Անդրանիկ Մարգարյան

հայ քաղաքական գործիչ

Անդրանիկ Նահապետի Մարգարյան (հունիսի 12, 1951, Երևան - մարտի 25, 2007, Երևան), հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Եթե որևէ նպատակ ես դնում, դրան պետք է հասնել բարոյական կանոնների համաձայն։
  • Պետական բոլոր ծրագրերը, դրանց իրագործմանն ուղղված ցանկացած միջոցառում անհրաժեշտ է դիտարկել մեր ժողովրդին բնորոշ ու նրան բնութագրող բարոյական արժեքների համակարգի վերականգնման, վերահաստատման տեսանկյունից։
  • Պետք է թոթափել կայսրության մեջ ապրողի մտածելակերպը, որևէ մեծ տերության շվաքում գոյատևելու և մեր խնդիրները նրանց ձեռքերով լուծելու ու մեր բաժին պատասխանատվությունից խուսափելու արատավոր հոգեբանությունը։ Կոմնորոշման խնդիր ունենում են այն մարդիկ, այն ուժերը, որոնք չունեն սեփական դիրքորոշում, սովոր են կուշտ ստրկության, ճահճում ապրողի գոհ ու բութ վիճակին, որի դեպքում կարևորը պատասխանատվություն չունենալն է և կյանքից հաճույքներ քաղելը։
  • Սեփական երկրին տեր կանգնելու փոխարեն տեր փնտրողները, պատմության դատին հանձնվելով մշտապես դատապարտվելու են։ Սեփական արժանիքները չգիտակցելը, համաշխարհային գործընթացներում հայոց պատմության արժանի տեղն ու դերը ճիշտ չպատկերացնելը, միջազգային հանրությանն ինտեգրման պրոցեսներն անպայման խամաճիկ դառնալու հետ շփոթողները մերժելի են։
  • Մոտ ու հեռավոր մեր անցյալի հերոսական դրվագների ոգեկոչումը, խոնարհումը հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջև նաև պարտավորեցնում է բոլորիս արժանիորեն շարունակել անկախ պետականության ամրացման հայրենանվեր գործը՝ նոր հաղթանակներ տանելով տնտեսական ոլորտում, հզորացնելով մեր պետությունն ու բանակը, ինչը պատերազմի դաշտում նվաճված հաղթանակները պահպանելու ամենամեծ գրավականն է։
  • Պետության ամբողջ հույսը նրանց վրա է, ովքեր կարող են բարիքներ ստեղծել իրենց ու նաև այլոց համար։ Արարող մարդկանց սատարելը, նրանց գործին անհարկի և ապօրինի չմիջամտելը պետական մեքենայի գերակա պարտքն է։
  • Ոչինչ միանգամից չի լինում, և անհաջողություններից էլ չպետք է հուսահատվել։ Սա է մեր երկիրը, մեր ինքնիշխան պետությունը։ Լավն է այն, թե վատը՝ մերն է։ Սևացնել այն, արժեզրկել անկախության գաղափարը՝ պատճառաբանելով օրվա դժվարություններով, համարում եմ անընդունելի, և մեր հետագա ամբողջ գործունեությունը նպատակաուղղելու ենք այդ դժվարությունների հաղթահարմանը, հզոր, բարեկեցիկ պետության կայացմանը։
  • Ոչ մի պետություն, անգամ աշխարհի ամենազարգացածները, զերծ չեն խնդիրներից։ Մենք, իհարկե, լավ գիտենք մեր խնդիրները և ամենևին էլ ամեն ինչ վարդագույն տեսնելու ինքնախաբությամբ չենք տառապում , բայց և ամեն բան սևացնելու, գորշ գույներով ներկայացնելու մի փոքր լավն անգամ միտումներով չնկատելու բարդույթը չունենք։
Այո, երկրում կան ժամանակի մեջ խոր արմատներ ձգած խնդիրներ, որոնց տասնամյակներ շարունակ ականատես ենք եղել և շատ լավ գիտենք, որ միանգամից արմատախիլ անել, վերացնել դրանք, մեծ ցանկության դեպքում էլ, հնարավոր չէ։ Դա պահանջում է որոշակի ժամանակ , համառ ու հետևողական աշխատանք , որին լծվել է կառավարությունը։
Այստեղ շատ կարևոր է նաև Ձեր՝ հասարակության յուրաքանչյուր անդամիդ աջակցությունը։ Ես հավատում եմ, որ քրիստոնեության և ազգային ոգու դարավոր արժեքները կրող մեր ժողովուրդը քայլ առ քայլ, ի վերջո, կերտելու է այն պետությունը, որ երազում էին մեր նախնիները և մենք բոլորս։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայաստան, Ֆինանսներ և էկոնոմիկա, #3 (80) մարտ, 2007։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անդրանիկ Մարգարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: