451 աստիճան ըստ Ֆարենհայթի
«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» կամ «451° ըստ Ֆարենհայթի» [Մեկ. 1] (անգլ.՝ Fahrenheit 451), ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի ֆանտաստիկ վեպ։ Գրված է 1951 թվականին։ Համարվում է Բրեդբերիի ամենահայտնի ստեղծագործությունը[1]։
Վեպը հայերեն է թարգմանել Լևոն Անանյանը։ Հայերեն թարգմանությունը մի քանի պատմվածքի հետ հրատարակվել է 1986 թվականին «Սովետական գրող» (Երևան) հրատարակչությամբ «Գիտական ֆանտաստիկայի գրադարան» գրքաշարում (213 էջ)[2]։
Քաղվածքներ
խմբագրել- Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեին միմյանց։ Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչություն չէին զգա։
- Այդ լուսավոր, լռին դեմքը հանդարտ ու վստահորեն ասում է քեզ, որ թեպետև մութը թանձրանում է, բայց գիշերն անցնում է և շուտով նորից կծագի արևը։
- Մոնթագին թվաց, թե իր մարմինը ճեղքվեց երկու մասի, ընդ որում՝ մի կեսը կրակի պես տաք էր, մյուսը՝ սառցասառը, մեկը՝ փխրուն, մյուսը՝ կածր, մեկը՝ դողդոջուն, մյուսը՝ քարի պես պինդ։ Եվ նրա երկատված եսի յուրաքանչյուչ կեսը ջանում էր ոչնչացնել մյուսին։
- Դժվար է ասել, թե հատկապես որ պահին է ծնվում բարեկամությունը։ Ջուրը կաթիլ-կաթիլ լցնելիս, լինում է մի վերջին կաթիլ, որից հանկարծ բերնեբերան լցվում է անոթը և թափվում եզրից. Ճիշտ նույնն է, երբ բարի արարքներից մեկը հանկարծ լիքը լցնում է սիրտդ։
- Վերջ ի վերջո մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է․ մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր․․․ Մարդիկ չունեն իրենց դեմքը։
- Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը։
- Ով չի կառուցում, նա պետք է ավերի։ Սա հին է, ինչպես աշխարհը։
- – Երբեմն ծածուկ խոսակցություններ եմ լսում մետրոյում կամ էլ հանքային ջրի կրպակների մոտ։ Եվ գիտեք ի՞նչ։
- – Ի՞նչ։
- – Մարդիկ ոչնչի մասին են խոսում։
- – Չի կարող պատահել։
- – Այո․․․ Ոչնչի մասին։ Դատարկախոսում են՝ նորաձևություն, լողավազաններ, ավտոմեքենաների մակնիշներ և ամեն ինչին ավելացնում են «Փառահեղ է»։ Նրանք բոլորն էլ չաչանակի նման շարունակ նույն միտքն են կրկնում…Բայց չէ՞որ այդ ամենը կատարելապես անբովանդակ գունախաղ է։
- Լավ գրողները սերտ շփման մեջ են կյանքի հետ։ Միջակները սոսկ հպանցիկ սահում են մակերեսով։ Իսկ վատերը բռնաբարում են այն և թողնում ճանճերի կեր։-Ֆաբեր
- Ի՞նչ է հարկավոր մարդուն։ Ամենից առաջ՝ աշխատանք, իսկ աշխատանքից հետո՝ զվարճություն, որ ամեն քայլփոխի սրտիդ ուզածիդ չափ կա, միայն վայելիր։ Ուրեմն էլ ինչի՞ է պետք ինչ-որ բան սովորել, բացի կոճակը սեղմելու կարողությունից․․․
- Հարցրեք ինքներդ ձեզ՝ ամենից շատ ինչի՞ ենք ծարավի։ Երջանկության, այնպես չէ՞։ Ողջ կյանքում միայն այդ ենք լսել։ Մենք ուզում ենք երջանիկ լինել․ ասում են մարդիկ։ Մի՞թե նրանք երջանիկ չեն։ Մի՞թե նրանց չենք պահում հավերժական շարժման մեջ, մի՞թե հնարավորություն չենք ընձեռում զվարճանալու։ Չէ որ մարդն ապրում է հենց դրա՝ հաճույքների, սուր զգացողությունների համար։ Համաձայնեցեք, մեր մշակույթը լիուլի տալիս է նման հնարավորություն․․․
- Մարդկային հիշողությունը նման է լուսանկարչական զգայուն ժապավենի, և ողջ կյանքում մեր արածը այն է, որ ջանում ենք ջնջել նրա վրայի դրոշմը։
- Ամեն մի սերունդի հետ ծնվում են անհատներ, ովքեր հիշում են և հիշեցնում են մարդկության սխալները․․․
Մեկնաբանություններ
խմբագրել- ↑ 451 աստիճանն ըստ Ֆարենհայթի թղթի բռնկման ջերմաստիճանն է։
Ծանոթագրություններ
խմբագրել
Աղբյուրներ
խմբագրել- Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»։ Grqamol.am (փետրվարի 9, 2015 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ.։