեղավորը իմ եռանդուն խառնվածքն է, ինչ կարող եմ անել։
- Անձամբ ես, գերմաներեն չեմ հասկանում։ Ճիշտ է, դպրոցում ուսումնասիրել եմ այդ լեզուն, բայց ավարտելուց երկու տարի անց մոռացել եմ մինչև վերջին բառը, և այդ ժամանակվանից, ավելի լավ եմ զգում ինձ։
- Ամեն ինչ ունի նաև իր բացասական կողմը, ինչպես ասում էր մի մարդ, որին ստիպել էին վճարել զոքանչի թաղման ծախսերը։
- Չպետք է մտածենք այնպիսի իրերի մասին, որոնք մեզ պետք կգան, այլ միայն այն իրերի մասին, առանց որոնց չենք կարող յոլա գնալ։
- Հավանաբար, այդպես է աշխարհի կարգը։ Ամեն մարդու տրված է այն, ինչ իրեն ամենևին պետք չէ։
- Սուրը դատավոր էր և դատապաշտպան, հայցվոր և դահիճ, վերցրածի համար վճարում էին նրանով, որ ողջ էին թողնում, եթե իհարկե բարեհաճում էին այդպես վարվել։
- Բայց կանայք տարօրինակ կերպով ձգտում են դեպի դաշույնը, որով իրենց վերք են հասցրել։
- Ինձ միշտ այնպես է թվում, որ պետք եղածից ավելի եմ աշխատում։ Մի կարծեք, թե դեմ եմ աշխատանքին, ընդհակառակը, սիրում եմ աշխատանքը։ Դա ինձ հմայում է։ Ես կարող եմ ժամերով նստել և դիտել, թե աշխատանքն ինչպես է առաջ գնում։ Շատ եմ սիրում աշխատանքին մոտ գտնվել։ Այն միտքը, որ կարող եմ դրանից զրկվել, հուսահատության է հասցնում ինձ։
- Այսպիսին է կյանքը, և մենք բոլորս ընդամենը անցողիկ խոտ ենք, որը կտրում են և այրում։
- Ոչինչ ինձ այնքան շատ չի զայրացնում, որքան այն, որ մարդիկ անգործ նստած են շուրջս, երբ ես աշխատում եմ։
- Մեծ գիշերվա ներկայությամբ մեր աննշան դառնությունները ամաչելով հետ են ընկրկում։ Օրն այնքան լի էր հոգսերով, մեր սրտերը լի են չարությամբ ու դառը մտքերով, իսկ աշխարհը թվում է դաժան ու անարդար։ Գիշերը սիրասուն մոր նման զգուշորեն ափը դնում է մեր այրվող ճակատին, շրջում է մեր արցունքոտված դեմքը դեպի իրեն ու ժպտում է։ Ու, թեև ոչինչ չի ասում, սակայն մենք հասկանում ենք, թե ինչ էր ուզում ասել, մեր այրվող ու շառագունած այտը սեղմում ենք նրա կրծքին ու ցավն անցնում է։
- Նույնիսկ հանճարները չեն կարողացել հասնել իրենց իդեալներին։
- Բայց մենք փորձ ձեռք բերեցինք, իսկ հանուն դրա, ինչպես ասում են, որքան էլ վճարես, շատ չէ։
- Մենք սկսեցինք քննարկել՝ արժե՞ առնետը գցել կաթսայի մեջ թե ոչ։ Հարրիսն ասաց, որ իր կարծիքով ամեն ինչ հիանալի կլինի, քանի որ վերջ ի վերջո դա էլ խառնվելու է մյուս մթերքների հետ։ Բայց Ջորջը կտրականապես դեմ էր։ Նա ասաց, որ երբեք չի լսել, որ իռլանդական ռագուի մեջ առնետ գցեն, ավելի լավ է ռիսկի չդիմեն և կասկածելի փորձեր չանեն։
- Հարրիսն ասաց․
- ― Եթե ոչ մի նոր բան չփորձենք, ինչպե՞ս կիմանանք, լա՞վ է թե՞ վատ։ Քեզ նմաններն են, որ արգելակում են մարդկության առաջնդացը։ Հիշիր այն մարդուն որն առաջինը կերավ նրբերշիկը։
- Իմ ծանոթը առավոտյան վաղ էր արթնանում փորձեր կատարելու, սակայն քրոջ պատճառով ստիպված էր հրաժարվել իր որոշումից։ Նրա քույրը հավատացյալ էր և ասում էր, որ շատ վատ նշան է օրը նման ձևով սկսելը։
- Այդ ժամանակ նա սկսեց նվագել գիշերները, երբ բոլորը պառկում էին քնելու։ Բայց ոչինչ դուրս չեկավ, քանի որ տունը մի տեսակ վատ համբավ ձեռք բերեց։ Ուշացած անցորդները կանգ էին առնում ականջ դնելու և հաջորդ առավոտյան լուրեր էին տարածում քաղաքում, թե միստր Ջեֆֆերսոնի տանը նախորդ գիշեր սարսափելի սպանություն է տեղի ունեցել։ Եվ նկարագրում էին, թե ինչպես են լսել զոհի ճիչերը, մարդասպանի կոպիտ հիշոցներն ու նզովքները, որից հետո խճմտանքի աղերսանքներ ու հոգեվարքի խռխռոց։
- Այդ ժամանակ նրան թույլ տվեցին փորձեր անել կեսօրին, տան ետևի մասում գտնվող խոհանոցում՝ բոլոր դռները փակ վիճակում։ Սակայն, չնայած այս բոլոր նախազգուշական միջոցներին, ավելի հաջող պասսաժները լսվում էին հյուրասենյակում՝ արցունքով լցնելով նրա մոր աչքերը։
- Նրա մայրն ասում էր, որ այդ նվագը հիշեցնում է իր դժբախտ հորը (խեղճ մարդուն նոր Գվինեայի ափերի մոտ կուլ էր տվել շնաձուկը)։ Իսկ թե ինչու էր երաժշտությունը նրա մեջ արթնացնում հենց այդ հիշողությյունը, չէր կարող բացատրել։