Ղազարոս Աղայան
հայ արձակագիր, բանաստեղծ, ուսուցիչ, գրող
Ղազարոս Աղայան (ապրիլի 4, 1840 — հունիսի 20, 1911), հայ գրող, մանկավարժ և հրապարակախոս։
Քաղվածքներ
խմբագրել- Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության։ Անգործ մնացած հողի վրա բուսնում են ամեն տեսակի անպիտան խոտեր, իսկ մշակվող հողը, որը նպատակ ունի շատերին սնունդ տալու, զարդարվում է ամեն տեսակի բարիքով[1]։
- Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում[2]։
- Աշակերտը պիտի հասկանա, մարսե ամեն բան, ինչ որ սովորում է վարժապետից, որպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնա, այլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ[3]։
- Հաճախ շատ գիտուն պրոֆեսորը պիտանի չէ որպես ուսուցիչ[4]։
- Բաւական չէ ազգասէր և հայրենասէր ըլլալը, պէտք է քիչ մըն ալ լեզուասէր ըլլալ, պէտք է սիրել, պաշտել, գգուել հարազատ մօր հարազատ լեզուն։ Այս սերմը միայն կը բանայ մեր առջև լազուի անհատնում ճոխութիւնը, անոր նրբութիւնը և քաղցրութիւնը[5]։
- Տե՜ր աստված, ինչե՜ր ես դրել մարդու հոգում քո մի եռատառ բառովդ, որ է՝ Սեր։ Դիփ սուտ է, դիփ, բացի սիրուց[6]։
Քաղվածքներ Ղազարոս Աղայանի մասին
խմբագրել- Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ[7]։
- Աղայանը խորքով լավատես էր. վիշտն ու տխրությունը չափազանց կարճատև պահեր էին նրա մոտ։ Կարելի էր ասել, որ նա իր կյանքում երբեք չհիասթափվեց, միշտ մնաց ոգևորված, հավատով։ Միտքը վառ էր միշտ, հարցասեր, հետաքրքրվող, ականջը միշտ նորության՝ գրական, հասարակական և գիտական գյուտերի, նվաճումների[8]։
- Ղ. Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող։ Բայց նրա կյանքը անգիր անցկացավ։ Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքան բան ուներ նա ու ինչքան բան տարավ իր հետ։
- Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը՝ ահագին[8]։
- Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։
- Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրիչը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական[8]։
- Ժողովրդայնությունը Աղայանի մայրենի լեզվի բովանդակ ոգին է, որով այդ լեզուն դառնում է հոգեկան կյանքի, արյան լեզու։
- Ամբողջ սերունդներ Աղայանից սովորեցին խոսել և սիրել մայրենի լեզուն[8]։
- Աղայանցի բարերար ազդեցությունն իր ժամանակի վրա անկասկածելի է։ Այդ բարերար ազդեցությունը կապված է Աղայանցի բարոյական հազվագյուտ մաքրության հետ, մի հատկություն, որը նրան բարձրացնում է ազգային դաստիարակի բարձր կոչման աստիճանի[8]։
- Նրա կյանքն ու գրականությունը միաձույլ էին. թերևս մեկը լրացնում էր մյուսին։ Երկար տարիների մանկավարժը հոգեբանորեն իրեն կոչված էր համարում ժողովրդական ուսուցիչ լինելու[8]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 59.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 198.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 154.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 123. ISBN 99930-2-276-4.
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2.
- ↑ Աղայան Ղազարոս - Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 48։