Ֆինանսիստը
վեպ
«Ֆինանսիստը» (անգլ.՝ The Financier), Թեոդոր Դրայզերի վեպերից մեկը, որը հրատարակվել է 1912 թվականին, նրա «Ցանկության եռերգության» (անգլ.՝ A Trilogy of Desire) առաջին մասը։ Հայերեն է թարգմանվել 1967 թվականին։ Թարգմանիչ՝ Վ․Միքայելյան[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Արժե՞ արդյոք անհանգստանալ այն բանից, որը դեռ չի եղել։
- Եվ այնուամենայնիվ միանգամայն պարզ է, որ բոլոր դժվարությունները լուծում է մտավոր ու ֆիզիկական ուժը։
- Փոթորկի ժամանակ լավ է ամեն մի նավակայան, իսկ խեղդվողը օձին էլ է փաթաթվում։
- Հիմա արդեն Լիլիանն այսպիսի հարցեր չէր տալիս, որովհետև անխելքություն էր համարում փորփրել անցյալի սխալներն ու անհաջողությունները։ Որևէ բան ափսոսալ, նրա կարծիքով, անհեթեթություն էր։ Նա նայում էր միայն առաջ ու մտածում ապագայի մասին։
- Մարդկանց մի մասն ապրում է ուրիշների հաշվին։
- Միակ բանը, որ չեմ հավանում, ձեր մշտական խոսքն է. «Ի՞նչ կասեն մարդիկ»։ Ձեր կյանքը «մարդիկ» չեն կառուցում։ Առավել ևս իմը։ Նախ և առաջ մտածեցեք ձեր մասին։ Դուք ինքներդ պետք է ստեղծեք ձեր կյանքը։ Մի՞թե դուք թույլ կտաք, որ ձեր և ձեր ցանկության միջև ցցվի այն, թե ինչ կասեն ուրիշները։
- Ինքնապաշտպանության անընդունակ և ուզած դրությունից ելք գտնել չկարողացող մարդիկ թվում էին նրան տխմար կամ լավագույն դեպքում՝ դժբախտ։
- Մարդիկ մեր մասին մտածում են այն, ինչ մենք ուզում ենք, որ մտածեն։
- Նա, ով ոչինչ չի ձեռնարկում իրեն պաշտպանելու համար, իհարկե գլուխը չի փրկի։
- Ծնողները սովորաբար հավատացած են, թե շատ լավ են ճանաչում իրենց զավակներին, և ժամանակը միայն այն է անում, որ ամրացնում է նրանց այդ մոլորությունը։
- Մարդկանց հայացքները փոխվում են, որից և փոփոխություններ են առաջանում հարաբերությունների մեջ։
- Անչափելի են այն ստորության խորխորատները, ուր կարող է ընկնել տխմարը։
- Սաստիկ սիրելու անընդունակ լինելով՝ նա չէր էլ կարողանում խիստ տառապել։
- Խիղճը, որ կրծում է մարդուն ու հաճախ էլ հասցնում կործանման, երբեք չէր անհանգստացնում Քաուփերվուդին։ Նրա համար գոյություն չուներ մեղք հասկացողությունը։ Նրա յուրօրինակ տեսակետից՝ կյանքը միայն երկու կողմ ուներ՝ ուժ և թուլություն։
- Միթե՞ մարդը գամված է իր կնոջը, միթե՞ նա իրավունք չունի ոչ մի կնոջ նայելու։ Իսկ ինչպե՞ս վարվի, եթե մի ուրիշ կին նրա սրտովն է։ Եթե մերկացվելու վտանգ չկա, ապա ամեն ինչ կարգին է։ Միայն պետք է խիստ շրջահայաց լինել։
- Մարդիկ սովորաբար փողը դիտարկում են որպես կենսական որոշ հարմարություններ ապահովելու միջոց, մինչդեռ ֆինանսիստի համար փողը բարիքների բաշխումը վերահսկելու, հարգանքի, հզորության և իշխանության միջոց է։
- Ծնողները սովորաբար հավատացած են, թե շատ լավ են ճանաչում իրենց զավակներին, և ժամանակը միայն այն է անում, որ ամրացնում է նրանց այդ մոլորությունը։
- Ֆրենկը ցավում էր, որ մարդկանց միջև ծագում են մանր տարաձայնություններ, որոնց հետևանքներըը լինում են լեզվակռիվները, գժտությունները, թշնամանքը և խզումը, բայց կարծում էր, թե դրանց դեմ պայքարելն անհնար է։ Մի մարդ գերազանցում է մյուսին։ Մարդկանց հայացքները փոխվում են, որից և փոփոխություններ են առաջանում հարաբերությունների մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. 2014. էջ 309.
Աղբյուրներ
խմբագրել- Թեոդոր Դրայզեր «Ֆինանսիստը»։ grqamol.am (սեպտեմբերի 11, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
- Թեոդոր Դրայզեր - «Ֆինանսիստը», Երկերի ժողովածու տաս հատորով, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1967 թվական (3-րդ հատոր)