Դերենիկ Դեմիրճյան
հայ արձակագիր, վիպագիր, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ
(Վերահղված է Դեմիրճյան, Դերենիկից)
Դերենիկ Դեմիրճյան (Դերենիկ Կարապետի Դեմիրճօղլյան, փետրվարի 6, 1877 — դեկտեմբերի 6, 1956), հայ անվանի գրող, գրականագետ-քննադատ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, արվեստի վաստակավոր գործիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Երիտասարդությունը նորոգում է մարդկությունը[1]։
- Մարդն իր ծերությունն զգում է այն ժամանակ, երբ հույսերով ապրելը, իր տեղը զիջում է հուշերով ապրելուն[2]։
- Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի է սաստկանում նրա թափը և ամենից ավելի ներքևին գտնվողին ավելի ուժգին է հարվածում[3]։
- Բախտ ասածը ոսկե ձու ածող մի կույր հավ է, որը երբեմն իր ձվերն ածում է անարժանների բռի մեջ[3]։
- Դրախտն ու դժոխքը մեր ջահելությունն ու ծերությունն են։ Ուրիշ գաղտնիք չկա[4]։
- Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի, և դա խորացնում է ապագան։ Դա խորացնում է կյանքի իմաստը[5]։
- Ինչքան թռչում ես դեպի ապագան, այնքան ընդլայնվում է հորիզոնը դեպի անցյալը, և խորանում է կյանքը[5]։
- Դարավոր կռիվներից հետո մնաց հայ ժողովուրդը իր հնագույն ամենաբարձր հատկություններով։ Նա պահեց իր լեզուն, իր ավանդույթները, իր կուլտուրան, իր հողը և մղելով ազատագրական պայքարներ հնագույն օրերից մինչև սովետականացումը՝ վերջապես հասավ իր դարավոր նպատակներին՝ ազատության և պետականության[6]։
- Գրականության նշանավոր ստեղծագործությունները ապրում և ընթերցվում, իսկապես հուզում են այն պատճառով, որ դրանք ճշմարտացիորեն և խորապես են արտացոլում կյանքը՝ նրա ամենաբազմապիսի դրսևորումներով։ Հենց կյանքն է, որ եղել է և մնում է բուն ժողովրդական արվեստի աղբյուրը[6]։
- Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան... ես ևս եղա այն հացահատիկը, որ ընկնելով հողը՝ մեռնում է, որպեսզի գա հացը կենդանի։ Եվ մի ձգտում. հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ինձ պարտք, և ոչ թե ես՝ նրան[6]։
- Գնացե՛ք կյանք և նո՛ր եկեք գրականություն[6]։
- Դատարկ ձեռքով գրիչ բռնելը դատարկ գրպանով առևտուր անելու պես է[6]։
- Ես Եվրոպայում երաժշտություն ու բնագիտություն էի ուսանում գրող դառնալու համար[6]։
- Հարկավոր է հաճախ հեռանալ գրական կյանքից՝ նրան ավելի մոտենալու համար[6]։
- Ես ինձ մարտիկ եմ զգում և չեմ զլանա մեր հայրենիքի ազատության համար թափել արյանս վերջին կաթիլը[7]։
- Մի ժողովրդի պատմությունը նրա անկետան է, նրա վկայականը, նրա կենսագրական պատկերը։ Պատմությունը նրա հասակն է, նրա փորձը, նրա հնությունը, ստեղծագործական ստաժը։ Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից[7]։
- Ես ճանաչեցի հայ ժողովրդի մեջ համամարդկայինը, ես գտա հայ ժողովրդին, երբ փայլեց իմ առջև նրա հանճարը, նրա անտիկ կլասիկայի մեջ՝ Խորենացու, Եզնիկի, Եղիշեի և այլոց գլուխգործոցների մեջ, երբ ժպտաց հայկական վերածնությունը Նարեկացու, Երզնկացու, Ֆրիկի, Քուչակի վերասլացքի մեջ, երբ իմ առաջ կանգնեց հայկական վեհ ճարտարապետությունը, ծաղկեց հայկական մանրանկարչությունը։ Այնտեղ էր հայկական համամարդկայնությունը[7]։
- Վարդանանց պատերազմը հայ ժողովրդի կենաց հարատևության արտոնաթուղթը կնքե[7]։
- Վարդանանց պատմությունը հայ ժողովրդի հոգեկան բարձր առաքինության, ուժի, ազատության, ինքնուրույնության, կուլտուրայի համար նահատակվելու երգն է։ Նահատակը իր կյանքը ժողովրդի գործի վրա և նրա համար մեռնելու պատրաստ մարդն է իմ վեպում։ Եվ մատնելով շարքերն իր հայրենիքի պաշտպանության՝ պայքարի համար՝ դեռ չընկած նահատակ էր հաշվվում[7]։
- Սիրել իր արվեստը, երբեք գոհ չլինել իրենից, նվիրվել նրան, միշտ որոնել, ուսումնասիրել, նորոգվել, խորանալ. սա կարող է օգտակար լինել արդիական ստեղծագործողի համար։
- Կլասիկներին և վարպետներին ուսումնասիրելը, նվիրվելը չի նշանակում կրկնել նրանց։ Ո՛չ ժամանակն է կրկնվում, ո՛չ գաղափարները, ո՛չ արվեստը։ Բայց մի բան կարող է կրկնվել. դա վերաբերմունքն է դեպի արվեստը և ստեղծագործությունը[8]։
Դերենիկ Դեմիրճյանի մասին
խմբագրել- Համառ աշխատող էր Դեմիրճյանը, ապրող, թափանցող-սրամիտ ու ինքնատիպ ոչ միայն գրականության մեջ, այլև կյանքում[9]։
- Ես թախանձագին կերպով կխնդրեի մեր գրողներին, որպեսզի ուսումնասիրեն Դեմիրճյանի գրվածքները։ Ինչպես Գորկին է ասել Չեխովի մասին. «Ես կուզենայի ուսումնասիրել այն ամբողջը, ինչ ստեղծել է Չեխովը», նույնն էլ անհրաժեշտ է ասել Դեմիրճյանի վերաբերյալ[9]։
- Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում ռեալիստ գրողի կենդանի դիտողականությամբ, փիլիսոփայի լրջմտությամբ, երգիծաբանի սրությամբ, հոգեբանական խորությամբ և սոցիալական համարձակ վերլուծումներով[9]։
- Ս. Զլոբին
- Հայ ժողովրդի քաջարի, հերոսական ոգին արժեքավորվեց մեծ գրողի ու հայրենասերի՝ Դերենիկ Դեմիրճյանի գեղարվեստական լայն կտավների մեջ. իր ժողովրդի հարազատ ձգտումների, իղձերի քաջաբազուկ արտահատիչն էր Դերենիկ Դեմիրճյանը[9]։
- Կ. Գամսախուրդիա
- Նա իսկական սովետական քաղաքացի էր, որի մեջ իր ժողովրդի, նրա մշակույթի հանդեպ սերը զուգակցվում էր ինտերնացիոնալիզմի զգացմունքի հետ։ Եվ պետք է ասեմ, որ այդ գիծը բնորոշ է գրականության ու արվեստի բոլոր նշանավոր գործիչներին[10]։
- Գ. Ցիցիշվիլի
- Ճիշտ էին, երբ Դեմիրճյանին համեմատում էին քարքարոտ հողաբաժին ստացած շինականի հետ։ Նա աշխատավորի պես մշակում էր այդ հողը, ազատում մացառներից, քարերից, տևական ճիգերով պատրաստում հողը մեծ ցանքսի համար, որի հունձքը պիտի լիներ հետո[11]։
- Արդեն քսան տարի է, ինչ մեզ հետ չէ սովետահայ մեծ արձակագիր Դերենիկ Դեմիրճյանը։ Սակայն ֆիզիկապես նրա գույությունը բնավ չի վերացնում նրա մահը, այլ հաստատում է նրա անմահությունը, քանի որ ավելի քան քսան տարվ նրա բացակայությունը լցվում է դեմիրճյանական երկերի՝ դրամաների, պատմվածքների, վիպակների ու վեպերի աղմկոտ ներկայությամբ։ Դեմիրճյանը, ինչպես յուրաքանչյուր ճշմարիտ ու մեծ արվեստագետ, անմահի իրավունքով մտել է ժողովրդի կյանքի մեջ, իսկ անմահությունն ինքնին ժխտումն է մահի և մոռացության[10]։
- Մկրտիչ Սարգսյան
- Իմաստուն էր կենսափորձով, հարուստ՝ փիլիսոփայի պես և հաճախ էլ միամիտ՝ երեխայի նման, խորամանկ էր լինում դիվանագետի արվեստով, և հաճախ էլ բորբոքվող ու անմիջական՝ զինվորի պես։
- Բացառիկ են բացառությունները։ Եվ այդ մեծ երկունքից ծնված «Վարդանանքը», որի նման գրքեր ստեղծելը գրողի համար հավասար է բախտորոշ ճակատամարտ շահող զորավարի սխրագործության և դյուցազուն զավակ ծնող մոր երախտիքին[9]։
- «Ավելորդը» խոշոր պատմվածքը եզակի է մեր գրականության մեջ՝ մշտարժեք։ Զանազան անկյուններից կարելի է նայել այդ երկին և միշտ ընդունել այն գեղեցիկ ու կատարյալ։
- ...Ինձ զարմացնում են հոգեբանական այն խորունկ, ճշմարիտ վերլուծումները, որ անում է հեղինակը խղճմտանքի, անպարտելի ուժի, խղճի խայթերի և ներքին ահեղ ու արդար դատաստանի վերաբերմամբ։ Սրանք համաշխարհային գրականությունը զարդարող էջեր են[11]։
- ...Եթե ասեմ, որ ինձ համար ողջ հայ գրականության մեջ այս պատմվածքից («Ավելորդը») ավելի հզոր, կենդանի ու ցնցող ալ պատմվածք չկա, հավատացեք[11]։
- Ես հայ գրականությունից կարդացել եմ միայն մի գործ, մի փոքրիկ պատմվածք՝ Դերենիկ Դեմիրճյանի «Չարգյահը»։ Իր խորությամբ և արվեստով համաշխարհային գրականության գլուխգործողներից է[9]։
- Պ. Վարեշ
- «Վարդանանք» պատմավեպը,- ռազմաճակատի առաջին գծից հեղինակին գրում էին ռազմիկները,- ոգեշնչեց մեզ։ Յուրաքանչյուր ազատ ժամ նվիրում ենք նրա ընթերցմանը։ Սիրով և հիացմունքով ենք մենք ընդունում ձեր հերոսների՝ Վարդանի, Արտակի, Արծվիի, Արսենի խոսքերը։ Նրանք մարտնչեցին և ընկան հանուն ժողովրդի ազատության ու երջանկության և ժողովուրդը հավերժ կհիշի նրանց անունները[10]։
- Մկրտիչ Սարգսյան
- Հայրենասիրական բոցաշունչ այս վեպը [«Վարդանանք»] Դեմիրճյանը գրեց իր ծեր հասակում և զարմացրեց ընթերցողներին իր երևակայության ճոխությամբ, իր զգացմունքների թարմությամբ, իր զարմանալի երիտասարդությամբ[9]։
- Պատմության ողբերգական փոթորիկների միջով ընթացող ժաղովրդի հանդեպ հավատն է, եթե կարելի է այսպես ասել, «Վարդանանքի» գաղափարական-գեղարվեստական առանցքը։ Գրված լինելով Հայրենական Մեծ պատերազմի հրաշունչ տարիներին՝ նա կանգնում է ոչ միայն և ոչ պարզապես այն ստեղծագործությունների շարքում, որոնք մարդկանց գիտակցության մեջ կենդանացնում էին մեծ նախնիների կերպարները, օտարերկրյա զավթիչների դեմ անձնուրաց պայքարի հայրենասիրական օրինակները, նա այսօր էլ գտնվում է մեր բազմազգ սովետական գրականության գեղարվեստական ակնառուստեղծագործությունների շարքում, գտնվում է լիակատար իրավունքով՝ մարդու վրա իր բազմակողմանի ներգործությամբ, իր բազմակողմանի բովանդակությամբ, որը ճանաչված է իսկական հայրենասիրության, սովետական ինտերնացիոնալ արվեստագետի հայրենասիրության գաղափարով[10]։։
- Յու. Սուրովև
- Քաջնազարությունն անցողիկ երևույթ չէ, այն ապրում է բոլոր ժամանակներում, տարբեր տեսակներով ու դրսևորումներով։ Այն երևույթը կա կենցաղում, մարդկային հարաբերությունների մեջ, հանդիպում է ամեն օր մարդկանց մեջ, ճիշտ այնպես, ինչպես համլետյան երկվությունը, որը չի ճանաչում ժամանակ ու տարածություն, ճիշտ այնպես, ինչպես հավիտենական որոնող, երազող Դոն Քիշոտի բարի ոգին[12]։
- «Քաջ Նազարը», ամբողջությամբ ասած, ժողովրդական խոսքի մի անձեռակերտ հյուսվածք է։ Սակայն հիմնականը ժողովրդական լեզվամտածողության վրա հիմնված դարձվածաբանությունն է, բառերի յուրահատուկ շղթայավորումը, բուն հայկական ազգային լեզվաոճական պատկերավորումներից ծնված բառակապակցությունները[12]։։
- Մայա Ավագյան
- «Քաջ Նազարը». ահա մի գործ, մի հեքիաթ-կոմեդիա, փոքր մեծերի և մեծ փոքրերի համար, որ անմիջապես գրավեց հանուրի ուշադրությունը և հիացմունքը, որը հետագայում արժանացավ նաև օտարազգի ընթերցողների, գրականագետների խորին հետաքրքրությանը։ Հայտնությունը միայն Քաջ Նազարի՝ այդ ցնորամիտ ու բախտախնդիր, ապիկար ու զվարճալի, կոպիտ ու դաժան մարդու կերպարը չէր։ Պիեսում հանդես եկան նրանք, որոնց միջավայրում ծնվում է նման մարդը, որոնք օգնում են այդպիսի արարածին՝ ելնել մեծության աստիճաններով, հասնել աշխարհակալության բանդագուշանքին, այդ բթամիտ, վախկոտ հսկաները, քծնության գերագույն մարմնացում-սենեկապետները, մի շարք հիմնական ու էպիզոդիկ, բայց խորապես տպավորվող կերպարներ, որոնք իրենց բնավորությամբ, իրենց հատուկ խոսքով ու ոճով, իրենց արտառոց մտքերով հարստացնում են հեքիաթի բանահյուսական տարբերակը՝ դարձնելով պիեսը մի ինքնուրույն, բարձր արվեստի գեղարվեստական երկ։
- Միայն «Քաջ Նազարով» Դեմիրճյանը կարող է մտնել անմահների շարքը[12]։
- Քաջ Նազարը ինձ համար, որպես մարդ, մի սարսափելի ոչնչություն է՝ իր ծիծաղելի ֆանտազիաներով, որ իբր թե մարդկանց է կոտորում։ Այո՛, նա սարսափելի մարդ է, որը երբ ձեռքին ուժ ու հնար ունենա, մարդկանց իրոք կկոտորի, ինչպես ճանճերի[12]։
- Դերենիկ Դեմիրճյան
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 20.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 31. ISBN 99930-2-276-4.
- ↑ 3,0 3,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 38. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 47. ISBN 99930-2-276-4.
- ↑ 5,0 5,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 147. ISBN 99930-2-263-2.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 96։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 97։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 98:
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 92:
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 93։
- ↑ 11,0 11,1 11,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 94։
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 95։