Հրաչյա Քոչար

հայ արձակագիր, խմբագիր

Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, 19 հունվարի, 1910 — 2 մայիսի, 1965), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար)։

Քաղվածքներ

խմբագրել
  • Միշտ ուժեղ է այն գրողը, որի ստեղծագործությունը համահնչյուն է ժողովրդական լայն զանգվածների ոգուն, ով կարողանում է գտնել բոլորի որոնած խոսքը, բոլորի երազած գույները[1]։
  • Բանաստեղծը պետք է ունենա ոչ միայն ազնիվ սիրտ, անկեղծ ու բուռն զգացմունքներ, համակված լինի մեծ գաղափարներով, այլև պիտի լինի խոսքի հմուտ վարպետ, որպեսզի ուժեղ թափով արտահայտի իր բուռն զգացմունքներն ու գաղափարները։ Այս միտքը հաճախ կրկնել է Չարենցը[2]։
  • Բովանդակության թափ և հղկված ու ներդաշնակ ձև՝ այդ բովանդակությունն արտահայտելու համար։ Սա եղել է ամեն արվեստագետի մշտական ձգտումը[2]։
  • Ամեն գրականության հիմնական ու առաջնահերթ խնդիրն ու սրբազան պարտականությունն իր ազգային կյանքի գեղարվեստական պատկերումն է, գրողին խորապես հարազատ միջավայրի գեղարվեստական նկարագիրը։ Դա է ժողովուրդների ու ազգերի մշակույթների փոխադարձ մերձեցման ճանապարհը, և այդ ճանապարհով է ամեն գրականություն մտնում համաշխարհային մշակույթի գանձարանը[2]։
  • Գրականությունն այն ասպարեզն է, որ կարող է մտնել միայն «մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով» մարդը։ Ամեն մի խորհրդային գրող հնչեղ մի զանգ պիտի լինի։ Այդպես են եղել բոլոր ռուս առաջավոր գրողները[2]։
  • Գրականությունը ժողովրդի հոգու պատկերն է։ Այդ պատկերը կարող է լինել գունատ ու դալուկ, եթե վարպետի ձեռքը չի տիրապետել վրձնին։ Եվ նա կարող է խոսել ժամանակակիցների և ապագա սերունդների հետ, եթե պատկերը նկարվել է ճշմարիտ արվեստագետի աջով[2]։
  • Խորհրդային գրականության առավելություններից մեկն էլ այն է, որ նա բազմազգի է, որ նրա մեջ տարբեր ժողովուրդների գրականությունները լրացնում են իրար, նկարում են պատմական իրականության տարբեր գույներն ու երանգները՝ ստեղծելով դարաշրջանի և նրա բուռն կրքերի ավելի լրիվ պատկերը[3]։
  • Գրական հրապարակախոսական միտքը կոչված է օգնելու ընթերցողին, որ նա տարբերի արվեստը սուռոգատից։ Իսկ նա կարող է անել այդ միայն այն դեպքում, եթե իսկապես զգաստ հետևի մեր գրականության զարգացմանը և գնահատի այն ԳՈՐԿԻԱԿԱՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԳՈՐԿԻԱԿԱՆ ՍԻՐՈՎ[4]։
  • Մեր գրականությունը Հոկտեմբերի առաջին օրերից հեղափոխության ու ժողովրդի կամքով ստացել էր կատարյալ ազատություն՝ ծառայելու ժողովրդին, արտահայտելու նրա կյանքն ու երազանքը, նշավակելու հինը՝ ստրկությունն ու ստորին բնազդները, երգելու և փառաբանելու աշխատավոր մարդուն ու նրա ստեղծագործ աշխատանքը, ազնիվ զգացմունքներ հարուցելու մարդկանց մեջ, լինելով ժողովուրդների բարեկամության և նրանց համար երջանիկ կյանք դարբնելու քարոզիչը։ Այդպիսի ազատության մասին էին երազել անցյալի գրողները[4]։
  • Կարճ ասած գրողն ազատ է վեհացնելու մարդկանց հոգին և ազատ չէ այլասերելու նրանց, ազատ է ոգեշնչելու նոր աշխարհի ստեղծարարներին և ազատ չէ վհատեցնելու նրանց, վախեցնելու դժվարություններից, ներարկելու նրանց մեջ հուսալքություն ու պեսիմիզմ[4]։
  • Գրողին իրավունք է տրված լինելու ապագայի հոյակապ շենքի շինարարը և թույլ չի տրվում նրան կառուցողների ոտքերի առաշ կոշտեր նետել։ Այդպես է սովետական գրողի ըմբռնումն ստեղծագործական ազատության մասին[4]։

Քաղվածքներ Հրաչյա Քոչարի մասին

խմբագրել
  • Խորապես կենսական մի առանձնահատկություն ունի մահը. կյանքից հեռացած մարդը իրենից հետո դատարկ է թողնում այն տեղը, որը նա ունեցել է ժամանակակիցների շրջանում և այդ դատարկ մնացած տեղը անսպասելիորեն, մեծագույն հստակությամբ բացահայտում է, թե իր ժամանակի համար ինչ է եղել այդ մարդը։ Նրա կերպարը միանգամից ամբողջանում է, դառնում է ավարտուն, որպիսին չի լինում մարդը մինչև իր մահը։ Այն լցվում է նոր, այս անգամ արդեն անմահ կյանքով։
Այսպես եղավ և Հրաչյա Քոչարի՝ կենդանի և ուժեղ, կենսախինդ արիությամբ ու տաղանդով առլեցուն մարդու և գրողի հետ։ Նա հեռացավ և մեզ համար բացահայտեց այդ տեղը, որ ուներ նա հայ հասարակության, հայ գրականության մեջ, իր ժողովրդի կյանքում։ Եվ պարզվեց՝ շատ նշանակալից տեղ է դա, որը ժամանակակիցներին պատգամում է կարևոր, սովետական ամեն մի ստեղծագործողի և հայ երիտասարդության դաստիարակության համար անհրաժեշտ հատկանիշներ։
Այդ հատկանիշներն ինձ պատկերանում են որպես նախ՝ արիություն, երկրորդ՝ բառի և մտածողության ճշգրտություն, և երրորդ՝ հարազատ ժողովրդի հանդեպ տածած սեր[5]։
  • Կյանքին պարզած արիություն, երկչոտությունը երբեք չհանդուրժող, հարկավորն անելու արիություն, թեկուզ տվյալ պահին դա հակառակ լինի հոսանքին, ինքն իրեն չխաբելու և միշտ ճշմարտության աչքին նայելու արիություն։ Ճշգրտություն, որ զերծ է գրականության մեջ կյանքը խեղաթյուրելու՝ լավը կամ վատը չափազանցնելու պայմանական կեղծիքից. այդ ճշգրտությամբ են աչքի ընկնում հայ կենցաղը պատկերող նրա հրաշալի պատմվածքները, որոնցում նա նուրբ ու անխարդախ ռեալիզմով, սիրով ու հումորով պատկերել է հայկական քաղաքի փոքր, սովորական բնակիչների կյանքը[5]։
Մարիետա Շահինյան
  • Նա այնտեղ էր, երբ մանկավարժական ինստիտուտի ուսանողությանս առաջ ամբողջ երեք ժամ շարադրում էր, ուղղակի շարադրում էր (ի՜նչ հիանալի պատմող էր) Մերձավոր Արևելքի հայ գաղթօջախներում իր շրջագայությունը. ապրելու հզոր կերպ կա. դա իր հաղթանակներին ու պարտականություններին տեր կանգնելու, պատվով ապրելու և՛ խելացի, և՛ զուսպ, և՛ գործնական ծրագիր էր։
Նա մեկ և նույն ուխտատեղին էր վերադառնում էր երբեմն անցյալից, երբեմն ապագայից, ավելի հաճախ՝ ներկայից։ Կողմերն ու ժամանակները նա փոխում էր. մերձեցման կետը՝ երբեք։ Բազմանդամ, բազմաժամանակ ու բազմահնար՝ նա նույն Քոչարն էր՝ կռվից ուշացած հայդուկը՝ անելանելիության մեջ կաշկանդված իր շատ կարճ կյանքով[6]։
  • Նա կապանքները մի անգամ նույնիսկ փշրեց, հիանալի «Կարոտի» նախրապան որպես խփեց անցավ սահմանը՝ «հեղ մը երթալու տեսություն մըր սարերուն ու ձորերուն». դա խելահեղություն էր, այդպես խելահեղվում է վանդակված ազատը, բայց խելահեղությունը նույնպես ելք էր՝ գոնե գրական. վերադարձավ արդեն ի մեջ մարդկան պարտված և իրեն տվեց հանդի ծաղկին ու խոտին, իր ցավը նրանց է պատմելու կամ նույնիսկ նրանց չի պատմելու, լռելու և ցավից հլու կծկվելու է։ Դա նույնպես իրողութուն է, բայց դա արդեն Հրաչյա Քոչարը չէր։
Ինքը զորեղ մարդ էր, իր նայած կողմը մեզ համար դառնում էր նայելիք կողմ, ինքը կարողացավ իր հույսերն ու վիշտը մեզ պարտադրել[7]։
Հրանտ Մաթևոսյան
  • Քոչարին և ընդհանրապես որևէ գրողի չի կարելի ժամանակից և տարածությունից, հայրենիքից և պատմությունից դուրս պատկերացնել։ Քոչարն իր անձով ու գործով միաձույլ՝ որոշակի ժամանակի և որոշակի միջավայրի մեջ բարձրանում է իբրև գրանիտե կարծրությամբ մի կոթող՝ անհողդողդ կանգնած ամեն տեսակի տարերքների առջև։ Նրա անունն ու լավագույն գործերը հավերժ կապրեն մեր ժողովրդի սրտում[7]։
Հրաչյա Հովհաննիսյան
  • Լուսակերտի ամառանոցից սիրում էր նայել դիմացը վեր ելնող Գութանասարին և լուռ խոկալ։ Ի՞նչ էր մտածում՝ չգիտեմ, բայց ես մտածում եմ, որ մի Գութանասար էլ ինքն էր։ Մի ժամանակ գործող հրաբուխ էր եղել այդ լեռը և ժայթքել է կրակ ու բոց։
Վաղուց է հանգել Գութանասարը։ Բայց, դե, տե՛ս՝ ինչեր է թողել մարդկությանը. հրաբխային մոխիր, որ հաց է տալիսՀրազդանի հողագործին, վարդագույն տուֆ, որով պալատներ է կառուցում մեր դարի մարդը, քարացած լավա՝ մեր աննման բազալտը, պատվանդան է դառնում մեր հուշարձաններին, կամուրջներին, շենքերին։ Այդ ամենը տվել է Գութանասարը՝ իր երբեմնի հուզումներով, ընդվզումներով...
Հրաբխի նման հանգավ այդ մեծ հոգին, ինչպես Գութանասարը մի ժամանակ։ Եվ նրա նման հարուստ շինանյութ թողեց մեր ժողովրդի հոգևոր կառույցների համար[8]։
Վախթանգ Անանյան
  • Նրա մեջ կար ավելի գունեղ և զորավոր մի բան։ Դա կենդանի մարդն էր, կենդանի Հրաչյան՝ իր անսպառ ու սրամիտ պատմություններով, իր երփնավառ խոսքով, իր անկոտրում ոգով։ Նա գիտեր ծիծաղել և ծիծաղեցնել, խարազանել, սաստել ու թևավորել։
-Փայլուն մարդ[1]։
  • Իմ սեղանի վրա է նրա վերջին ժողովածուն՝ «Սպիտակ գիրքը»։ Հայ ժողովրդի նվիրական ձգտումներով ու հույսերով է լուսավորված այդ ժողովածուն։ «Նահապետն» ու «Կարոտը» մեր հոգևոր մշակույթի մեջ կմնան իբրև գեղարվեստական ճշմարիտ խոսքի անմոռաց կոթողներ։ «Սպիտակ գիրքը» մեր Հրաչյայի զորեղագույն խոսքն էր, վերջին հսկայական շունչը[1]։
Նաիրի Զարյան
  • Տաղանդավոր գրող լինելուց բացի՝ տաղանդավոր խառնվածք էր։ Հավաքույթների հոգին էր ու ոգին, զրույցի անգերազանցելի վարպետը։ Խելացի էր, ուժեղ, հեռատես, խորաթափանց։ Զինված էր գիտությամբ, փաստերով, երկաթյա տրամաբանությամբ։ Եվ այս ամենով կոտրում, ծունկի էր բերում իր ընդդիմախոսներին, հիացնում, կապում իր հետ անթիվ, անհամար զբաղումի, տարբեր շրջանակի մարդկանց։
Ժողովրդի հասարակ զավակն էր նա, դարձավ ժողովրդի բարձր գրողը[1]։
Սիլվա Կապուտիկյան

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 124։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 125։
  3. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 125-126։
  4. 4,0 4,1 4,2 4,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 126։
  5. 5,0 5,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 122:
  6. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 122-123:
  7. 7,0 7,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 123:
  8. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 123-124:
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հրաչյա Քոչար հոդվածը նաև Վիքիպեդիայում: