«Ծառերը», Հրանտ Մաթևոսյանի վիպակներից։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ասում եք սեր, ասում եք սիրում ենք։ Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք – դուք վախենում եք ատելուց։ Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքով նայել ու ատել – հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն։ Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի – տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ ձեզ թող զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն։
  • Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա։ Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում։ Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում – իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից։ Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին։ Դու լավը չես։
  • ....Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն։ Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս։ Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է։ Քոնը խիղճ չի, խեղճություն է։
  • Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է։ Էծը թուփ – գելը էծ։ Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը, ո՞րն ես։ Կա՛մ – կա՛մ։
  • Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Հրանտ Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990։
  • Հրանտ Մաթևոսյան, Ծառերը, Երևան, 1978։