Ընթերցողը
«Ընթերցողը» (գերմ.՝ Der Vorleser), գերմանացի իրավաբան, գրող Բերնհարդ Շլինկի բեսթսելլեր վեպը, որը լույս է տեսել 1995 թվականին և թարգմանվել 45 լեզուներով։ Վեպը հայերեն է թարգմանվել 2012 թվականին։ Թարգմանիչ՝ Գայանե Գինոյան[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Դժվար է գնահատել տարիքը, որը դեռ չես անցել, և որին նոր պետք է հասնես։
- Ջերմությունը (տենդը), որը թուլացնում է ընկալելու ունակությունը և սրում երևակայությունը, հիվանդասենյակը դարձնում է նոր, ծանոթ ու միաժամանակ օտար տարածություն. հրեշները ցույց են տալիս իրենց կերպարանքները վարագույրների և պաստառների նախշերում, իսկ աթոռները, սեղանները, գրադարակները և պահարանները, իրար վրա դարսվելով, լեռներ, շենքեր կամ նավեր են դառնում, որոնք շատ մոտ են և միաժամանակ շա՜տ հեռու։ Գիշերային երկար ժամերին հիվանդին ուղեկցում են եկեղեցու զանգակատան ժամացույցի զարկերը, երբեմն անցնող մեքենաների գվվոցը և նրանց լուսարձակների արտացոլանքը, որը շոշափելով անցնում է պատերի ու առաստաղի վրայով։ Դրանք ժամեր են, երբ ամեն ինչ հնարավոր է դառնում՝ և՛ լավը, և՛ վատը։ Այն նահանջում է, երբ հիվանդն իրեն լավ է զգում։ Բայց եթե հիվանդությունը շատ երկար է տևել, այդ ժամանակ հիվանդի սենյակը անթափանց է դարձել, և առողջացողն էլ, որն այլևս ջերմություն չունի, կորել է լաբիրինթոսում։
- Եթե ցանկալի հայացքն այնքան վատն է, որքան կրքի բավարարումը, կամ ակտիվ երևակայությունը նույքան վատն է, որքան երևակայած գործողությունը, այդ դեպքում ինչու՞ ոչ՝ բավարարումը և գործողությունը։
- Նա իրեն նորմալ կպահեր, ես ինձ նորմալ կպահեի, և ամեն ինչ կրկին իր տեղը կընկներ։
- Կյանքիս ընթացքում հաճախ եմ ինչ-որ բան արել, որի օգտին չէի վճռել, և չեմ արել մի բան, ինչի օգտին վճռել էի։ Ինչ-որ բան իմ մեջ գործում է ինքնիրեն. գնում եմ այն կնոջ մոտ, որին այլևս չեմ ուզում տեսնել, նկատողություն եմ անում վերադասին, չնայած այդ խոսքերի համար կարող եմ վճարել կյանքովս, շարունակում եմ ծխել, չնայած վճռել եմ թողնել ծխելը այն բանից հետո, երբ հասկանում եմ, որ ինձ վիճակված է մինչև կյանքիս վերջը ծխող լինել։ Չեմ կարծում, որ մտածելը և վճռելը որևէ ազդեցություն չունեն գործելու վրա։ Բայց գործելիս հենց այնպես չի կատարվում այն, ինչ դրանից առաջ մտածել ու որոշել եմ։ Չնայած այն ծագում է անկախ ամեն ինչից, բայց մնում է որպես իմ գործողություն, իմ միտք և իմ որոշում։
- Բոլորի մո՞տ է այդպես։ Երբ երիտասարդ էի, ինձ միշտ կա՛մ շատ վստահ, կա՛մ էլ շատ անվստահ էի զգում։ Կա՛մ ինձ բոլորովին անկարող, անբարետես ու անարժան էի թվում, կա՛մ էլ կարծում էի, թե ինձ մոտ ամեն ինչ լավ է, և ամեն ինչ կստացվի։ Եթե ինձ վստահ էի զգում, ապա հաղթահարում էի ամենամեծ դժվարությունները։ Բայց ամենաչնչին ձախողումը բավական էր, որ մտածեի իմ անարժանության մասին։ Ես ինձնից շարունակ նվաճումներ էի սպասում, ձգտում էի ուրիշների ճանաչմանը, ինչ ամեն հաջողություն խղճալի էր դարձնում։
- Մինչև հիմա էլ կնոջ հետ անցկացրած գիշերից հետո այն զգացումն ունեմ, թե ինձ երես են տալիս, և ես պետք է վարձահատույց լինեմ՝ գոնե փորձելով սիրելով նրան և աշխարհը, որտեղ ապրում եմ։
- Երբեմն հիշողությունը երջանկությանն այլևս հավատարիմ չի մնում, երբ վերջը ցավ է պատճառում։ Մի՞թե երջանկությունը երջանկություն է համարվում միայն այն դեպքում, երբ հավերժական է։ Մի՞թե ցավով կարող է ավարտվել միայն այն, ինչը մինչ այդ ցավոտ է եղել, չգիտակցված ու չընկալված…
- Թախիծը համակում է մեզ, երբ հետադարձ հայացքով նայելիս գեղեցիկ հիշողությունները փշրվում են։ Այդ երջանկությունը պայմանավորված է ոչ թե իրավիճակով, այլ ակնկալիքով, որը չի կատարվել։
- Յուրաքանչյուր ցանկություն, որ մենք փորձում ենք խեղդել, թափառում է մեր հոգում և թունավորում մեզ։
Մենք բաց ենք.
Դու՝ իմ առաջ, ես՝ քո առաջ,
Մենք ընկղմվում ենք.
Դու՝ իմ մեջ, ես՝ քո մեջ,
Մենք կորչում ենք.
Դու՝ իմ եսի մեջ, ես՝ քո եսի մեջ…
Հետո`
ես ես եմ
իսկ դու դու ես…
- Իմ ու Հաննայի աշխարհը ընդհանուր չէր, նա իր կյանքում ինձ միայն այն տեղն էր տվել, որ ուզում էր տալ, և ես դրանով պետք է բավարարվեի։ Եթե ավելի շատ տեղ էի ուզում և ավելի շատ բան էի ուզում իմանալ, ապա դա հանդգնություն էր համարվում։ Երբ միասին առանձնապես երջանիկ էինք լինում, և զգում էի, որ այժմ ամեն ինչ հնարավոր է, և երբ հարցեր էի տալիս, նա միայն խուսափում էր պատասխանից…
- Հաննայի մասին հիշողություններին, իհարկե, հրաժեշտ եմ տվել, բայց չեմ հաղթահարել։ Հաննայինց հետո այլևս երբեք ոչ ոքի թույլ չեմ տվել նվաստացնել ինձ, ոչ ոքի հետ այնպես չեմ վարվել, որ հետո ինձ մեղավոր զգամ, այլևս ոչ ոքի այնպես չեմ սիրել, որպեսզի նրա կորուստից նորից ցավ չապրեմ…
- Եթե գիտես, թե ինչն է օգտակար մարդուն, բայց նա դեռ չի գիտակցում, պետք է փորձես բացել նրա աչքերը։ Պետք է նրան թողնել վերջին խոսքը, բայց պետք է աչքերը բացել։ Պետք է նրան թողնել վերջին խոսքը, բայց անհրաժեշտ է հենց նրա՛ հետ խոսել, այլ ոչ թե նրա թիկունքում՝ մեկ ուրիշի հետ…
- Ինձ թվաց, թե անցյալի հետ պայմանավորվածություն ունեի, որն իրավունք չունի բաց թողնելու։
- Երբ ճիշտ ժամանակը բաց է թողնվում, և մարդուն ինչ-որ բան երկար ժամանակ մերժվում է և տրվում է շատ ուշ, ապա այն, եթե նույնիսկ դժվարությամբ է ձեռք բերվում, պետք է ուրախությամբ ընդունվի։
- Դժվար թե մենք կարողանայինք դեմ առ դեմ կանգնել և չհիշել այն ամենը, ինչ եղել էր մեր միջև…
- Եթե ոչ ոք քեզ չի հասկանում, ապա ոչ ոք չի կարող քեզանից հաշիվ պահանջել։
- Ես սիրում էի նրան։ Ոչ միայն սիրել էի, այլև ընտրել էի նրան։ Փորձում էի ինքս ինձ համոզել, որ Հաննային ընտրելիս ոչինչ չգիտեի նրա մասին։ Փորձում էի ինձ համոզել, որ անմեղության այն վիճակում եմ, ինչպես իրենց ծնողներին սիրող երեխաները։
- Հավանաբար այդպես է ծեր ամուսինների դեպքում. կնոջ հիշողության մեջ ծեր ամուսնու փոխարեն երիտասարդն է պահպանվում, իսկ ամուսնու մեջ՝ ծեր կնոջ փոխարեն՝ երիտասարդ կնոջ գեղեցկությունն ու գրավչությունը։
- Ես արդեն նայում էի Հաննային այն օտարի նման, ով սիրել ու տենչացել էր նրան, և ում լավ էի ճանաչում, բայց այլևս դա ես չէի։ Ես մյուսների հետ կանգնում էի իմ կողքին, դիտում էի ինձ, տեսնում էի ինձ համալսարանում, ծնողների և քույր ու եղբայրների, ընկերների հետ, բայց ներքնապես անմասնակից էի։
- Նա միշտ էր պայքարում և միշտ էլ պայքարել էր, ոչ թե որ ցույց տա, թե ինչ կարող է, այլ որ թաքցնի այն, ինչ չի կարող։
- Եվ եթե հանցագործին դավաճանելը մեղք չի համարվում, այդ դեպքում ես մեղավոր էի, որովհետև սիրել էի հանցագործի։
- Ինչու՞ եմ ես այսպես տխրում, երբ հիշում եմ այն օրերը։ Մի՞թե կարոտում եմ անցած երջանկությունը… Միգուցե տխրությանս պատճառը այն է, ինչ հայտնի դարձավ ավելի ուշ, բայց գոյություն ուներ դեռ այն ժամանա՞կ…
- Ոչ մի կերպ չի կարելի արդարացնել այն, որ ինչ-որ մեկը մյուսի փոխարեն որոշում է, թե ինչն է նրա համար ավելի լավ կամ վատ։
- Մարդը մարդու հանդեպ անտարբեր լինելու իրավունք չունի։
- Ես ուզում էի հասկանալ Հաննային. չհասկանալը նշանակում էր նորից դավաճանել նրան։
- Լավ կրթված, ամեն ինչից տեղյակ մարդ-ահա ժամանակակից իդեալը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրքամոլ Ակումբ. Բաց քննարկում. Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»։ grqamol.am (դեկտեմբերի 17, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 27, 2015 թ․։
Աղբյուրներ
խմբագրել- Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»։ grqamol.am (դեկտեմբերի 3, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 28, 2015 թ․։