Շագրենի կաշին
վեպ
«Շագրենի կաշին» (ֆր.՝ La Peau de chagrin), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպը, որն ընդգրկված է «Մարդկային կատակերգություն» վիպաշարում։ «Շագրենի կաշին» վեպը պատկանում է Բալզակի փիլիսոփայական ստեղծագործությունների շարքին։
Քաղվածքներ
խմբագրել- Կարեկցությունն այն զգացումն է, որը մարդն ամենից դժվարն է հանդուրժում, հատկապես երբ արժանի է կարեկցության։
- Ես կենտրոնացրել եմ իմ կյանքը ոչ թե սրտի մեջ, որ փշրվում է, ոչ թե զգայարանների մեջ, որոնք բթանում են, այլ ուղեղի մեջ, որը չի մաշվում և բոլորից երկար է ապրում։
- Մարդը անդունդների վրա պարող խեղկատակ է։
- Մարդը ուժեղ է, երբ գիտակցում է իր թուլությունը։
- Այն կինը, որը ձեզ հետ է, այլևս գոյություն չունի ձեզնից դուրս, այդ կինը պատկանում է ձեզ, կազմում է ձեր մի մասը. դավաճանել նրան, նշանակում է վիրավորել ինքներդ ձեզ։
- Ցանկանալը մեզ այրում է, իսկ կարողանալը՝ մեզ խորտակում, բայց գիտենալը մեր թույլ կազմվածքին հնարավորություն է ընձեռում մնալու մշտախաղաղ վիճակում։
- Ամբողջ կյանքը նվիրել ատելի մի էակի, մեծացնել երեխաներ, որոնք ձեզ լքում են, ասել՝ «Շնորհակալ եմ», երբ նրանք խոցում են ձեր սիրտը. ահա այն առաքինությունները, որոնք դուք պատվիրում եք կնոջը։ Հիանալի՜ կյանք… Ավելի լավ է ազատ մնալ, սիրել ուզածի չափով ու մեռնել երիտասարդ։
- Մենք իրավունք ունենք թողնելու այն կնոջը, որը վաճառվում է, բայց չի կարելի լքել աղջկան, որը հանձնվում է մեզ՝ չհասկանալով իր զոհաբերության հետևանքները։
- – Ես կփափագեի իմանալ, թե դու երբևէ մտածու՞մ ես ապագայի մասին,- ասաց Էմիլը այդ սիրուն էակին։
- – Ապագայի մասի՞ն,- կրկնեց աղջիկը ծիծաղելով:- Ի՞նչն եք դուք համարում ապագա։ Ինչու՞ ես մտածում այն բանի մասին, որը դեռ գոյություն չունի։ Ես ոչ առաջ եմ նայում, ոչ ետ։ Մի՞թե արդեն չափազանց հոգս չէ ներկա օրվա մասին մտածելը։
- Բոլոր հիվանդների նման նա մտածում էր միմիայն իր հիվանդության մասին։
- Յուրաքանչյուր հիվանդության պատճառը պետք է որոնել հոգու, այլ ոչ թե մարմնի մեջ. անհրաժեշտ է բացառապես հոգեկան բուժում, ներաշխարհի խոր ուսումնասիրություն։
- Նա մռայլ և մտացիր է այդ ծիծաղկոտ հասարակության մեջ. շարունակ մտածում է իր ճակատագրի, իր հիվանդության մասին։ Նա նման է մի ժայռի, որ անզգա է ալիքների և գգվանքների, և մոլուցքների նկատմամբ։
- Միտքը բոլոր գանձերի բանալին է, նա ձեզ տալիս է ժլատի բոլոր ուրախությունները, բայց առանց նրա մտահոգությունների։
- Մարդ կարծում է, թե կատարելագործել է այն, ինչը միայն տեղաշարժել է։
- – Ա՜հ, եթե դու իմանայիր իմ կյանքը։
- – Ա՜հ, բացականչեց Էմիլը:- Ես չէի կարծում, որ դու այդքան ռամիկ ես։ Չէ որ դա մշակված խոսք է։ Մի՞թե դու չգիտես, որ յուրանքանչյուր ոք կարծում է, թե ինքը ուրիշներից շատ է տառապել։
- Մշտապես պայքարելով ինքն իր հետ, իր հույսերը կորցնելով վերահաս աղետներից և փրկություն որոնելով իրեն չպատկանող ապագայի հույսերի մեջ, մարդ իր բոլոր արարքների մեջ ցուցաբերում է անհետևողականություն և թուլականություն։ Այս աշխարհում լրիվ ոչինչ չի իրականանում, բացի դժբախտությունից։
- Փառքը անձեռնտու ապրանք է։ Նա թանկ է նստում և վատ է պահվում։ Մի՞թե փառքը մեծ մարդկանց եսամոլությունը չէ, ինչպես երջանկությունը՝ փոքր մարդկանց։
- Ես չեմ պատկերացնում դրամական գործերի մեջ ազնվություն, առանց մտքերի ազնվության։
- Կրքից և փողից զուրկ մարդը դեռ իր անձի տերն է, բայց սիրահարված չքավորը այլևս չի պատկանում իրեն։ Սերը երկյուղածության զգացում է մեզ ներշնչում մեր նկատմամբ, մենք մեր մեջ հարգում ենք մի ուրիշ կյանք. սերը դառնում է դժբախտություններից ամենասոսկալին։
- Կան անդունդներ, որոնց վրայով չի կարող անցնել սերը, որքան էլ հզոր լինեն նրա թևերը։
- Ինչ-որ մեծ և ահավոր բան կա ինքնասպանության մեջ։ Շատ մարդկանց համար անկումը լինում է ոչ սոսկալի, ինչպես երեխաների համար, որոնք ընկնում են այնքան փոքր բարձրությունից, որ չեն ճմլվում, բայց երբ ջարդվում է մի մեծ մարդ, ապա այդ նշանակում է, որ նա ընկել է մեծ բարձրությունից, որ նա բարձրացել է մինջև երկինք և տեսել ինչ-որ անմատչելի դրախտ։ Անողորմ պետք է լինեն այն ներքին փոթորիկները, որոնք նրան ստիպում են խաղաղություն հայցելու ատրճանակի փողից։ Որքա՜ն երիտասարդ տաղանդներ, ձեղնահարկի խցում ներփակված, միլիոնավոր կենդանի էակների մեջ կորած, ձուլվում ու կործանվում են ոսկուց հղփացած ու ձանձրացած մարդկանց աչքերի առջև, որովհետև չունեն մի բարեկամ, մի սփոփարար կին։ Բավական է միայն այս մասին մտածել, և մենք կպատկերացնենք ինքնասպանության հսկայական չափերը։
- Կյանքի սարսափները անզոր էին ազդելու մի հոգու վրա, որն ընտելացել էր մահվան սարսափներին։
- ․․․ես ամեն ինչ ձեռք եմ բերել, որովհետև կարողացել եմ ամեն ինչ արհամարհել։
- Անձերն ու անցքերը ոչինչ են, քաղաքականության և փիլիսոփայության մեջ կան միայն գաղափարներ ևսկզբունքներ։
- Երբ բռնակալությունը օրենքների մեջ է, ապա ազատությունը բարքերի մեջ է, և հակառակը։
- Գուցե կանայք սիրում են մեր մեջ մի փոքր կեղծավորություն տեսնել։
- Նրանք (կանայք) մեր մեջ սիրում են հենց իրենց։
- Ապրելու համար պատրաստ էի ինձ ենթարկել մեռնելու վտանգին։
- Հավատա՛, եսինձ վրա զգացել եմ, որ ծոմը հրաշալի ազդեցություն է գործում երևակայության վրա։
- Ես հպարտությամբ էի տանում իմ աղքատությունը։
- Ով գեղեցիկ կյանք է գուշակում իր համար, նա իր թշվառ կյանքում քայլում է այնպես, ինչպես անմեղը մահապատժի գնալիս՝ նա չի ամաչում։
- Արցունքները, որ ես տեսա հորս աչքերում, այն ժամանակ ինձ համար հարստությունից ամենագեղեցիկն էին, և այդ արցունքները հաճախ ինձ սփոփանք ծառայեց թշվառության մեջ։
- Կանայք, իրենց մտքի ինչ-որ առանձնահատկությամ, սովորաբար տաղանդավոր մարդու մեջ տեսնում են միայն նրա թերությունները, իսկ հիմարներըի մեջ՝ միայն նրա արժանիքները․ նրանք մեծ համակրանք են տածում հիմարի արժանիքների նկատմամբ, քանի որ դրանք շոյում են իրենց սեփական թերությունները։
- Ես չեմ հասկանում այն սերը, որը թշվառության մեջ է։
- Մենք երբեք փողի պակասություն չենք ունենում մեր քմահաճույքները բավարարելու համար, ժլատանում ենք միայն օգտակար և անհրաժեշտ բաների համար ծախսելիս։
- Երբ սերը շատ երկար է մնում պլատոնական վիճակում, դառնում է կործանարար։
- Հուսահատության մեջ ընկած տղամարդը հաճախ սպանում է իր սիրուհուն։
- Որտեղ թագավորում է թշվառությունը, այնտեղ այլևս գոյություն չունի ոչ ամոթ, ոչ ոճիր, ոչ առաքինություն, ոչ բանականություն։
- Աշխարհն այնպիսի կեղտոտ, այնպիսի այլանդակ կողմեր ունի։
- Թշնամիներն ինձ համար նույնքան կարևոր են, որքան բարեկամները։
- Ամուսնությունը մի խորհուրդ է, որի մեջ մենք հաղորդակցվում ենք միայն վշտերի հետ։
- Ֆրանսիայում 100 000-ից ավելի պաշտոն կա, իսկ ես միայն մեկ կյանք ունեմ։ Մարդու կյանքն ավելի թանկ է, քան աշխարհի բոլոր պաշտոնները․․․
- Մի ամբողջ կյանք կա մի ժամվա սիրո մեջ։
- Անպատիժ կերպով խրոխտացող իշխանությունը մոտ է կործանման։
- Գիտությունն ընդարձակ է, իսկ մարդկային կյանքը՝ շատ կարճ։ Հետևաբար, մենք չենք կարող հավակնել ճանաչելու բնության բոլոր երևույթները։
- Բարձր հասարակությունն իր միջից արտաքսում է տարաբախտներին այնպես, ինչպես քաջառողջ մարդն է իր մարմնից վանում հիվանդության սաղմերը։
Աղբյուրներ
խմբագրել- Օնորե դը Բալզակ, Երկերի ժողովածու 10 հատորով, «Մարդկային կատակերգություն», 1-ին հատոր, Երևան, 1956։
- Բալզակ Օ․ - Երեսնամյա կինը, Շագրենի կաշին։ Վեպեր; [Ֆրանս․ թարգմ․ Լ․ Մարությանը, Ատ․ Տայանը] - Երևան։ Նաիրի, 1992․ 528 էջ