Արա Սարգսյան
հայ քանդակագործ
Արա Միհրանի Սարգսյան (ապրիլի 7, 1902, Կոստանդնուպոլիս – հունիսի 6, 1969, Երևան), հայ խորհրդային քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, Նեմեսիս ծրագրի մասնակից։
Քաղվածքներ
խմբագրել- Արվեստն ազնվացնում է մարդու հոգին, պատճառում գեղագիտական անսպառ հաճույք։ Այն դաստիարակում է մարդուն գաղափարապես, և բացում է նրա առջև հույզերի մի ամբողջ աշխարհ։
- Ես վստահ եմ, որ մարդն իր հանճարով կնվաճի անկասկած տիեզերքը, դրա համար երևի հազարամյակների կարիք չզգացվի, բայց մարդկային հոգու տիեզերքին տիրանալու համար պետք պիտի լինի այնքան հազարամյակներ, ինչքան որ մարդն ապրի։
- Ես երազել եմ աշխատել հայրենիքում և լինել հայրենիքիս հոյակերտ շենքի ամրակուռ շաղախի մի խիճը, մի մասնիկը…Ինչ-որ ես արել եմ կյանքում, շատ փոքր է այն մեծ հատուցման ու պարտքի առջև, որ ունեմ իմ ժողովրդի հանդեպ…:
- Ինչքան ստեղծագործությունն իր էությամբ ժողովրդային է, այնքան նա հարազատ է ժողովրդին և բարձր է գնահատվում նրա կողմից, իսկ ժողովրդի գնահատականին արժանանալ – նշանակում է հավերժանալ։
- Բախտավոր է այն արվեստագետը, որ առաջին իսկ գործից գրավում է հասարակության ուշադրությունը, և առավել երջանիկ է, երբ հմտություն ունի այդ շնորհը զարգացնելու։
- Մեծ է իմ պարտքի գիտակցությունը ժողովրդի հանդեպ, այնքան մեծ, որ այն հատուցելու համար անհրաժեշտ է ապրել մի քանի անգամ ավելի, քան իմ վաթսուն տարիներն են։
- Մարդիկ իրար նման չեն: Նրանք բոլորն էլ տարբեր են, թե´ ներքինով և թե´ արտաքինով: Մարդկանց ճանաչելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակաչափ: Որքան մարդիկ, այնքան էլ` ժամանակ: Տարբեր մարդկանց համար` տարբեր ժամանակաշրջան. մեկ ժամից մինչև տարիներ….: Այո´, տարիներ, որովհետև պատահում են մարդիկ, որոնց մտքերն ու զգացմունքներն այնքան են քողարկված ու թաքնված, որ տարիներն, անգամ, անօգնական են թափանցելու նրանց էության խորքը: Նրանք դարանամուտ հոգիներ են, որոնց ճանաչելն ի վերջո, գրեթե անհնարին է[1]:
- ...Ես սաստիկ սիրում էի պատմության դասը, առանձնապես հունական աշխարհը, նրա դիցաբանությունը: Հատկապես հափշտակված էի հունական արձաններով ու երազում էի մի օր հասնել արվեստի կատարելության այդ աստիճանին[2]։
- Ինչքան ստեղծագործությունն իր էությամբ ժողովրդային է, այնքան նա հարազատ է ժողովրդին և բարձր է գնահատվում նրա կողմից, իսկ ժողովրդի գնահատականին արժանանալ – նշանակում է հավերժանալ[1]:
Արա Սարգսյանի մասին
խմբագրել- Արա Սարգսյանը մեր արդի կերպարվեստի սյուներից է։ Հայրենիքում ստեղծած նրա լավագույն գործերը ներծծված են մեր ժողովդրի վերածննդյան ոգով և ապագային նայող խոր հավատով։ Արա Սարգսյանը իր բազմաբովանդակ գործունեությամբ անբաժան է հայ ժողովրդի և նրա մշակույթի պատմությունից[3]։
- …Վիեննայի Գեղարվեստից ակադեմիայում պրոֆեսոր Մյուլների ղեկավարած դպրոցից Արա Սարգսյանը ցուցադրել է մի դիմաքանդակ` օժտված որոշակի կատարելությամբ, ինչը հնարավոր է ձեռք բերել միայն տասնամյակների ջանքերով: Քանդակում զգացվում է մի վստահ ձեռք, որն անվարան կերտում է, մի աչք, որ արագորեն որսում է բնորոշը[4]:
- Ռիխարդ Այզեմինգեր
- Այս համեստ տղան մեծ ապագա կը խոստանայ: Ան մեր փառքերէն մէկը կը դառնայ անվրեպ, եթէ հրաշք մը ստեղծէ մէկը ու փորձէ հետաքրքրուիլ այս տղայով, և չթողնէ, որ անոր հոգւոյն կայծերը մարին զրկանքներուն մէջ ու թառամին ծաղիկները, որ ծլած են անոր հոգիին խորքը[5]։
- Հակոբ Սիրունի (գրել է 1923 թվականին)
- Արա Սարգսյանն իր ապրած կյանքի մեծ մասը նվիրաբերեց վերածնվող հայրենիքի ծաղկման գործին, նրա առաջընթացին: Նա մեր հիշողության մեջ միշտ կմնա որպես կենսուրախ, կյանքով լի, բարի, ազնիվ, կամեցող, մեծ սրտի տեր մարդ[1]:
- Նա նախ և առաջ մարդ էր՝ բարի, մարդկայնությամբ օժտված մարդ: Բարյացկամ էր, ընդառաջող, բարոյապես մարդկանց մեջքին կանգնող, կենսուրախ, հումորով: Արա Սարգսյանն անհատակություն էր հայ արվեստում[1]:
- Ռուբեն Զարյան, ակադեմիկոս
- Արա Սարգսյանը տաճարի սրբազան այն կերոնն էր, որ լույս տալով սպառվեց[1]:
- Սեդա Գրիգորյան, նկարչուհի
- Արա Սարգսյանն ապրեց բեղուն ու բովանդակալից ստեղծագործական և նվիրյալ քաղաքացու կյանքով: Նա խորհրդային քանդակագործության հիմնադիրներից էր, բարձր ինտելեկտի տեր մի անձնավորություն[1]։
- Վարազդատ Հարությունյան, ակադեմիկոս
- Խորհրդային ականավոր քանդակագործ, սքանչելի մանկավարժ, հասարակական խոշոր գործիչ, բարձր սկզբունքայնությամբ օժտված Արա Սարգսյանը միևնույն ժամանակ հմայիչ մարդ էր, մեծ տակտի տեր, լավ բարեկամ, անչափ հետաքրքիր զրուցակից[1]:
- Անդրեյ Լեբեդև, ակադեմիկոս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։
- ↑ «Արա Սարգսյան. Հոդվածներ ելույթներ, հուշեր», խմբ.` Վ. Հարությունյան, Երևան, 1982։
- ↑ «Արա Սարգսյանը մեր արդի կերպարվեստի սյուներից է»․ Մարտիրոս Սարյան
- ↑ Ապրիլ, Արա Սարգսյան- 80-ամյակ, ամսաթերթ, Լոս-Անջելես, 1982, հունիս
- ↑ Ր. Հովհաննիսյան, «Արա Սարգսյան, ալբոմ», Երևան, 1963։
Աղբյուրներ
խմբագրել- Արա Սարգսյանի անձնական արխիվ/«Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն թանգարան