Սիրանույշ

հայ դերասան
(Վերահղված է Մերոպե Գանթարճյանից)

Սիրանույշ կամ Մերոպե Գանթարճյան (18571932), հայ դերասանուհի։

Սիրանույշ

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեր մայրենի լեզուն ազգային պարտէզի վարդն է. առանց անոր մենք չունինք հրապոյր։ Առանց մայրենի լեզուի մենք մեռած ենք[1]։
  • Կյանքը քննություն է, որը երբեք չի վերջանում[2]։
  • Ես տեսել եմ շատ դառն օրեր և մխիթարվել եմ իմ թանկագին ժողովուրդի միակ ժպիտով․ ես կրել եմ շատ հարվածներ, բայց քաջալերվել եմ իմ սիրելի հասարակության բուռն ծափերով․․․
Արցունքները որքան հոսել են աչքերիցս, որքան ուրախության և երախտագիտության բուռն զգացմունքը բխել է սրտիցս։ Ոչ մի հալածանք, ոչ մի հարված չեն կարողացել ինձ շեղել այն ճանապարհից, որ իմ փոթորկալից կյանքի ուղին է եղել։
  • Ինչ ողորմելի մարդիկ են այն մարդիկ, որ իմ կորուստի մեջ կփնտրեն իրենց շահը։
  • Ես ցանկանում եմ իմ մահից հետո նորից ծնվել՝ կյանքիս բոլոր դառնություններով, որպեսզի նորից ապրեմ[3]։

Սիրանույշն իր խաղընկերների մասին

խմբագրել
  • Տիկին Հասմիկ նուրբ և ստեղծող դերասանուհի է․․․ Թեև մեծ սեր ունի էնժենյու-դրամատիք դերերի, բայց մեծ հաջողությամբ է խաղում տիպիկ կոմիկական դերերը։ Իր խաղով նա գրավում է հասարակությանը՝ ոչ միայն ինքնուրույն, այլև թարգմանական պիեսների մեջ։ Նա բարեխիղճ կերպով պատրաստում է իր դերերը և միշտ, ամեն մի խաղի մեջ աչքի է ընկնում։
Հասմիկի մասին
  • Պետրոսյանը մեզ տվեր է յուր արվեստի գեղեցիկ նմուշներ, յուր կատարած հերոսների ամբողջական նկարները․․․, որոնցով նա կատարելապաես արժանացավ բազմակողմանի տաղանդավոր դերասանի անունը կրելու և իր՝ դեպի գեղարվեստն ունեցած գիտակցությամբ․ ուսումնասիրություններով ու զգացումով իբրև դերասան ամենեն բարձր կանգնած էր։
Գևորգ Պետրոսյանի մասին
  • Ադամյան իր ներքին ու արտաքին բոլոր ներդաշնակությամբ ծնված էր գեղարվեստի համար։ Նա ոչ միայն դերասան էր, այլ նաև բանաստեղծ և բավական լավ նկարիչ։
Պետրոս Ադամյանի մասին
  • Փափազյանը լավ մաթերիալ ունի, բայց պետք է աշխատի։ Միակն է, որ մեր բոլոր դերասանների մեջ, ամեն ինչով օժտված է՝ արտաքինով, առոգանությամբ, զգացմունքով, արտասանությամբ, շնորհալիությամբ․․․ Ինքը կատարյալ Ժեոն Բըրըմիեի դերերի համար է, որ ապագայում պիտի խաղա հերոսներ։ Այժմյանից կոկորդի մեջ ունի փոփոխություն ձայնի։
Վահրամ Փափազյանի մասին

Մեջբերումներ Սիրանույշի մասին

խմբագրել
  • Դուք երեսունհինգ տարի անդադար, գեղարվեստի մուրճը ձեռին անձնվեր կռեցիք, կոփեցիք, ամեն խոչ ու խութ ոչնչացրիք, Ձեր տոկուն կամքի թափով արծվի պես սլացաք հասարակության հորիզոնից վեր, շատ վեր, թագավորեցիք սրտերի եւ մտքերի վերա, ապա հզորապես ձգտեցիք, տարաք Ձեզ հետ բարձր, հանեցիք դեպի ազնիվ գեղարվեստի կանաչազգեստ բլուրն ի վեր հասարակությունն էլ։ Այնտեղ ցույց տվիք նորան Ձեր ստեղծած հրաշալիքները՝ կյանքի մի շարք պայծառ ու խավար, ազնիվ ու կոպիտ… կենդանի տիպեր, արձանագրեցիք նորա սրտի և հոգու խորունկ աշխարհներում, պատկերներ ու նկարներ արձանացուցիք, որոնք չեն թոշնում բնության ոչ մի արհավիրքից, որոնք շեշտակի թափանցում են մեկ սրտից մյուսն օղակելով, մեկ հոգուց մյուսը շղթատելով։
  • Ինչ ավելի դժվար բան կա, քան սրտեր ու հոգիներ տաշելը եւ այն այնպիսի միջավայրում, ուր գեղարվեստը հավասար է ժամանցի։ Բայց Դուք ժրաջան մեղվի պես երեսունհինգ տարի շարունակ թռաք մեկ բեմից մյուսը եւ գեղարվեստի մարգերից, բազմապիսի ծաղիկներից հավաքեցիք առատ հյութ, որպեսզի հայ բեմի փեթակը լցնելու օժանդակեք։
  • Ձեզ հետ և առաջ ճանապարհ ընկան շատերը, բայց ոմանք հողմավար եղան, ոմանք շնչասպառ, ոմանց անգործության մատնեցին, ոմանց դեմ դավեր լարեցին…Դուք կարողացաք ճեղքել ամեն արգելք և առաջ արշավել։ Արշավեցիք երեսունհինգ տարի էլ առաջ, միշտ առաջ անվհատ ու հաստատ ուղիով, որ բացիք։
  • Այժմ որքան հստակ ու հանգիստ է Ձեր սիրտը, Ձեր հոգին, որ երեսունհինգ տարի երկար աշխատելուց հետո հանգչում է մարդկանց սրտերի ու հոգիների վերա, Ձեր իսկ կառուցած գեղարվեստի անսասան ու մշտակենդան ապարանքների մեջ։
  • Սրտանց շնորհավորում եմ Ձեր փառքը եւ ցանկանում էլ ավելի փառավորություն ու կանաչ, պայծառ արև։
Կոմիտաս
  • «Ամեն ոք գիտե, որ երեկույթին մեծագույն ձգողությունը Տիկին Սիրանույշի վերերևումն է ու անոր կսպասե անհամբեր…
  • Տիկին Սիրանույշի մուտքը ահագին ծափահարությամբ մը կողջունվի. իր քայվածքն իսկ տարբերություն մը ունի քայվածքներեն, թույլ ու շնորհալի բան մը, զոր չեմ կրնար ճշտել. իր շարժումները չեն շռայլվիր ու հատուկ շնորհ մը ունին միշտ. իր ձայնը արծաթի հնչյունը ունի. թրթռալով սրտերու մեջ։ Ամենքը լուռ իրեն կունկնդրեն. ահա մեծ դերասանուհին ինքը, այնպես, ինչպես ըսած էին մեզի թիֆլիսցիք. իր արվեստը օրինակած բան մը չունի, ամեն բան իրեն հատուկ է։
Գրիգոր Զոհրապ
  • Կա մի բան, որ տիկին Սիրանույշին տակավին ամբողջ գլխով բարձր է պահում խմբից- նրա սքանչելի առոգանությունը, արտասանությունը և ձայնը։ Այս մի խոշոր առավելություն է։ Ոչ ոք չգիտե հայ լեզուն այնքան նուրբ արտասանել և մինչեւ անգամ գեղեցկացնել, որքան տիկին Սիրանույշը։
Ալեքսանդր Շիրվանզադե
  • …Հանձին նրա մենք ունենք ոչ միայն մի ընդհանրապես շնորհալի դերասանուհի, այլ լուրջ ու տաղանդավոր դերասանուհի… Հավանորեն նա ապագայում մի փայլուն անուն կստեղծի հայ թատրոնի պատմության մեջ։
Ավետիք Արասխանյան
  • «Սիրանույշը այնպիսի դերասանուհիներից է, որոնց կարելի է մատով ցույց տալ ամեն մեկ բեմի վրա։
Սպանդար Սպանդարյան
  • …Սիրանույշ բեմի վրա իր ֆիզիկական լիաձիր գեղեցկությամբը և ձայնին ու ժեստերուն շնորհալի ազատությունովը կտիրե բեմին, զայն մեկեն կարծես կլեցնե՝ երբ կերեւա։ Ձայնը միշտ նույն համակրելի, նվագահունչ ձայնն է, որուն հիշատակը դեռ կթրթռա պոլսեցիներու ականջին[4]։
Վահան Թեքեյան
  • …Սիրանույշի հմայքը բացառիկ էր. հավասարը չուներ. առանձնապես հմայիչ էին նրա հայերենը և ձայնը. աստվածային, ինչպես կասեին հները։
Սիրանույշի դերերից շատերը հիացրել են ինձ իրենց նրբին ու ճշմարտացի կատարումով։ Բայց նրա ոչ մի դերակատարումը այնպես չի ցնցել ինձ, ինչպես Մեդեան։ Թատրոնը քարացած հետևում էր դերասանուհու յուրաքանչյուր շարժումին, խոսքին, հայացքին, իսկ բեմը սասանում էր այդ առյուծ կնոջ ոտքերի տակ։ Դա խաղ չէր, այլ մի մոլեգին տարերք, որի մեջ կար և՛ վիրավորված մեծ սեր, և՛ անհագուրդ կիրք, և՛ վրեժխնդրության ծարավ, և՛ մի դաժան իրականություն, որ Սիրանույշը շոշափելի էր դարձնում իր գերազանց խաղով։ Մարդկային այն հզոր կրքերի խտացումը մի կնոջ խաղի մեջ թե՛ ահավոր էր, և թե՛ ապշեցնող։
Ստեփան Զորյան
  • …Սիրանույշը այն մեծատաղանդ արտիստուհիներից էր, որոնց արվեստն ուսալի է, և որոնց խաղը ծնում է բարձր մտքեր։ Սիրանույշը դրամատիկ և տրագիկ դերասանուհի էր։ Բարդ, կնճռոտ խնդիրներ, անելանելի հոգեվիճակ, պայքարի անհրաժեշտություն, կործանման անխուսափելիություն, կրքերի տիրապետություն, բողոք, տանջանք, մրրկահույզ ընթացք-ահա Սիրանույշի շտրիխները։
Մինչև հիմա դեռ ականջիս մեջ է նրա կրծքային սոպրանոն, սրտից եկող ձայնը, որ չեմ ուզում ասել գեղգեղուն էր, խուսափելով այդ մաշված և արտաքին հատկություններ պարունակող բառից-ձայնը, որ շատ հազիվ զգալի դողում էր ամենաբնական ու անկեղծ զգացմունքից։
Միշտ ջերմ էր նա, լինի դա սառը, լավ է ասել՝ զուսպ իշխանուհու մեջ, թեև իշխանավորական, հրամայողի դերում, ինչպես Զեյնաբն է։ Նա ջերմ էր թե´ սիրո, խանդաղատանքի, իղձերի լցված ժամին և ատելության, վրեժխնդրության, բողոքի և ցասման մեջ։ Ամեն մի խոսքի, վարմունքի, ամեն մի արտահայտման մեջ Սիրանույշը չէր կորցնում կենդանի մարդու այդ ջերմությունը։ Եվ այդքան ջերմ սիրտ ունեցող մարդը բեմի վրա, այդքան զգացմունքներով հարուստ հոգեկան կյանքով ապրող մարդը որքա~ն միաժամանակ ներդաշնակ էր, գեղարվեստորեն ինքնիշխան, հպարտորեն զուսպ։ Զուսպ, բայց երբեք սառն, երբեք անտարբեր։ Սիրանույշն ապրում էր, այրվում, երբեմն՝ բոցավառ, երբեմն՝ մեղմ, երբեմն՝ մոխիրների տակին՝ միշտ անմար։
Դերենիկ Դեմիրճյան
  • …Վերջին անգամ խաղացել եմ Սիրանույշի հետ 17 թվին և 25 տարի է անցել այդ ժամանակից, սակայն նրան կարծես այսօր էլ կենդանի տեսնում եմ իր ձևերով, քայլվածքով ու շարժումներով, հիշում եմ յուրաքանչյուր նախադասության ինտոնացիաները և եթե հնարավոր լիներ խոսքի մելոդիան նոթագրել, ես կկարողանայի այդ անել առանց մի ձայնանիշում անգամ սխալվելու, այնքան խորն է և ուժեղ իմ հիշողության մեջ նրա խաղարկությունը։
Արուս Ոսկանյան
  • …Բախտ չեմ ունեցել տեսնելու աշխարհահռչակ արտիստուհիներ Երմոլովային և Ֆեդոտովային, Էլեոնորա Դուզեին ու Սառա Բեռնարին, և դժբախտաբար չեմ կարող համեմատություններ անել նրանց ու տիկին Սիրանույշի միջև։ Սակայն եթե նրանք էլ օժտված են եղել նույնքան, որքան տիկին Սիրանույշը և նույնքան վարպետությամբ մշակել ու օգտվել են իրենց արտիստական տվյալներից, ապա տիկին Սիրանույշի հետ նրանք ևս բեմական կիսաստվածներ են եղել…
Վաղարշ Վաղարշյան
  • …Ամենից առաջ պետք է հիշել նրա երաժշտական աննման ձայնը, որ այնպես խորն էր թափանցում հանդիսականի հոգու մեջ։ Երբեմն շշուկով արտասանած բառը նրա բերանից այնպես մելոդիկ էր հնչում, որ կարծես ջութակի լարին քնքուշ մատներով կպար…այնքան ներդաշնակ, այնքան ականջ շոյող, անույշ ձայն ուներ նա։ Դրան հակառակ՝ ցասումի ու զայրույթի բարձր տոներն այնպես ահեղ, սարսռեցնող էր, որ կարծես կատաղած վագրի մռնչյուն էր ժայթքում ու էլեկտրականացնում ողջ դահլիճը…
Իսկ նրա դիմախաղը, նրա խոշոր աչքերի աննման լուռ խաղը, որի հայացքի մեջ այնքան տարբեր հույզեր էին արտացոլվում։
Նա արտաքինով գեղեցիկ չէր, ոչ էլ այնքան բարեձև կազմվածք ուներ։ Բայց երբ բեմ էր դուրս գալիս, ողջ բեմը լցվում էր ինչ-որ հրապուրիչ ջերմությամբ։ Հապա նրա պարզ ու հստակ առոգանությունը, նրա գեղեցիկ հայերեն լեզուն, որից և ոչ մի բառ, ոչ մի հնչյունը չէր կորչում, ինչքան էլ մեծ մոնոլոգ ասեր ու ցածր տոնով խոսեր։
Ես մինչև այսօր հայ բեմի վրա դեռ չեմ լսել Շեքսպիրն այդպես տրամաբանորեն ու գեղեցիկ հայերենով արտասանող, ինչպիսին Սիրանույշն էր։
Երաժշտական ձայնի, հարուստ միմիկայի և հստակ ու պարզ առոգանությունից բացի, հասարակությանը գլխավորապես հրապուրում էր նրա անսպառ զգացմունքով լի խորը խաղը։ Նա կլասիկ և մեծ դիապազոնով դերասանուհի էր։
Օլգա Գուլզանյան[5]

Աղբյուրներ

խմբագրել
  1. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 95. ISBN 99930-2-276-4. 
  3. Բախտիար Հովակիմյան, Սիրանույշի ասույթներն ու բնութագրումները, Երևան, 2007, էջ 11, 13, 15
  4. Բախտիար Հովակիմյան, Սիրանույշի ասույթներն ու բնութագրումները
  5. Սիրանույշ, Նամակներ


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սիրանույշ հոդվածը նաև Վիքիպեդիայում: