Տիգրան Մանսուրյան
հայ կոմպոզիտոր
(Վերահղված է Մանսուրյան Տիգրանից)
Տիգրան Մանսուրյան (հունվարի 27, 1939), հայ երգահան և երաժշտագետ։
Քաղվածքներ
խմբագրել- Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա, ձայնի և լռության... Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա... Իմ կարծիքով, հարուստը լռությունն է[1]։
- Ակնոց դնեմ, որ լավ լսեմ[1]։
- Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն[1]։
- Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության։ Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա։ Իմ կարծիքով, հարուստը լռությունն է։ Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը։ Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը։ Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն։ Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն։ Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
- Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել[2]։
- Իմ համոզմունքն է, որ ամեն մարդ աշխարհ գալիս իր բաժին հարցերն է ստանում։ Ոմանց համար ստեղծագործելը լոկ այդ հարցերին պատասխանելն է։ Ես իմ ստեղծագործությամբ աշխատում եմ հարցեր ավելացնել։ Արվեստը պետք է հարցեր ծնի, հարցեր առաջացնի[3]։
- Իսկ ես համարում եմ, որ իմ մեծագույն բախտավորությունն է, որ ես ուսուցիչ չեմ ունեցել։ Ես երաժշտության հետ հարաբերվել եմ առանց ուսուցչի, իմ կապը երաժշտության հետ եղել է մեկին մեկ։ Ե՛ս եմ սովորել նվագել, նոտաները, սոլֆեջիոն, բոլոր այդ ճանապարհը ես մենակ եմ հարթել, ինձ ոչ ոք չի շոյել, ոչ ոք թվանշան չի դրել, ոչ մեկին չեմ ենթարկվել[4]։
Քաղվածքներ Մանսուրյանի մասին
խմբագրել- Այն վայելչությունը, որ Մանսուրյանը բացահայտում է մի պտղունց նոտայով, որքան մնայուն, նույնքան էլ գորովալից է[3]։
- Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում։ Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու[3]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 121. ISBN 99930-2-263-2.
- ↑ Տիգրան Մանսուրյան
- ↑ 3,0 3,1 3,2 Առանց Տիգրանի` իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու
- ↑ #54 Տիգրան և Արաքս Մանսուրյաններ. Անշտապ զրույցներ