Հայր Գորիո
«Հայր Գորիո», Օնորե դը Բալզակի վեպերից, որը գրվել է 1832 թվականին[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Փեսա ասածդ այն է, որ մեզանից առնում, խլում է մեր աղջիկը, գրավում է նրա սերը և դարձնում է այն մի կացին, որպեսզի նրանով այդ հրեշտակի սրտում թարմ կտրի այն բոլոր զգացումները, որոնցով նա իր ծնողների հետ է կապվում։ Երեկ մեր աղջիկը ամեն ինչ էր մեզ համար, մի օր հետո նա դառնում է մեր թշնամին։ Մի՞թե մենք ամեն օր ականատես չենք այդ ողբերգությանը։
- Սիրելի՛ս, ես կարծում եմ, որ ճշմարիտ զգացմունքներն աչք կունենան և իմաստություն։ Նա` որպես հայր, անում է այդ զոհաբերությունը. նա լուռումունջ հեռանում է տանից։ Երբ տեսնում է, որ իր աղջիկները գոհ են. նա հասկանում է, որ իր արած քայլը ճիշտ է եղել։ Չէ՞ որ այդ Հայր Գորիոն իր աղջիկների հյուրասրահում մի կեղտ էր դարձել։ Նա իրեն այնտեղ օտար էր զգում, այլոց համար` ձանձրալի։
- Սիրտ ասածը մի գանձ է։ Փորձի՛ր դատարկել այն և կկործանվես։ Ինչպես առանց փող մնացած մարդուն մենք չենք ներում, այնպես էլ չենք ների այն մարդուն, որն իր զգացմունքներն ամբողջովին բաց է անում, մերկանում է։ Այդ հայրը տվեց ինչ որ ուներ։ Քսան տարի շարունակ նա տվեց իր սրտից, մի օրում տվեց իր հարստությունը։ Աղջիկները լիմոնը մի անգամ քամելուց հետո փողոց են նետում կեղևը։
- Խայտառակ աշխարհ է, ու մարդիկ` չար։ Հենց որ մի դժբախտություն է պատահում, միշտ էլ կգտնվի մի բարեկամ, որ պատրաստ է գալու, քեզ հայտնելու քո դժբախտության մասին և քրքրելու քո սիրտը դաշույնով, թույլ տալու որ հիանաս դաշույնի կոթով։
- Կանայք միշտ էլ ճշմարիտ են, մինչև իսկ իրենց ամենամեծ կեղծիքների մեջ, որովհետև նրանք հպատակվում են ինչ-որ բանական զգացմունքի։
- Մաքուր հոգիները երկար չեն ապրում այս աշխարհում։ Եվ իսկապես, մեծ զգացուներն ինչպես կարող են համատեղվել ցածր, չնչին և մակերեսային հասարակության հետ։
- Մեր ֆանտազիաները պահանջում են ժամանակ, ֆիզիկական միջոցներ կամ ջանք։
- Երջանկությունը կա՛մ կյանքը մաղող ուժեղ հույզերի մեջ է, կա՛մ կանոնավորված զբաղմունքների, որոնք այն դարձնում են ճշտությամբ գործող անգլիական մի մեխանիզմ. բնության գաղտնիքների մեջ թափանցելու ձգտումը և նրա երևույթները բացահայտելով որոշ արդյունքների հասնելը։
- Երբ մարդ խաբում է, նա այլևս անհաղթահարելի կերպով ստիպված է լինում սուտը ստի ետևից գլորել։
- Աշխարհը մի աղբանոց է, աշխատեք մնալ բարձունքներում։
- Նրան պակասում էր այն, ինչը կնոջը 2-րդ անգամն է կին դարձնում` շորերը և սիրային նամակները։
- Կանայք սիրում են անհնարինը հնարավոր ցույց տալ, նրանք սիրում են իրենց նախազգացումներով հերքել փաստերը։
- Ով կարող է ասել, թե որն է ավելի զարհուրելի՝ ցամաքած սրտեր տեսնելը, թե դատարկ գանգերին նայելը։
- Կյանքը խոհանոցից լավ չէ․ նրա նման հոտում է, և անպայման պետք է, որ մարդս ձեռքերը կեղտոտի, եթե ուզում է ճաշակել։ Միայն իմացեք, որ պետք է լվացվել, պետք է մաքուր երևալ․ այդտեղ և միայն այդտեղ է մեր դարաշրջանի ամբողջ բարոյականությունը։
- Եթե մարդկային սիրտը հանգստի կետեր է գտնում մագլցելով սիրո բարձունքն ի վեր, ապա հազվագյուտ է կանգ առնում, երբ սկսվում է ատելության զգացմունքների արագ վայրէջքը։
- Ինչպես առանց փողի մնացած մարդուն մենք չենք ներում, այնպես էլ չենք ների այն մարդուն, որն իր զգացումներն ամբողջապես բաց է անում, մերկանում է։
- Մարդն ամենուրեք նույնն է. ամենուրեք հաստատված է հարուստի և աղքատի կռիվը, ամեն տեղ դա անխուսափելի է, ավելի լավ է ուրեմն շահագործող լինել, քան թե շահագործվող։
- Սերը, թերևս, ուրիշ բան չէ, եթե ոչ երախտագիտություն ստացած վայելքի համար։
- Սկզբունքներ գոյություն չունեն․ կան միայն դեպքեր։ Օրենքներ գոյություն չունեն․ կան միայն հանգամանքներ։ Մեծ մարդը նա է, ով դեպքերն ու հանգամանքներն իրար մոտ է բերում, կապում և առաջ վարում նրանց։
- Եթե երբևիցե սիրեք, պահեք ձեր գաղտնիքը, բաց մի արեք այն, առանց նախապես իմանալու, թե ում համար եք բացում ձեր սիրտը, իսկ որպեսզի կարողանաք նախապես անվտանգ պահել այդ սերը, որը դեռ գոյություն չունի, սովորեք մարդկանցից զգույշ մնալ։
- Եթե գրոհում ես երկնքի դեմ, պետք է նշան բռնես Աստծուն։
- Կինը իր սիրած էակի պատճառով կրած տանջանքի մեջ պետք է մեծ հաճուք գտնի։
- Վարվեք մարդկանց հետ ըստ նրանց ունեցած արժանիքների։
- Չկա ավելի տհաճ բան, քան այն երբ մարդ իր տկարությունը ծածկել չի կարող։
- Պատիվը, ուղղամտությունը ոչ մի բանի պետք չեն։ Մարդիկ հանճարի իշխանության տակ կռանում են, հանճարեղ մարդուն ատում են, աշխատում են զրպարտել նրան, որովհետև նա վերցնում է առանց մնացորդի, առանց բաժին հանելու, այնուամենայնիվ կռանում են, եթե նա չթուլանա. մի խոսքով` ծնկաչոք պաշտում են նրան, եթե չկարողանան նրան ցեխի մեջ թաղել։ Ստորությունն ու ապականությունը ուժեղ են։ Տաղանդն է սակավ։ Ապականությունը, զեղծումն ու կաշառակերությունը միջակությունների ձեռքին զենքեր են, իսկ միջակությունները վխտում են. դուք ամեն տեղ զգում եք նրանց սուր խայթոցը։
- Կատարյալ մարդ չկա։ Մարդ ասածը առավել կամ նվազ չափով կեղծավոր է։
- Երբ ձեզնից կարծիք հարցնեն, ծախեցեք այն։ Ով ինքնագովությամբ ասում է, թե իբր երբեք իր կարծիքը չի փոխում, նման է այն մարդուն, որը միշտ ուղիղ գծով է գնում. նա հիմարի մեկն է, որովհետև հավատում է, թե անսխալականությունը հնարավոր է։ Եթե հաստատուն սկզբունքներ և օրենքներ գոյություն ունենային, ապա ժողովուրդները դրանք չէին փոխի, ինչպես մենք ենք փոխում շապիկի նման։
- Կա՞ ավելի գեղեցիկ բան, քան երբ նայում ես կյանքիդ վրա և գտնում ես, որ նա մաքուր և անարատ է։
- Ցանկությունները բորբոքվում են թե դժբախտություններից և թե հեշտ հաղթանակից։ Անկասկած, մարդկանց բոլոր կրքերը զարթնում և պահպանվում են շնորհիվ այս երկու պատճառներից մեկն ու մեկի, սրանք երկուսով բաժանում են իշխանությունը սիրո կայսրության մեջ։
- Փողն արժեք է ստանում միայն այն ժամանակ, երբ չքանում են զգացմունքները։
- Սերը կրոնի նման է, և նրա պաշտամունքը բոլոր մնացած կրոնների պաշտամունքից ավելի թանկ արժե։
- Երբեք չամուսնանաք, երեխաներ չունենաք։ Դուք նրանց կյանք եք տալիս, իսկ նրանք ձեզ մահ կտան։ Դուք նրանց աշխարհ եք մտցնում, իսկ նրանք ձեզ այնտեղից քշում են։
- Գուցե մարդկային բնությունն է այդպես, մենք ուզում ենք բոլոր բեռը տալ այն մարդուն, որ ամեն ինչ տանում է ճշմարիտ խոնարհությամբ, տկարությամբ կամ անտարբերությամբ։
- Հենց որ մի դժբախտություն է պատահում, միշտ էլ կգտնվի մի բարեկամ, որ պատրաստ է գալու քեզ հայտնելու քո դժբախտության մասին և քրքրելու քո սիրտը դաշույնով, թույլ տալով, որ հիանաս դաշույնի կոթով։
- Ես չէի սպասում, որ մեր երջանկությունը ինձ արցունքներ պիտի տար...
- Շատ հոգնեցուցիչ է, երբ շարունակ ցանկանում ես, առանց երբեք գոհացում ստանալու։
- Այժմ ես ամեն ինչ գիտեմ. ինչքան սառնությամբ հաշիվ տեսնեք, այնքան հեռու կգնաք։
- Պետք է միշտ իր արժանիքը պահել գիտենալ։
- Ինչքան ուժեղ և անկեղծ է սերը, այնքան նա պիտի լինի թաքուն ու խորհրդավոր։
- Լքում, ահա իմ վարձատրությունը։
- Անհայտ ծագումով մեծ հարստությունների տակ միշտ թաքնված մի ոճիր կա, որ մոռացվել է, որովհետև կատարվել է վարպետությամբ։
- Անհաջողությունը միշտ թև է տալիս մեր հանդուգն հավակնություններին։
- Միայն մի իրական զգացմունք գոյություն ունի, այդ էլ մարդու բարեկամությունն է մարդու հանդեպ։
- Հնազանդությունը ձանձրալի է, ըմբոստությունն՝` անհնար, իսկ պայքարը` անստույգ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Օնորե դը Բալզակ, Հայր Գորիո, Գոբսեկ, Երևան, 1983 թ.