Սասնա ծռեր

հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ
(Վերահղված է Սասունցի Դավիթ էպոսից)

«Սասնա ծռեր», հայ ազգային էպոս՝ դյուցազնավեպ, ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ «Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»[1]։

«Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակել են XVI դարի պորտուգալացի ճանապարհորդներ Տենրեյրոն և Աֆոնսոն։ Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և 1874 թվականին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», 1889 թվականին հրատարակել է Մանուկ Աբեղյանը (ասացող՝ մոկացի Նախո քեռի)։ Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով։ 1939 թվականին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին։

Քաղվածքներ «Սանասար և Բաղդասար» ճյուղից

խմբագրել
 
  • Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.
Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,
Ի՞նչ բան է, որ ես իմ աղջիկ տամ քեզ։
Ես իմ աղջիկ չեմ ի՛տա քեզ։
Խալիֆան ասաց.— Գագի՛կ թագավոր,
  • Կռապաշտ թագավորն ասաց.
— Ջա՛նըմ, ես հետ քեզ կը հաշտըվիմ.
Հետ քեզ պայման կը կապենք։
Դու քո աղջիկ տուր ինձ,
Ես էլ քենե հարկ չեմ ուզի.
Իմ անուն քո աղջըկան վերա ըլնի,
Ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, բավ է։
  • Սանասար մեկ սիլա կպցուց դահճի էրեսին.
Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ։
Մեկէլներ որ տեսան, թողին փախան։
  • Սանասար էդտեղ էրդում արեց.
— Հացն ու գինին, տեր կենդանին.
Էդ ջրի ակ որտեղ էղավ,
Էրթանք, էնտեղ մեր տուն շինենք,
Էնտեղ, ջրի վերան շենլիք շինենք։
  • Սանասար էնքան զորեղ էր.
Որ օր տասըն տան տեղ կը փորեր,
Էն մեկէլն էլ զփետեր կը բերեր.
Ու բանվածքըն էրկուսով կը շինեին։
  • Քանց էդա ավել էլ ի՞նչ անուն։
Որ դու ասիր՝ սասուն քարեր,
Քարե սան սուն եք զարկե,
Մեր բերդի անուն էդավ Սանսուն,Սասուն։
Մեր տան անուն՝ Սասնա տուն։
Ու էն բերդի անուն կոչվավ Սասուն,
Էն տան անուն մնաց Սասնա տուն։
  • Բաղդասար էլավ, զիր կին առավ, գնաց Բաղդադ,
Սանասար մնաց Սասուն։
Բաղդասար անորդի մնաց։
Սանասարին, աստված էտու,
Լաճ մի էլավ, անուն էդին Վերգո։
Քանի մի տարի վերա անցավ,
Սանասարին էրկու տղա էլ էլավ,
Մեկի անուն էդին Ձենով Հովան,
Մեկի անուն՝ Մհեր։

Քաղվածքներ «Մեծ Մհեր» ճյուղից

խմբագրել
  • Բաղդադու Խալիֆային մոտիկ մա՛րդ մի կար.
Մըսրա Մելիք անունով մա՛րդ մի կար։
Մըսըր էնոր ձեռն էր– Մելիք Մըսըր կը նստեր։
Էն իմացավ Սանասարի մեռնել,
Էլավ, էկավ վեր Սասնա,
Խարջ ու խարաջ կապեց Սասնա քաղքին։
  • Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան,
Յոթ շենք էղավ իր բոյ։
  • Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։
Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ,
Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
Արե՛ց էնոր էրկու կտոր։
Մեկ դրեց ճամփու էս դին, մեկէլ՝ էն դին։
  • Ասաց.— Թե ես մեռնեմ՝
Զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի.
Թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։
Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։
Մատներ կտրին, արուն արնի խառնեցին,
Պայման դրին, էղան աղբեր։
Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց.
Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։
  • Ժամանակ մի վրա անցավ, Մըսրա Մելիք մեռավ։
  • Իսմիլ Մհերից մնաց էրեխով,
Ղսրըղներ Քուռկիկ Զալալուց բռնեցին։
  • Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով։
  • Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ,
Արմաղանին տղա էլավ։
Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։
Տղան որ տուն բերին,
Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան, մեռան։

Քաղվածքներ «Սասունցի Դավիթ» ճյուղից

խմբագրել
  • Իսմիլ խաթուն Դավթի վերա շատ խնդացավ։
Զծիծ էտուր Դավթին։
Դավիթ էնոր ծիծ վերուց։
Ժամանակ մի Դավիթ ծիծ կերավ։
Օր մէլ Դավիթ էնոր ծիծ չըծըծեց։
  • Իսմիլ խաթուն ասաց.— Դավիթ, տըղա,
Ուղարկեմ քեզ՝ կ’էրթա՞ս Սասուն քո հրողբրանց։
— Հրողբե՞ք ունիմ,— ասաց— ինչի՞ չեմ է՛րթա։
  • Քարայրի բերնից Դավիթ էն ժայռ վերցուց, քցեց,
Առավ Քեռի Թորոս, Ձենով Հովան, Վերգո,
Մըտավ մեջ քարայրին։
  • Հրողբոր կնիկ ասաց.– «Տանեմ, գյուխ լվամ,
Դավիթ գա՝ ջո՛ւր լցի վեր իմ գլխուն.
Որ Դավիթ իմ մարմին տեսնա՝
Էնոր սիրտ տի մեղավորնա,
Տի գա հետ իմ ձեռաց»։
  • Դավիթ մըզրախ քաշեց ու ընկավ մեջ,
Էդ զորք բոլոր ջարդ ու փշուր արեց։
Զժողովուրդ, կնիկ, աղջիկ,
Քաղքեն տարած ալան-թալան հետ դարձուց...
  • Դավիթ քշեց, գնաց, ասաց.
— Ջանըմ, ես տի խաբա՛ր անեմ ու նո՛ր տէրթամ։
Գնաց, էլավ Լեռա սարի գլուխ, կանչեց.— «Էհե՜յ*,
Ով քընած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
Ով թամբեր է՝ զենքե՛ր կապեք,
Ով կապեր է՝ էլե՛ք, հեծեք.
Չ’ասեք Դավիթ գող գող էկավ,
Գող-գող գընաց»։
  • Ձենով Հովան էլի՛ քնավ։
Մեկ է՛լ էրազ տեսավ.
Մըսրա աստըղ շա՛տ էր պայծառ.
Սասնա աստըղ խավարե՛ր էր, հա՛, կը հանգչեր։
  • Էրկու գիշեր ու էրկու օր էդ թոզ կանգնեց Դավթի վերա։
Մելիք ասաց.– Դավի՛թ, հալա կենդանի՞ ես,
Հող էիր, քեզ հող դարձուցի։
Դավիթ ասաց.– Մելիք, կենդանի՛ եմ.
Էսիկ էրկու, մեկ էլ զարկի։
  • Կըտրեց քառսուն ջաղացի քար,
Կըտրեց քառսուն գոմշու կաշին,
Կըտրեց հըրեշ Մըսրա Մելքին,
Կըտրեց ճակտից, ոտքերուց դուրս էլավ
Ու յոթ գազ էլ մտավ գետին,
Գնաց հասավ սև ջուր։
  • Դավթի արած կտրճություն ամեն տեղ պատմեցին,
Ասին.— Դավիթ իր հոր ուխտ արավ՝
Մըսրա Մելիք սպանեց,
Սասուն ազատեց։
  • Դավիթ էլավ, գնաց Խանդութի սենեկ։
Ինչ աչք ընկավ, Խանդութին տեսավ,
Դե՛, ջահել տղա էր, չդիմացավ,
Ձեռ թալեց, զԽանդութ խանում կիք մի գրկեց,
Թև էթալ վիզ, ճակատ պագեց,
Սիրտ չըհովացավ.
Մեկ էլ՝ էրես պագեց,
Էլի սիրտ չըհովացավ...
  • Յոթ տարին լրացավ, Դավիթ չէկավ։
Մհեր իր մորն ասաց.
— Ի՛մ մեր, իմ հեր ո՞ւր է.
Էրեխեք ինձի կ’ասեն՝
Դու հեր չունես, բիճ ես,
Ինձի հեր չկա՞, էրթամ ետև.
Իմ հեր ո՞ւր է գնացե։
Մերն ասաց. — Քո հեր Դավիթն է.
Գնացե Գյուրջիստան էրկիր,
Քառսուն փահլևաններուն պսակի, գա.
Մեկ ոսկե բազբանդ էլ տվե,
Քո հրամանքն էր շատ.
Հրաման էնես՝ Գաբրիել հրեշտակ վար իջներ,
Հեր, տղեն մե-մեկից հետ կտրեր»։
  • Լացեց, հասավ Դավթի ձեռք պագեց, ասաց.
— Իմ հեր դո՞ւն ես, ես քե մեղա։
Դավիթ կանչեց, ասաց.
— Մհե՛ր, որ դու հետ ինձի կռիվ արիր,
Ինձի ամանչեցրիր,
Կանչեր եմ քաղցրիկ աստված,
Անմահ ըլնիս, անժառանգ։
  • Չուր Չմշկիկ Սուլթան կը գար,
Էնոր աղջիկ առավ նետ-աղեղ,
Էկավ էդ էղեգներու մեջ, պահ մտավ։
Դավիթ որ լողանալու հետ էր,
Էդ աղջիկ գողտուկ էլավ՝
Թունավոր նետով էզար Դավթին,
Որ էզար մեջքին, ծակեց,
Սրտեն ինի էտու դուրս։

Քաղվածքներ «Մհեր Փոքր» ճյուղից

խմբագրել
  • Մհեր էլավ, Թուր Կեծակին քաշեց,
Գնաց խառնվավ զորքին.
Աջու էզար, ձախու էզար,
Ո՛չ զորք թողեց, ո՛չ զորական,
Ինչ որ կար, բոլոր կոտորեց, ասաց.
— Էս իմ հոր փոխ։
  • Մհեր գնաց, էն քառսուն փահլևանի քուր՝
Մարդակեր պառավին գտավ,
Մեկ ճըլխտրիկ էզար, գլուխ թռուց...
  • Մհեր էլավ, էբարձ Գոհարի մարմին,
, տարավ Սասնա տուն.
Էկավ, տեսավ՝ հրողբեր մեռած.
  • Էդ քարին Վանա քար կ’ասեն։
Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին,
Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։
Թուր որ էզար քարին,
Քար էրկու կողմեն փեղկվավ,
Ինք, իր ձին գնացին մեջ.
Քար էկավ, իրար կպավ։
Քեռի Թորոս կսկծուց մեռավ,
Որ իմացավ Մհերի փակվել։

Քաղվածքներ «Վերջերգ» բաժնից

խմբագրել
  • Հովիվ ներս կը մտնի, կը տեսնի՝
Հսկա մարդ մի էդտեղ նստած.
Հովիվ կը հարցու.
— Մհե՛ր, դու ե՞րբ տ’էլնիս էդտեղեն։
Մհեր կը դառնա՝ կ’ասի.
— Ես որ էլնեմ էստեղեն,
Հողն ինձ չի պահի։
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխրքին ես չեմ մնա։

Ծանոթագրություններ

խմբագրել


Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սասնա ծռեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: