Պատուհանի տակ ծղրիդն է երգում
«Պատուհանի տակ ծղրիդն է երգում», Գրիգոր Բալասանյանի վեպը։
Քաղվածքներ
խմբագրել- Պատահում է, սխալ խորհուրդ են տալիս շատ սիրելուց, սերը մեկ-մեկ կուրացնում է ծնողին, նա կորցնում է անաչառ դատելու կարողությունը, և իր կամքից անկախ դառնում է իր երեխայի թշնամին...
- Եթե քեզ չի հաջողվել դառնալ այն, ինչի համար կոչված ես դու, գոնե շիտակություն ու համարձակություն ունեցիր այդ տեղի համար պայքարելու: Կույր հնազանդությունը կործանարար է: Այս է ճշմարիտ եզրակացությունը:
- Կանաչ, ծաղկած ծառը հանում-տանում ես ուրիշ տեղ, ուրիշ հողում տնկելու, արմատ կբռնի՞, կաճի՞…Դրա մասին եմ մտածում, ախպոր տղա, թե չէ արհեստը տաշած քար է, գետնին չի մնա:
- Մարդս հաշտվող ու համակերպվող է, աշխարհն առանց Օհաննեսի չէր պատկերացնում, իսկ քանի տարի է աշխարհն էլ կա, ինքն էլ, իսկ Օհաննեսը…
- Պապը կասեր` էշ նստելը մի այիբ, իջնելը՝ երկու…
- Կյանքը մի անգամ է տրվում մարդուն, պետք է ապրել հարազատների համար, մարդկանց համար, ապրել լավի հույսով, մի լավ բան անելու ցանկությամբ...
- Ստիպել, որ հանդիսատեսը ծափահարի չսիրած արտիստին - հարմար բան չէ... Ծափահարությունը ինքնաբուխ պետք է լինի, հիացմունքի, բավականության արտահայտության, թե չէ պարտադրելով չի...
- Այդպես է կյանքում, հաճախ այդ «ինչ կասենն» է տնօրինում մարդկանց բախտը, գլուխը քարը, թե քեզ հարմար չէ այդ, թե դու տանջվում ես հոգով ու մարմնով, կարևորն այն է, որ արտաքին հանգամանքները տեղում լինեն, վճռական ձայնը պատկանում է հասարակական կարծիքին: Իսկ այդ հասարակական կարծիք կոչվածը հաճախ բոլորովին հասարակական չէ, այլ մեկ-երկու մարդու, երբեմն ոչ անաչառ կարծիք:
- Միշտ չէ, որ պատժում են արածի համար, երբեմն չարածի պատիժն ավելի մեծ է լինում։
- Վճռական պետք է լինել, բարեկամս, համառ ու հետևողական, և ամեն ինչ լավ կլինի: Մարդուս ճանապարհին միշտ էլ ոստեր կլինեն, կյանքը դրա վրա է կառուցված, պետք է հաղթահարել, կտրել ոստը և առաջ գնալ:
- Ով եկել է այս աշխարհը, նա պիտի գնա, օրենք է, բայց նայած թե ոնց է գնում, ինչ է թողնում իրենից հետո, սա է գլխավորը:
- Այդ անմոռաց հուշերն են երևի քո ծննդավայրը դարձնում ամենագեղեցիկն աշխարհում, քո գյուղն աչքիդ ներկայանում է բոլորովին ուրիշ գույներով, և դու ոչ մի գյուղի ու քաղաքի հետ չես փոխի քո մտերիմին, քո հարազատին:
- Հիշում է պապի մի խոսքը,- էդպես է, բալաս, սար բարձրանալը միշտ էլ դանդաղ է լինում, բայց որ սկսեցիր իջնել, քայլերդ ջուխտ-ջուխտ են դառնում, դու չես էլ շտապում, բայց ինքն իրեն գնում է, իջնում է, կյանքի բան է։
- Ինչպե՞ս կարելի է ապրել միայն այսօրվա կյանքով, այսօրվա ուրախություններով ու անհոգություններով. անպայման պետք է մտածել քիչ ավելի հեռուն, իսկ այդ հեռուի հաջողությունն այսօրվա մեջ է, այսօր է դրվում նրա հիմքը. վատ սովորեցիր ու մի կերպ ավարտեցիր դպրոցը, կամ, ավելի վատ, հանկարծ ավարտել չկարողացար, ու մնացիր կիսագրագետ, թերուս, ո՞ւմը պետք կլինես այսօր, մանավանդ՝ վաղը:
- -Բախտն ինքն իրեն երբեք չի գալիս:
- - Ճիշտ է, ինքն իրեն չի գալիս, բայց որ թողեցիր, ինքն իրեն կգնա: Այո, որ թողեցիր, կողքովդ կանցնի ու կգնա, շնորհք ունես, պինդ բռնիր ու պահիր:
- - Նախ, պետք է հասկանալ, թե ի՛նչ բան է այդ բախտ կոչվածը, մարդիկ ինչո՛վ են բախտավոր:
- - Ամենամեծ բախտը ուրախ ու երջանիկ լինելն է:
- - Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, այսօրվա թվացող երջանկությունը կարող է դժբախտություն դառնալ հետագայում, պետք է այսօրով չապրել միայն, այլ նաև մտածել վաղվա, մյուս օրվա մասին:
- Պայծառ երազանքներով քայլում ես կյանքի բազում ճամփաներին ի վեր` հայացքդ հեռուներին հառած, քայլում ես հաստատուն, ինքնավստահ, ոչ քեզ, թվում է, թե չես քայլում, այլ թռչում ես: Այնպես թեթև ու հաճելի է կյանքը. աչքիդ միայն ժպիտդ ու ծիծաղ է երևում, պայժառ դեմքեր, հաճելի անուններ, բոլորին սիրել ու փայփայել ես ուզում, լավին ու բարում ես ձգտում: Քայլում ես թեթև, ինքնավստահ, ու երբ թվում է թե տեղ հասելու վրա ես, հանկարծ ասես փշոտվում է ճամփան, դանդաղում է քայլդ, հայացքդ իջնում է ոտքերիդ տակ, ու դու սարսափով նկատում ես, որ մեծ անունդ կա քո առաջ, ու զարմացած մտածում ես` այդ որտեղից . եղել `, չես նկատել փե նոր երկփեղկվեց հարթ թվացող ճանապարհը: Անունդ մութ, ահարկու, պետք ` հաղթահարել, ուրիշ ոչ մի ճանապարհ: Խարխափում ես թևաթափ, ելք ես փնտրում, կհաջողվի անցնել, փե կուլ գնաս այդ խանավ մթությանը...
- Երեկոն` խաղաղ, գիշերը` հանգիստ, լուսաբացը` պայծառ:
- Ով այսպես ավերեց ամեն բան, ով փչեց ու հանգցրեց լամպի լույսը: Ախ, պատերազմ, պատերազմ, ինչպես եկավ, ով բերեց ու երբ կգնա: Աշխարհից հեռանա էլ, իրենց տանը կմնա նորից, այն չարաբաստիկ թղթի հետ միասին, հոր` դեռ ոչ մի անգամ չհագած կոստյումի ծալքերում, պապի` բոլորովին վերջերս դողոցք ստացած ծնոտիշարժումներում ու մոր` ժամանակից շուտ թառամած այտերում... Պատերազմ....
- Լավ կինը մուրազ է, ու նրա լավ լինելու համար, քեզնից շատ բան է կախված:
- Դե, առանց նամակի, առանց հարազատի ու մտերիմի կլինի՞, ընկեր մայոր. էլ ի՛նչ մարդ, եթե աշխարհում ընկեր ու բարեկամ չունի, որոնց հետ կարողանա կիսել իր ուրախությունն ու վիշտը. ես մտածում եմ, թե մենակ ու անընկեր մարդու համար ինչքա՜ն դժվար կլինի ապրելն այս ծանր օրերին, ուղղակի պատկերացնել չես կարողանում:
- Իր խելքը չկտրեց մի ծաղկեփունջ բերել, բայց ո՛նց բերեր, ուրիշները որ տեսնեին ի՞նչ կասեին. ա՜խ այդ ինչ կասենը…
- Դժվար է խելքի բերել մայրական սիրտը, նա համառում, իրենն է պահանջում…
- ...մարդն էլ է նման այն վարդին, որ բացվում է անսպասելի, մի գիշերվա մեջ ու բուրում է աստվածային....
- Մի գործի մեջ որ սիրտ չդնես, բան չի դուրս գա:
- Վատն այնպիսի զորություն ունի, որ առանց հողի էլ կարող է բարգավաճել...
- Պապս կասեր՝ տղամարդը որ մի գործի տակ մտավ, պետք է դուրս բերի մինչև վերջ, թե չէ նամուսը շանն են տվել, չի կերել…
- Ասում են՝ եթե պաշտոնը մարդուն փոխում է, ուրեմն նրանից բարձր է:
- Կինը տան ուստան է, ամուսինը սևագործ բանվոր է, քար ու շաղախ է տալիս, կինը շարում է տան պատը, որ ծուռ տարավ, կքանդվի էդ տունը:
- Նամակ գրելու համար էլ տրամադրություն է պետք, իսկ եթե չկա, անընդհատ դավաճանում ու փախչում է քեզնից, ինչպե՛ս գրես, ի՛նչ գրես:
- Տուն դառնալու համար նախ ընտանիք պիտի ունենալ. ի՞նչ նոր բնակարան, եթե այնտեղ նոր ու իսկական ընտանիք չի ապրում:
- Պապը կասեր՝ լավ ընտանիքի հիմքը պինդ շենքի նման է, երկրաշարժից չի վախենում:
- Ե՛վ երջանկությունը, և՛ սերը, և՛ բախտը, ինչպես պապը կասեր, քո ձեռքին է, պինդ պիտի բռնես ու էլ բաց չթողնես: Իսկ ինչպե՞ս իմանաս, թե որն է քո բաժին բախտը, ինչպե՞ս որոշես, թե որից պիտի պինդ բռնես: Բոլորն են այդ ուզում, բայց ինչքա՜ն սխալվողներ կան, ինչպե՞ս կարելի է խուսափել սխալից. իսկ անսխալական մարդ կա՞…
- Բայց վատի զարգացման համար հող է պետք, Արամ, գուցե դո՞ւ էլ թերանում ես ինչ-որ հարցերում, այդ մասին մտածե՞լ ես:
- Մայրն իր զավակի նկատմամբ դժվար է անաչառ լինում:
- Բույսին իր հողից չպիտի պոկես, ուրիշ տեղ դժվար է աճում:
- Որտե՞ղ է կարդացել, ասում է՝ վիրավորական է այն, ինչ արվում կամ ասվում է վիրավորելու նպատակով:
- Մի բան ասեմ, տիկին Վարդանուշ, չնեղանաք. երևի մի քիչ չափից ավելի հոգատար եք ձեր տղայի նկատմամբ, իսկ ամեն ինչի չափից ավելին…
- Ամենամեծ ծուլությունը շատ քնելուց է գալիս:
- Շատ քչերն են, որ համարձակություն ունեն իրենց թանին թթու ասելու:
- Հաճախ ժամանակն ամենաճիշտ խորհրդատուն է լինում:
- Մեր ժողովրդի, մեր երեխաների ապագան ուսուցչի ձեռքերում է, նրա ոսկե սրտի մեջ…
- Հաճախ լռությունն ամենալավ պերճախոսությունն է:
- Մարդս տարիքով չէ, որ ծերանում է, հոգով պիտի երիտասարդ մնաս:
- Մարդ մի բանի որ ձգտեց անկեղծ ու համառ վճռականությամբ, անպայման կստացվի, կհասնի իր ուզած տեղը:
- Սիրունությունը մեծ հարստություն է խելոք մարդու ձեռքին:
- Մե՛կ լավ մարդուն մոռանալ չես կարող, մե՛կ՝ վատին:
- Բարդ է կյանքը. պետք է և՛ հարմարեցնել, և՛ հարմարվել նրան:
Աղբյուրներ
խմբագրել- Գրիգոր Բալասանյան, «Պատուհանի տակ ծղրիդն է երգում» – grqamol.am