Կոմիտաս

հայ քահանա, երաժշտագետ և կոմպոզիտոր

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26, 1869հոկտեմբերի 22, 1935), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։

Կոմիտաս Վարդապետ

Քաղվածքներ

խմբագրել
  • Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից[1]։
  • Ժողովրդի երգեցողությունն ունի ինքնուրույն դպրոց, ուր դաս են առնում ամենքը, ամեն ժամանակ, երբ կարիք են զգում[1]։
  • Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին[2]։
  • Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը[2]։
  • Հայ ժողովրդի զավակնե՛ր, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք[3]։
  • Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի[4]։

Քաղվածքներ Կոմիտասի մասին

խմբագրել
 
Կոմիտաս Վարդապետ, հեղինակ՝ Փանոս Թերլեմեզյան, 1913
  • Անձնական նկարագիր․ միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես... Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի։ Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել։
Գարեգին Լևոնյան
Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր... Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր։ Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ։ Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը։ Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան։ Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիված ճեմարանի մեծեն ու փոքրեն։
Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ։ Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում։ Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»...:
Հրաչյա Աճառյան
  • Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր։ Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր։ Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում։
Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով։ Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ։
Փանոս Թերլեմեզյան
  • Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը... Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային... Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը։
Ավետիք Իսահակյան
  • Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի ոճական անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է շրջանցել այն, դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը։ Ես միշտ գերված եմ եղել և գերված կմնամ Կոմիտասի երաժշտությամբ։
Արամ Խաչատրյան
  • Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (Փարիզ, 1906) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ։ ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ[5]։։
Լուի Լալուա[6]
  • Ես զարմանում եմ, որ 25 տարի սրանից առաջ փոքրիկ Հայաստանը տվել է մի Կոմիտաս, որի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կառուցվածքի և արժեքի տեսակետից հազիվ կարելի կլիներ սպասել Ռուսաստանի խոշոր կենտրոններում ապրող նույն ժամանակի ամենահայտնի ռուս կոմպոզիտորներից։
Միխայիլ Գնեսին
  • Հայ ժողովրդական երգը, հանձին Կոմիտասի, գտել է իր ամենացայտուն վարպետին։ Նա ուսանելի է շատ տեսակետներից։ Եվ հայ երաժշտության զարգացման նախանձախնդիր ամեն ոք նախ պետք է լիովին ուսումնասիրի և հասկանա Կոմիտասին և ապա միայն սկսի ստեղծագործել[5]։։
Թոմաս Հարտման
  • Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկությունը անդիմադրելիորեն կլանում է ինձ։
Երբ լսում եմ Լոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա։ Ես պապակ շուրթերով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից։ Ինչքա՜ն անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ[7]::
Արամ Խաչատրյան
  • Կոմիտասը վեմն է հայ երաժշտության, հիմնաքարը։ Կոմիտասը այն իմաստուն ստղծագործողն է, որ մեծապես հասկացավ ժողովրդական աղբյուրների կենսալից ուժը և իր նյութը վերցրեց այնտեղից։ Եվ այսօր Կոմիտասն այն երաժիշտը չէ, որին մենք սոսկական «արժանավորների հարկը» մատուցանելու համար միայն հարգանքի խոսք ասենք։ Այսօր արդեն պարզ է ամեն երաժշտի համար, որ մեր ժողովրդական երգի վրա հիմնվող նրա երաժշտությունը Կոմիտասից է սկսվում[7]։
Դերենիկ Դեմիրճյան
  • Կոմիտասը աննման վարպետ է. նրա դաշնակումը աներևակայելի դժվար ու գունավոր է. նրա մեներգերի ու խմբերգերի շարահյուսումները անկարելի է գերազանցել[7]։
Ա. Մելիշար (գերմանացի երաժշտագետ, խմբավար)
  • Կոմիտասը՝ այդ ամենատաղանդավոր երգահանը, ժողովրդական ստեղծագործության անխոնջ հավաքողը, մեզանից յուրաքանչյուրի համար կարող է լինել իր ժողովրդին, իր արվեստին բոլորանվեր ծառայելու, կյանքի, մարդու նկատմամբ սիրո օրինակ[7]։
Դ. Կաբալևսկի
  • Զարմանում եմ Կոմիտասի արտակարգ ընդունակությունների վրա։ Շատ լավ իմանալով ժողովրդական երգը՝ նա այդ երգերը ներդաշնակել է հազվագյուտ ճաշակով և ճշտորեն։ Բոլոր այն երգերը, որոնք ես անձամբ եմ լսել Կոմիտասից և կամ ուսումնասիրել եմ, ամենից առաջ ապացուցում են, թե եզակի մի դեմք է՝ որպես ներդաշնակող և որպես պոլիֆոնիստ[8]։
Վ. Եգոն (Վիեննայի համալսարանի դասախոս)
  • Անցյալ երեկո Ալհամպրայի վրա հայ ժողովրդի հոգին էր, որ ամբողջովին թրթռաց, մի հոգի, որը համակ եռանդ է, որին ոչ մի ուժ չի կարող բանտել կամ մարել։ Գիշերային սարսուռի մեջ ներդաշնակ խոսքեր, ժողովրդի զգացմունքներովն արյունած ու շառագույն իջնում են խազ առ խազ, մի ժողովրդի, որն իր հպարտությունը պահում էր և իր փոքրիկ համայնքից իսկ ճոխություններ էր պարգևում մարդկությանը[5]։
Ժ. Սիտաու
  • 1914 թ. Փարիզի երաժշտական կոնգրեսում, ուր հավաքվել էին աշխարհի գլխավոր երաժշտագետները, Կոմիտասը հայ ժողովրդական ու հոգևոր երգերից մի համերգ տվեց՝ հիացնելով ներկա եղեղ կոմպոզիտորներին։
Ժողովրդական երաժշտությունը, ինչպես և արորի, խոփի, գութանի երգերի մասին տված դասախոսությունները, պիտի ասել, համագումարի նիստերից թանկագինը եղան։ Երբ Կոմիտասը դաշնամուրի մոտ նստեց՝ մեղմորեն երգելու հայկական երգ, ունկնդիր հասարակությունը քարացած մնացել էր լուռ, և այնտեղ տիրեց այն վեհապանծ հմայքը, այն գերագույն պարզությունը, որ բխում է հայկական երաժշտությունից[9]։
Ֆ. Մակլեր (Սորբոնի համալսարանի պրոֆեսոր)
  • Կոմիտասի ծառայությունները հայ երաժշտությանը հսկայական են։ Նրա գեղեցիկ ստեղծագործությունները դուրս եկան իր հարազատ Հայաստանի սահմաններից, դարձան համաշխարհային երաժշտական մշակույթի հպարտությունը։ Կոմիտասը ոչ միայն մեծ կոմպոզիտոր է։ Նա նաև ականավոր երաժշտագետ է, հիանալի ազգագրագետ և այս բնագավառում նրա ծառայությունները դժվար է գերագնահատել։
Սովետական երաժիշտները, երաժշտասերները, սովետական ժողովուրդը սրբությամբ են հարգում Կոմիտասի հիշատակը։ Սովետահայ կոմպոզիտորներն իրենց ստեղծագործություններում հետևում են ու կհետևեն Կոմիտասի հիանալի ավանդույթներին։
Նրա երաժշտությունը ապրում է և հավերժ կապրի սովետական մեծ երաժշտության հետ[10]։
Դմիտրի Շոստակովիչ
  • Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում միասին։ Բայց այդ թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասը ինձ համար լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում։
Ավետիք Իսահակյան[11]
  • Ես հավատում եմ հայ երաժշտության ապագային, որովհետև մի ազգ, որ ստեղծած է հայ երգը, մի ժողովուրդ, որի ձեռքն է եղած Պարսկաստանի երաժշտական կյանքը, մի ժողովուրդ, որ երաժշտական անցյալ է ունեցած, ապագայում աշխարհին պիտի ընծայի մի շարք մեծ անուններ։ Այդ անունների մեջ առաջինը կլինի, անշուշտ, Կոմիտասի անունը։
Թովմաս Հարտման[12]

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146. 
  2. 2,0 2,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 120. ISBN 99930-2-263-2. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 175. ISBN 99930-2-263-2. 
  4. Գայանե Դանիելյան (2011-03-31)։ Կոմիտասագետը վերծանել է Կոմիտասի խազագրությունները։ Վերստացված է՝ 2011-12-27։
  5. 5,0 5,1 5,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 139։
  6. Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ
  7. 7,0 7,1 7,2 7,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 138:
  8. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 138-139։
  9. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 139-140:
  10. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 140:
  11. Հայ արվեստի նշանավոր գործիչներ, Կոմիտաս, կազմող` Ն. Վիրաբյան
  12. Հայ արվեստի նշանավոր գործիչներ, Կոմիտաս, կազմող` Ն. Վիրաբյան


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կոմիտաս հոդվածը նաև Վիքիպեդիայում: