Վարդանանք
«Վարդանանք», Դերենիկ Դեմիրճյանի՝ Վարդանանց պատերազմին անդրադարձող վեպն է։ Վեպում արտացոլված է պարսկական տիրապետության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարը։
Վեպի մասին
խմբագրել- Եվ ես երգեցի-ուժեղ, թե թույլ՝ հոգ չէ (не беда!)-Վարդանանց երգը, որ ես նվիրաբերում եմ բոլոր ազատագրված, ազատագրվող և ազատագրության դաշտին ոտը դնելուն սպասող բոլոր ժողովուրդներին...
- Վեպը բնութագրվում է ռազմական կրակով, յուրաքանչյուր էջից վրնջում են նժույգները, կորովի երիտասարդները պատրաստ են կռվել և զոհվել հայրենիքի համար...
- «Վարդանանք» պատմավեպը,- ռազմաճակատի առաջին գծից հեղինակին գրում էին ռազմիկները,- ոգեշնչեց մեզ։ Յուրաքանչյուր ազատ ժամ նվիրում ենք նրա ընթերցմանը։ Սիրով և հիացմունքով ենք մենք ընդունում ձեր հերոսների՝ Վարդանի, Արտակի, Արծվիի, Արսենի խոսքերը։ Նրանք մարտնչեցին և ընկան հանուն ժողովրդի ազատության ու երջանկության և ժողովուրդը հավերժ կհիշի նրանց անունները[1]։
- Մկրտիչ Սարգսյան
- Հայրենասիրական բոցաշունչ այս վեպը [«Վարդանանք»] Դեմիրճյանը գրեց իր ծեր հասակում է զարմացրեց ընթերցողներին իր երևակայության ճոխությամբ, իր զգացմունքների թարմությամբ, իր զարմանալի երիտասարդությամբ[2]։
- Պատմության ողբերգական փոթորիկների միջով ընթացող ժաղովրդի հանդեպ հավատն է, եթե կարելի է այսպես ասել, «Վարդանանքի» գաղափարական-գեղարվեստական առանցքը։ Գրված լինելով Հայրենական Մեծ պատերազմի հրաշունչ տարիներին՝ նա կանգնում է ոչ միայն և ոչ պարզապես այն ստեղծագործությունների շարքում, որոնք մարդկանց գիտակցության մեջ կենդանացնում էին մեծ նախնիների կերպարները, օտարերկրյա զավթիչների դեմ անձնուրաց պայքարի հայրենասիրական օրինակները, նա այսօր էլ գտնվում է մեր բազմազգ սովետական գրականության գեղարվեստական ակնառուստեղծագործությունների շարքում, գտնվում է լիակատար իրավունքով՝ մարդու վրա իր բազմակողմանի ներգործությամբ, իր բազմակողմանի բովանդակությամբ, որը ճանաչված է իսկական հայրենասիրության, սովետական ինտերնացիոնալ արվեստագետի հայրենասիրության գաղափարով[1]։։
- Յու. Սուրովև
- Եվ այդ մեծ երկունքից ծնված «Վարդանանքը», որի նման գրքեր ստեղծելը գրողի համար հավասար է բախտորոշ ճակատամարտ շահող զորավարի սխրագործության և դյուցազուն զավակ ծնող մոր երախտիքին[2]։
Քաղվածքներ
խմբագրել- «Զինվորյա՜լ»... Դա ինքնակամ ուխտ էր՝ կանգնել ի մահ թշնամու դեմ, նրան անպատճառ հաղթելու վճռով, հաշվի չառնելով ո՛չ նրա ուժը, ո՛չ դիմադրությունը, ո՛չ այդ կռվում իր անձի վտանգը, ո՛չ մահը, և կոխելով անցնելով մահը՝ նա այլևս անսանձ էր, հանդուգն, ահավոր, նա արդեն իրենից դեն էր շպրտում երկյուղ, անհամարձակություն, չէր ենթարկվում ո՛չ իշխանի, ո՛չ արքայի, կանգնում էր ի մահ նրանց դիմաց, խոսում էր բացեիբաց ճշմարտությունը, խարազանում ամեն անիրավություն, բռնություն։ Նրան հակաճառելը, բռնադատելը, անգամ ոչնչացնելը օգուտ չուներ. նա կռվում էր մինչև հաղթանակ։ Իսկ զինվորագրվում էր նա՛ միայն, ով հաստատ վճռում էր պաշտպանել արդարությունն ու ճշմարտությունը՝ ընդդեմ անիրավության և բռնության։ Չարաշահել իր զինվորագրման իրավունքը ոչ ոք չէր համարձակվի, քանի որ զինվորագրվում էր անշուշտ միմիայն իր մեջ մի վեհ և սուրբ վճիռ կայացնողը, մեծ գործին նվիրվածը[3]։
- -Վիրավոր ես՝ մեղավոր ես, բարեկա՛մ, ի՞նչ ասեմ. պատիժդ ստացել ես[4]։ - Վարդան Մամիկոնյան
- -Հույսդ ծով արա. փակված դռան բացվել կա,- ասաց Աստղիկը[5]։
- ....Մի վայրկյան առաջ քեզ անծանոթ էակը, որի գոյությունն անգամ չես կասկածել՝ հանկարծ դառնում է այնքան թանկ ու մտերիմ, որ չես հասկանում, թե ինչպե՜ս կարելի է ապրել առանց նրան[6]։
- -Սե՜րը։ Ժամանակին պիտի տեսնես և որսաս։ Պահը թռավ, սերն էլ ձեռիցդ կգնա, ինչպես այծյամն է։ Սիրո մեջ մարդը որսորդ է։ ....Որ փախցրիր՝ ամենաանշնորհք մարդն ես և բանաստեղծների ծիծաղին արժանի[7]։ - Վախթանգ
- Նայեց Արսենը սև անապատի կողմը և մտովի տեսավ հպարտ, ինքնասեր Մասիսը, որ ազատության նշանաբանն է իր հայրենիքի։ Նրանից են սովորում իր հայրենիքում մարդիկ բարձր բռնել գլուխը[8]։
- Չէր շտապում նա՝ ժամանակը, չէր էլ դանդաղում։ Նա թռչում էր, երբ մե թվում էր, թե նա դանդաղում է, մեկ՝ որ թռչում է։ Մարդիկ էին, որ չէին տեսնում նրա գաղտնի ընթացքը։ Նա դավադրորեն ծածկում էր ապագայի վարագույրը։ Բոլորը ժամանակին էին նայում, իսկ նա ոչ ոքի չէր նայում[9]։
- Մենք՝ մենք չենք... Մենք մեզ չենք ճանաչում։ Չենք սիրում, չենք հարգում։ Չունենք ազգի հպարտություն։ Մենք արհամարհում ենք մեզ, օտարն էլ է մեզ հետևում- նա էլ է արհամարհում։ Մենք քծնում ենք օտարին, որ մեզ սիրի, բայց ավելի է ատում նա, որովհետև քծնողներին ատում են։ Վախենում ենք արժանապատվություն ցույց տալ, վիրավորել օտարին։ Այդպիսի ստրկահոգի նախարարները չարիք են...
- -Ինչպե՞ս են համարձակվել հայրենին ուրանալ։ Հայրենին նրա համար է, որ մարդ չուրանա[10]։ - Գեդեոն
- ․․․տղա՛յք… ահա ձեզ հայրենիքի զինվորները. Մենք սրանց կթողնենք հիմա օտար աշխարհի հողի մեջ….– հուզմունքը խեղդում էր նրան,– եղբայրնե՛ր… Մենք կռվում ենք հայրենիքի ազատության համար։ Մենք զինվոր ենք։ Շատ անգամ եմ ես զինվորին ուղարկել մահվան։ Ի՛նքս մահ շատ եմ տեսել։ Զինվորը լաց չգիտե։ Բայց ես ահա ձեր առջև լաց եմ լինում… Կնոջ պես… Սրանց մայրերի տեղ… Սիրտս է կտրատում, որ սրանց պետք է թողնենք օտար երկրում… որ արժանի չեղան տեսնելու հայրենիքը։ Հանեցե՛ք հայրենի հողը, ցանեցե՛ք սրանց սրտին, թող հանգիստ քնեն, աչքերը չմնան մեր հետևից…
- Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահություն[11]։
- Մի՞թե կկորչեր ժողովուրդը։ Ո՛չ։ Ժողովուրդը կմնար՝ շարունակելով պայքարը։ Այսպես է ապրել ժողովուրդը։ Ժողովրդի կյանք - դարերի կյանք. կապրեր դարեր և սերունդ-սերունդ պայքարելով կտաներ հետը ազատության խորհուրդը և մի օր մի տեղ կհասցներ իրեն ազատության հանգրվեն, այն սերունդը կապրեր իր հին պապերի դարավոր անվերջ պայքարի գնով՝ նրանց փոխարեն։ Ահա ժողովրդի կյանքը և նրա խորհուրդը[12]։
- -Արյու՜ն չես թափում, արյու՜ն,- կշտամբող ձայնով ասաց Գադիշոն,- մի լա՜վ արյուն, որ... Ահա քո հանցանքը։
- -Արյուն թափեցի Անգղում...
- -Ուշացա՜ր։ Սակա՜վ էր։ Ակամա՜ էր։
- -Ավերակների՞ն թագավոր դառնամ... Ողջ Հայոց աշխա՞րհը կոտորեմ...
- -Ո՛ղջ Հայոց աշխարհը... Զարմացրի՞ր։ Մտել էս աշխարհակալության խաղ` խաղա նաև արյան հետ։
- Վասակը դառնորեն ժպտաց.
- -Արյան հետ խա՜ղ... Իսկ չի՞ լինի, որ այդ արյունը մնա մարդկանց մարմնի մեջ, և խաղը անենք խաղաքարերի հետ...
- -Բացի արյան ապացույցը ուրիշ ոչ մի փրկություն չունես։ Արյունը պիտի վկայի անմեղությունդ, արյան պիտի հավատան վերջը։ Եթե ոչ` ասյ խարդավանքների խաղում տանուլ կտաս։
- Վասակը երկար ու դառնորեն մտածեց.
- -Ուրեմն ես դավաճա՞ն եմ։ Հայրենիքի դավաճա՞ն...[13]:
- Մոգպետը սակայն դեռ չէր ուշաբերվել։ Նա ցնցվեց, նախանձահույզ նայեց տոկացող շինականներին և խանդեց նրանց ոգեկան արիության։ Նա հասկանում էր, որ գանահարվող այս մարմինների մեջ կա մի անընկճելի ոգի, որ ահա չի բեկվում։ Դա հուսահատիչ էր։
- -Անիծյալ սե՜ր, որին ոչ մի բան չի հաղթում...-մռմռաց Վախթանգը[14]։
- -Կռենք դաշինք, եթե հավատում ես դաշինքին,- ծիծաղեց Աթըլը,- ահա դաշինք ունենք մեր աշխարհի հողմերի հետ, որ քշում են ավազը, ավազն էլ մեզ, մենք էլ կամձեզ կամ Բյուզանդին։ Ամենքը ամենքի թշնամին են, հա՛, հա՛, հա՛։ Ապա՞։ Մենք էլ ունենք մեր թշնամին. ամենաուժեղից ամենաուժեղը։ Ավազը, նա էլ մեզ է դուրս անում։ Գնա՛մ, դաշինք կռիր հետը[15]։
- -Ասված է՝ բոլոր Հայոց աշխարհի կանայք պիտի դառնան հայրենիքի զինվորյալներ, տիկիններն ու օրիորդները պիտի ռամկանան։ Հիմա ամենքը ռամկանում են, որ ուժ տան ռամկին, որ ռամիկը ազատի աշխարհը։ Ռամկանում են նախարարները, սեպուհները։ Բոլո՜րը, բոլո՜րը։ Մենք էլ ենք ռամկացել[16]։ - Ողիմպիա Խորխոռունի
- Հայրենիքի կյանքն ենք փրկում։ Ամենաթանկը... սա կյանքի՛ գործ է։ Սատանան անգամ, եթե Հազկերտի թշնամին է, իմ բարեկամն է[17]։ - Վարդան Մամիկոնյան
- -Ես չեմ պահանջում, որ նրանք զորք ունենան, լինեն ուժեղ, մեծ ազգ, չեմ պահանջում, որ օգնեն մեզ, չեմ պահանջում, որ սիրեն մեզ։ Բայց այդ գոռոզությունը, այդ անկոտրում առավելությունը մեր վերաբերմամբ, այդ խոսելու ձևը, հավակնությունը... Դա է անտանելին, դա է ուտում ինձ... ի՞նչ ունեն, ինչո՞վ են մեծ, ի՞նչն է այդ գոռոզության հիմքը[18]։ - Պերոզ
- -Չլինե՜ր ներհակությունը մեր և վարդանանց, ի՜նձ հետ լիներ նա արյաց դեմ՝ այդ կատաղի ցուլը կտեսներ, թե որքան Վարդանի գոռոզությունը՝ նաև իմ գոռոզությունն է։ Վարդանը կործանում է տանում երկիրը, Վարդանը ինձ հետ չէր թագավորության ձգտման մեջ, այլապես Վարդանը իմ ցեղն է...[19] - Վասակ
- Թագավորություն ես ուզում, առանց թագավոր լինելու մեջդ։ Թագավորը մորթում է, ջարդում, ոչնչացնում. թագավորը ոտնատակ է տալիս մարդու ամեն ինչը՝ խիղճը, պատիվը, հպարտությունը, գութը... Իսկ դու՞... Թագավորը ծախում է իր երկիրը, ժողովուրդը... Այո՜, տեր մարզպան, այո՜, տեր իմ արքա... Եվ ես այսպես եմ խոսում հետդ, որովհետև գիտեմ, որ դու կարող ես մտադրվել, բայց չես կամենում։ Արյուն չես ուզում թափել առատորեն, մինչ պետք էր թափել հեղեղներով[20]։ - Գադիշո
- -Պետության մարդը զավակ չունի... Վճռել ես, որպես թվում է ինձ՝ արքայական գահ բարձրանալ։ Գահը սանդուղի աստիճաններ չունի։ Բարձրանում են զավակների, ծնողների, ժողովուրդների դիակների վրայով։ Այնքան էլ քաղցր չէ գահը...[21] - Միհրներսեհ
- Բոլոր հնարքներից մե՛կն է միայն մեր ձեռքին - տալ թշնամուն անսպասելի։ Այդ մտքով էլ գալիս էի ճանապարհին։ Գազանին խոցել, ո՛չ սպանել։ Այո, տյարք, նրան սպանելը վեր է մեր ուժերից։ Կարեվեր խոցումն, հանկարծ, արագ, անհնարին ուժով։ Խոցել նրան ի մահ այստեղ, քաշվել և գցել հետևը... Թող գա մեր հետևից արյունաքամվելով[22]։ - Վարդան Մամիկոնյան
- Վարդանը, անշուշտ, չպիտի կարողանար հաղթահարել պարսից ուժերի կուտակումը նրա աջ թևում։ Դա գիտեին երկու կողմը ևս։ Վարդանին ջախջախելու համար բավ էր այդ ուժերի մի քառորդը։ Անշուշտ, Վարդանը «իրեն գցեց ծուղակը»։ Նրան սանձահարելը պարզից պարզ էր և դյուրին։ Սակայն թշնամու համար զայրալին այն էր, որ այդ պարզն ու դյուրինը խճճվեց ու դժվարացավ, և Վարդանը խլեց մարտի ձեռներեցությունը[23]։
- Մենավոր մի դամբարան է ծածկում իր տակին ամփոփված մի հոգու հավերժական հանգիստը։ Ասում են Վարդանն է այդտեղ։ Ճշմարի՞տ է դա - դժվարին է ասել։ Բայց դաշտավայրի վճիտ լռության մեջ երբեմն կլսես մի կոկորդային մեղեդիի մեղմաձայն գեղգեղանք։ Դա մի վանական է թերևս, կամ այլ անցորդ, կամ մի խումբ մարդիկ։ Այդ մեղեդին երգվում է այն պահին, երբ ոտը դնում են Ավարայրի դաշտավայրը։ Դարերի հին երգն է դա վարդանանց նվիրված։
- Ահա այդ հավերժական երգի մեջ են արդեն ճշմարտորեն ամփոփված Վարդանը և վարդանանք[24]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 93։
- ↑ 2,0 2,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 92։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 157-158։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 21։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 213։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 73։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 277։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 288։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 300։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 541։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 564-565։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 749։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 776։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 784-785։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 798։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 872։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 884։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 885։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 887։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 888։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 941։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 959։
- ↑ Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք, Երևան, 1987, էջ 977: