Զուլում Գրիգորյան
հայ նկարիչ
Զուլում Նիկողոսի Գրիգորյան (դեկտեմբերի 6, 1932, Կրասնոդար - հուլիսի 30, 2018), հայ նկարիչ, գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (2010)։
Քաղվածքներ
խմբագրել- Ասում են՝ մի տարիք կա, երբ մարդը վերադառնում է իր արմատներին։ Ես կարծում եմ՝ ճիշտ չէ, կարգին մարդը միշտ էլ իր արմատների հետ է, ուրիշ կերպ չի լինում։ Առհասարակ ամեն ինչի մեջ կա արմատի խնդիր։ Դա այնքան պարզ է, դա հողի վրա կանգուն մնալու իմաստություն է, ուրիշ ոչինչ։
- Բնությունը մշտապես եղել է իմ տարերքը։ Կյանքս անց եմ կացրել հայրենի բնության մեջ... ամենուր զգում էի, ես եմ ու ինքը, ես եմ ու ծառ ու ծաղիկը, ես եմ ու քար ու քարափը։ Պարզապես բնության մի մասնիկն էի զգում ինձ։
- Ես շատ եմ ճանապարհորդել։ Ինձ շատ են հարցրել, թե ճանապարհորդելը քեզ ի՞նչ է տվել։ Պատասխանել եմ՝ ես դարձա ես։
- Կոչումը ոչ ճանաչման սահմաններն է ընդլայնում, ոչ էլ ավելացնում է տաղանդը։ Այն գնահատական է։ Ուստի կոչումը պարզապես հավաստագիր է, երկար ու ձիգ ստեղծագործական տարիներին տրված պաշտոնական արժևորում... Բոլոր այս տարիներին ես անդուլ ստեղծագործել եմ՝ երբեք չմտածելով ինքնահաստատման դժվարությունների մասին, որովհետև ես դրա կարիքը չունեի։ Իհարկե եկավ մի շրջան, երբ հասկացա, որ ես ես եմ, որ ես կայացել եմ որպես մարդ ու քաղաքացի։
- Առհասարակ չեմ սիրում, երբ գունազարդում են իրենց կենսագրությունը։ Ես իմ կենսագրությունը չեմ գունազարդել։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որպեսզի կենսագրություն հորինեմ։ Նախանձը ծնունդ է առնում վատ պայմաններից, հիվանդություններից։ Ես լավ պայմանների ծնունդ եմ, առողջ եմ եղել իմ մտածողությամբ, իմ արյան եռքով։ Քամյուն իր ստեղծագործություններից մեկում ասում է. «Իմ բախտը բերել է, որ բնածին հետաքրքիր եմ ծնված եղել»։ Հենց դա էլ օգնել է ինձ։ Նաև չարացած չեմ ու չեմ եղել բացարձակապես։ Հայրս տառապանքի միջով է անցել, մենք ընտանիքով քայլել ենք տառապանքի ուղիներով, բայց երբեք չենք չարացել, չենք կրել չարացածության բարդույթը։ Չար մարդը չի կարող արվեստում լինել, չի կարող արվեստի ստեղծագործություն հորինել։ Արվեստն ինքը բարության խորհրդանիշն է, բարության սերմնացանն է։
- Նկարչությունն ազատություն է։ Մարդը ծնվել է ազատ լինելու, ազատ ապրելու համար։ Նկարչությունն ինձ տվել է այդ ազատությունը, անկախությունը։ Արվեստը մահը մոռանալու պարտադրանք է ստեղծում։ Հիմա, երբ 70-նն անց եմ, ավելի քան երբևէ համոզված եմ որ, արվեստներից մեծագույնը գեղանկարչությունն է։ Արվեստը հավերժական, մնայուն, անանց արժեք է։ Ես ինձ միշտ այդ հրաշալի աշխարհի համեստ մշակն եմ համարել, ծառան։
- Գիտակցական կյանքս վրձնի հետ է անցել, ու հասել եմ մի պարզ եզրահանգման, նկարչությունը չի սիրում խաղալ, դա սեր է, դա ապրում է...Հենց էնպես արված, անտարբեր նկարչություն չեմ սիրում։ Նկարն իր մեջ իմաստ պիտի ունենա ամփոփած, ասելիք զգացողություն, սեր...
- Ես ինձ հիմա որպես մարդ ու արվեստագետ, տնային կալանքի եմ դատապարտել։ Եվ վաղուց դուրս չեմ գալիս իմ արվեստանոց-տնից։ Դրսում ինձ ամեն ինչ խանգարում է՝ սուտը, կեղծիքը, խեղճությունը, չվաստակած շքեղությունն ու հարստությունը...Այս պայմաններում դժվարությամբ եմ նկարում, ստեղծագործում...մենք երբևէ այսպիսին չենք եղել, անգամ 1918 թվին, երբ սով էր համատարած, տիֆ էր, երբ ժողովուրդը կոտորվում էր վանքերի ու եկեղեցիների բակերում։ Ի՞նչ եղավ «Աասունցի Դավիթ» ստեղծած ժողովրդի հպարտությունը, ազնվությունը։ էպոսը դարեր շարունակ մեր ժողովրդին անգամ թշնամու դեմ է ազնիվ պայքարի տարել... Այսքան նենգություն, չարություն, վախկոտություն որտեղի՞ց։ Ուզում եմ ասել՝ «Ներիր մեզ Դավիթ, մենք քո հետնորդները չենք...»։ Հայ զինվորի ուժը բազկի մեջ չէ։ Երկաթյա բազուկներով զինվորներ շատ կան։ Հայ զինվորի ուժը հոգու մեջ է։ Հայ զինվորի ուժը ազնվությունն է, շիտակությունը, մեծահոգությունը։ Դավիթն ուժեղ էր, որովհետև շիտակ էր, ազնիվ էր, նենգ չէր, արդարամիտ էր, վեհանձն էր... Այդպիսին էր անգամ թշնամու հանդեպ։ Թշնամու դեմ ազնիվ պայքարը միամտություն չէ, ռոմանտիկա չէ, ինչպես կարծում են ոմանք... Մենք այսօր շատ ենք հեռացել Դավթից, մեր իսկ ստեղծածից։ Այնքան, որ Դավիթ ենք ման գալիս ու չենք գտնում...