Անծանոթուհու նամակը
Ստեֆան Ցվայգի նովելը
«Անծանոթուհու նամակը» (գերմ.՝ Brief einer Unbekannten), Ստեֆան Ցվայգի նովելը[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Թույլ տուր, սիրելի՜ս, պատմել քեզ ամենը, ամենասկզբից, նվիրիր ինձ տասնհինգ րոպե և լսիր համբերատարությամբ նրան, ով համբերատարությամբ սիրել է քեզ ամբողջ կյանքում։
- Դու գիտես, թե ինչ հետաքրքրասեր են մարդիկ, ովքեր ապրում են փոքր, նեղ աշխարհում։
- Առաջին վայրկյանին ես միանգամից զգացի այն, ինչը քո մեջ բոլորին միանգամից հիացրել է քո երկակիությունը. դու` թեթևամիտ, խաղով ու արկածներով տարված մի երիտասարդ, իսկ միևնույն պահին՝ քո արվեստում խիստ, պարտքին հավատարիմ, անսահման կարդացած և կրթված մարդ։ Ես հասկացա, ինչպես հասկանում էին բոլորը, որ դու ապրում ես երկու կյանքով` լուսավոր, վառ կողմով այն արտաքին աշխարհին է միտված, իսկ մյուսը` մութ, որ միայն դու գիտես։ Սա խորը երկատվություն է, և քո կեցության այդ գաղտնիքը ես` տասներեք տարեկան աղջնակս, բացահայտեցի առաջին իսկ հայացքից։
- Ես ընդամենը տասներեք տարեկան էի, և չգիտեի, որ անհագ հետաքրքրասիրությունս, որով ես հետևում էի քեզ, սեր է։
- Այդ վայրկյանից ես քեզ սիրեցի։ Ես գիտեմ, կանայք հաճախ են ասում այս բառերը քեզ գոհացնելու համար։ Բայց, հավատա՛ ինձ, ոչ ոք քեզ այսպիսի ստրկային նվիրվածությամբ չի սիրել, ինչպես այն արարածը, որը ես եղել եմ ու մնացել եմ միշտ քեզ համար, որովհետև ոչինչ աշխարհում չի կարելի համեմատվել երեխայի սիրո հետ` այնպես մաքուր, անաղարտ, այնպես հնազանդ և փխրուն. այն երբեք պահանջկոտ չի լինում` գուցե անգիտակցաբար, բայց մեծ կինը փոխադարձություն է պահանջում։ Միայն երեխաները կարող են պահել իրենց մեջ կիրքը, մյուսները իրենց զգացմունքները պատմում են ընկերուհիներին, խլացնում են սիրելիին խոստովանություններով, որովհետև նրանք հաճախ են լսել ու կարդացել սիրո մասին և գիտեն, որ սիրուց չի լինում փախչել։ Նրանք գլուխ են գովում, ինչպես երեխան տիկնիկով, ինչպես տղան իր առաջին ծխած սիգարետով։ Բայց ես, ես չունեի ոչ ոք, ում կարողանայի վստահել, ոչ ոք չէր զգուշացնում ինձ, ես անմեղ ու անփորձ էի։ Ես ընկա ճակատագրիս մեջ ինչպես անդունդը։ Դու ամենինչ էիր ինձ համար։
- Փոքրիկս երեկ գիշերը մահացավ, հիմա ես նորից մենակ կլինեմ, եթե ինձ ճակատագրով նախատեսված է դեռ ապրել։ Վաղը կգան օտար, սևազգեստ մարդիկ, ովքեր կբերեն դագաղը, կդնեն դրա մեջ իմ փոքրիկին, իմ խեղճ, իմ միակ երեխային։ Գուցե գան ընկերներս ու բերեն ծաղկեպսակներ, բայց ի՞նչ են նշանակում ծաղիկները դագաղի մոտ։ Ինձ կսկսեն մխիթարել, ասել ինչ-որ բառեր, բառեր, բառեր, բայց ինչո՞վ կօգնեն ինձ դրանք։ Ես գիտեմ, որ միևնույն է մենակ եմ մնալու։ Չէ՞ որ չկա ավելի սարսափելի բան, քան մենակությունը մարդկանց մեջ։
- Չկա ավելի սարսափելի բան, քան մենակությունը մարդկանց մեջ։
- Որքան փոփոխական է կնոջ դեմքը տղամարդու համար, ավելի հաճախ այն միայն հայելի է, որն արտահայտում է այն կիրքը, այն մանկական խենթությունը, այն հոգեկան ծարավը և հալվում է, կորում հիշողությունից այնքան հեշտ, ինչպես հայելու արտացոլանքը. այդ պատճառով էլ տղամարդը դժվար է ճանաչում կնոջը, եթե տարիները փոփոխել են նրա դեմքի լույսի խաղն ու շողքը, եթե հագուստները նոր կաղապար են ստեղծել նրա համար։
- Իրականում իմաստուն է նա, ով տրվում է ճակատագրին։
- Ես գիտեմ, որ կանայք սովորաբար թաքցնում են տրվելու պատրաստակամությունը, նույնիսկ եթե թաքուն այրվում են ցանկությունից, խաղում են վախ կամ ընդվզում և տեղի են տալիս միայն համառ խնդրանքներից, հավաստիքներից, երդումներից ու սուտ խոստումներից հետո։ Ես գիտեմ, որ գուցե միայն նրանք, ում համար սերը արհեստ է, միայն անառակներն են պատասխանում միանգամից համաձայնվելով նման հրավերին կամ էլ շատ երիտասարդները, ընդհանրապես անփորձ աղջիկները։
- Ների՛ր խղճուկ վիճակս, ների՛ր ինձ։ Ես գիտեմ, դու հոգուդ խորքում բարի ես ու հասկացող, դու յուրաքանչյուրին օգնում ես, օգնում ես անծանոթ մարդկանց, բոլորին, ով դիմում է քեզ։ Քո բարությունը յուրահատուկ է. այն բաց է բոլորի համար, և յուրաքանչյուրը կարող է վերցնել այնքան, ինչքան կտեղավորվի ձեռքերի մեջ, բայց, ների՛ր ինձ, այն ալարկոտ է, այն սպասում է հիշեցման, խնդրանքի։ Դու օգնում ես, երբ քեզ կանչում են, օգնում ես ամոթից, թուլությունից, բայց ոչ երբեք օգնելու ցանկությունով։ Դու՛, թույլ տուր անկեղծ ասել, մարդ ես կարիքի ու ցավի։
- Մահվան շեմին չեն ստում։
- Մարմինս սուրբ էր թվում ինձ այն օրվանից, ինչ դու հպվել էիր ինձ։
- Աղքատին բոլորը տրորում են, ստորացնում, այս աշխարհում նա միշտ զոհ է։
- Լավը չի մոռացվում։
- Ինչու՞ չերազեմ մահվան մասին, երբ մահացած եմ քեզ համար, ինչու՞ չհեռանամ, երբ դու հեռացել ես ինձանից։
- Ամեն տարի, քո ծննդյան օրը դա այն օրն է, երբ մտածում են քո մասին։