Խեցգետնի արևադարձը
«Խեցգետնի արևադարձը» (անգլ.՝ Tropic of Cancer), ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպը։
Քաղվածքներ
խմբագրել- Չսպասելով, որ աշխարհը փոխվի` կարող ես ինքնությունդ փոխել այն պատմություններով, որ անում ես քեզ ու մյուսներին ինքդ քո մասին:-Լուիզ դե Սալվո
- Ժամանակի քաղցկեղը շարունակում է մեզ կրծել։ Մեր հերոսները կամ ինքնասպան են եղել, կամ դրանով են զբաղված։ Ուրեմն հերոսը Ժամանակը չէ, այլ` Ժամանակի Բացակայությունը։
- Երգելու համար պիտի բերանդ բացես։ Պիտի երկու թոք ունենաս ու մի փոքր էլ երաժշտությունից գլուխ հանես։ Պարտադիր չի ակորդեոն կամ կիթառ ունենալ։ Էականը երգելու ցանկությունն է։ Ուրեմն սա երգ է։ Ես երգում եմ։
- Աշխարհն իմ շուրջը տարրալուծվում է` տեղ-տեղ ժամանակի կղզյակներ թողնելով։ Աշխարհը ինքն իրեն խժռող քաղցկեղ է… Կարծում եմ, որ երբ մեծ լռությունն իջնի ամենուր և ամեն ինչի վրա, վերջապես երաժշտությունը կթագավորի։ Երբ ամեն բան նորից կքաշվի ժամանակի արգանդը, վերստին քաոս կտիրի, իսկ քաոսն այն պարտիտուրն է, որով ստեղծվել է իրականությունը։
- Ոչ ոք չկա, որին կարողանայի իմ զգացածի թեկուզ մի մասնիկը փոխանցել…
- Կան մարդիկ, որոնք ի վիճակի չեն դիմադրել վայրի գազանի վանդակը մտնելու ցանկությանը, թեկուզև խեղվեն։ Նույնիսկ առանց ատրճանակի կամ խարազանի են մտնում։ Վախը նրանց դարձնում է անվախ...
- Խոսքի հետևում քաոս է։ Ամեն մի խոսք թել է, երիզ, բայց չկա ու երբեք էլ էնքան խոսք չի լինի, որ ցանց գործենք։
- Միայն մարդասպաններն են կարծես որոշակի բավարարություն ստանում կյանքից։
- Կյանքն ամենուր շարունակվում է։ Կյանքը միշտ էլ շարունակվում է։ Երևի ուր էլ գնամ, դրամա է։ Մարդիկ ոջիլների պես են. մտնում են մաշկիդ տակ և տեղավորվում։ Քորվում ու քորվում ես արյունոտվելու աստիճանի, բայց անզոր ես ընդմիշտ ազատվել ոջիլներից։ Ամեն տեղ էլ, ուր գնում եմ, մարդիկ իրենց կյանքը խառնաշփոթ են դարձնում։ Ամեն մեկը իր անձնական ողբերգությունն ունի։ Դժբախտությունը, տաղտուկը, վիշտը, ինքնասպանության միտքը հիմա արյան մեջ են։ Մթնոլորտը հագեցած է աղետի, հուսալքման, ապարդյունության շնչով։ Քորվիր ու քորվիր, մինչև որ մաշկահան լինես։ Ինչևէ, դա առույգություն է տալիս ինձ։ Վհատվելու կամ ընկճվելու փոխարեն հաճույք եմ ստանում։ Ես նորանոր աղետների, ավելի մեծ փորձանքների, ավելի տպավորիչ ձախողումների եմ կարոտ։ Թող աշխարհը փուլ գա, թող բոլորը քորվեն մահու չափ։
- Արդեն հարյուրավոր տարիներ աշխարհը, մեր աշխարհը, շունչը փչում է։ Եվ ոչ ոք էդ հարյուրավոր տարիներին էնքան հանդգնություն չի ունեցել, որ մի ռումբ խցկի արարչագործության քամակն ու պատրույգը վառի։ Փտում է աշխարհը, մաս-մաս մեռնում։ Բայց նրան վերջին հարված է պետք, պայթյուն, որ ամեն ինչ փշուր-փշուր կանի։ Լողում ենք ժամանակի մակերևույթին, մինչդեռ ամեն ինչ խորտակվել է, խորտակվում է ու կխորտակվի։
- Պատահական չէ, որ մեզ նմանները Փարիզ են ձգտում։ Փարիզը պարզապես էստրադա է, պտտվող բեմ, որը հանդիսատեսին հնարավորություն է տալիս ներկայացումը բոլոր կողմերից տեսնել։ Փարիզն ինքնին դրամա չի ստեղծում։ Դրանք ուրիշ տեղ են սկիզբ առնում։ Փարիզն ընդամենը աքցան է, որով սաղմը դուրս են քաշում արգանդից և դնում ինկուբատորի մեջ։ Փարիզը արհեստածինների օրրանն է։ Փարիզյան օրորոցում տարուբերվելով` ամեն մեկը սեփական հողին է փարում, իր Բեռլինը, Նյու Յորքը, Չիկագոն, Վիենան, Մինսկը երազում։ Վիենան ոչ մի տեղ էնքան Վիենա չի, ինչքան Փարիզում։ Ամեն ինչ հասնում է աստվածացման։ Օրորոցի մանկանց նորերն են փոխարինում։ Փարիզյան պատերին կկարդաք, թե էստեղ Զոլան է ապրել կամ Բալզակը, Դանտեն, Ստրինդբերգը, ով ասես, որ իրենից մի բան է ներկայացրել։ Բոլորն ապրել են էստեղ ինչ-որ ժամանակ։ Ոչ ոք մահկանացուն Փարիզում չի կնքել…
- Ինչ խաբուսի՜կ է մարդու աչքը։
- Եվ գալիս է մի գիշեր, երբ ամեն ինչ վերջացած է, երբ այնքան ծնոտներ են մեզ վրա բացուխուփ եղել, որ այլևս ի վիճակի չենք կանգնել, և մեր միսը կախ է ընկնում ոսկորներից, կարծես բոլոր բերանները ծամած լինեն:-Լուի Ֆիլիպ
- Կրքից տոչորվող տղամարդն ուզում է տեսնել, ամեն ինչ տեսնել, նույնիսկ, թե կինը ոնց է ջուր թափում։
- Ոչ ոք չի մերժի մարդուն կերակրել, եթե միայն նա թախանձելու համարձակություն ունենա։
- Անհնար է մարդուն պատնեշել։
- Դու չգիտես, թե արատավորված կինն ինչ ախորժելի է, թե սերմի փոփոխությունից ո~նց է ծաղկում։ Կարծում ես` սիրով լի սիրտն է, որ կա։
- - Ամենազո՜ր Աստված, այս ի՞նչ օրն եմ ընկել։ Մարդիկ, դուք ի՞նչ իրավունք ունեք իմ կյանքը տակնուվրա անել, գողանալ ժամանակս, փորփրել հոգիս, ծծել մտքերս, ինձ դարձնել ձեր ընկերակիցը, մտերիմն ու տեղեկատու բյուրոն։ Ու՞մ տեղն եք դրել ինձ։ Վարձու զվարճաբա՞ն եմ, որն ամեն երեկո պարտավոր է ինտելեկտուալ ֆարս խաղալ ձեր անմիտ քիթումռութների առաջ։ Ստրու՞կ եմ, որին գնել ու պահում են ձեզ նման դատարկապորտների դիմաց սողալու և իր ամբողջ կարեցածն ու իմացածը ձեր ոտքերի տակ դնելու համար։ Հասարակաց տան աղջի՞կ եմ, որը պետք է փեշը բարձրացնի կամ շապիկը հանի թանկ կոստյում հագած առաջին իսկ տղամարդու պահանջով։
- Ես մի մարդ եմ, ով կուզենար հերոսական կյանքով ապրել և աշխարհը, իր տեսակետից, ավելի տանելի դարձնել։ Եթե թուլության, թալկացման, նեղության պահին ազատություն եմ տվել զգացմունքներիս` բառերի մեջ սառած հրկեզ ցասմանը, պատկերներում դրոշմված կրքոտ երազանքին, խնդրեմ, ընդունեք` ինչպես կուզեք… բայց ինձ հանգի՛ստ թողեք։
- Ես ազատ մարդ եմ և ազատությանս կարիքն ունեմ։ Ես պետք է մենակ լինեմ։ Պետք է առանձնության մեջ մտորեմ ամոթիս և հուսահատությանս մասին։ Արևն ու փողոցների սալարկը ինձ հարկավոր են առանց ուղեկիցների, առանց խոսքուզրույցի, ես պետք է ինքս ինձ հետ առանձին մնամ, միայն սրտիս երաժշտության ուղեկցությամբ։ Ի՞նչ եք ուզում ինձնից։ Երբ ասելիք ունեմ, տպագրում եմ։ Երբ տալիք ունեմ, տալիս եմ։ Ձեր քննախույզ հետաքրքրասիրությունից սիրտս խառնու՜մ է։ Ձեր գովաբանությունները նվաստացնու՜մ են ինձ։ Ձեր թեյը թունավո՜ր է։ Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ։ Միայն Աստծու առաջ եմ պատասխանատու, եթե Նա գոյություն ունի՛:-Պապին
- Արվեստագետը միշտ էլ մենակ է, եթե, իրոք, արվեստագետ է։ Միակ բանը, որ պետք է արվեստագետին, մենությունն է։
- Պարտադիր չի, որ մարդ հարուստ լինի կամ ֆրանսիացի, որպեսզի Փարիզի հանդեպ նման զգացում ունենա։ Փարիզը լի է աղքատներով. որոնք, իմ կարծիքով, ամենահպարտ ու ամենակեղտոտ մուրացիկներն են աշխարհում։ Բայց նրանց նայելիս էլ է թվում, որ իրենց տանն են զգում։ Հենց սա է փարիզցուն տարբերում մյուս մեծ քաղաքների բնակիչներից։
- Նյու Յորքի մասին խորհելիս ես բոլորովին ուրիշ զգացողություն ունեմ։ Նյու Յորքը նույնիսկ հարուստ մարդուն իր անկարևորության միտքն է ներշնչում։ Նյու Յորքը պաղշունչ է, փայլուն, չարանենգ։ Շենքերը իշխում են։ Մի տեսակ ատոմային մոլեգնություն կա նրա եռուզեռի մեջ. ինչքան կատաղի է տեմպը, այնքան սակավ է հոգին։ Մշտական խմորում, բայց նույն հաջողությամբ դա կարող էր կատարվել փորձանոթի մեջ։ Ոչ ոք չգիտի, թե ինչն ինչոց է։ Ոչ ոք չի ղեկավարում էներգիան։ Մի վիթխարի բան։ Օտարոտի։ Անըմբռնելի։ Ահռելի ռեակտիվ մղանք, բայց բացարձակապես չհամաձայնեցված։
- Նյու Յո՜րք… Սպիտակ բանտեր, մայթերին վխտացող որդեր, հացի հերթեր, ափիոնամոլների որջեր, որ կառուցված են պալատների պես, ջհուդներ, բորոտներ, ավազակներ և ամենից առաջ` տաղտուկ, դեմքերի, փողոցների, ոտքերի, տների, երկնաքերների, ճաշերի, ազդագրերի, զբաղմունքների, հանցանքների, սիրո միապաղաղություն… Մի ամբողջ քաղաք, որ խոյանում է ունայնության վիհի վրա։ Անիմաստության վիհի։ Բացարձակ անիմաստության։ Բա Քառասուներկուերորդ փողո՜ցը։ Աշխարհի ագաթը` նյույորքցիների ասելով։ Տեսնես հատա՞կը որն է։ Կարող ես ձեռքդ մեկնած քայլել, մարմրող ածխակտորներ կգցեն գլխարկիդ մեջ։ Հարուստ, թե աղքատ` բոլորը ման են ալիս գլուխը հետ գցած, քիչ է մնում վզները կոտրեն` իրենց հիասքանչ սպիտակ բանտերին նայելով։ Կույր սագերի պես խարխափում են, և լուսարձակները նրանց դատարկ դեմքերն օծում են զմայլանքի փայլով։
- Կյանքը՝ մարդու մտածածն է օրվա ընթացքում:-Էմերսոն
- Արվեստի էությունն էլ հենց մինչև վերջ գնալն է։
- Անհնար է մտածել ու միաժամանակ երաժշտություն լսել։ Անհնար է նույնիսկ անրջել, քանի որ երաժշտությունն ինքնին անրջանք է, որ կա։
- Ամերիկան կործանման մարմնացումն է, որ կա։ Նա ամբողջ աշխարհն անհատակ խորխորատը կտանի։
- էն միտքը, որ ապավինելու ոչինչ չկա, բարերար ազդեցություն գործեց ինձ վրա։ Շաբաթներ ու ամիսներ շարունակ, տարիներով, փաստորեն ամբողջ կյանքում ես սպասել եմ, թե ինչ-որ բան կկատարվի, մի արտաքին իրադարձություն, որը կվերափոխի կյանքս, և հիմա, հանկարծ, ամեն ինչի կատարյալ անհուսալիության մտքից ներշնչված, թեթևացում զգացի, կարծես ուսերիցս մի ծանր բեռ ընկներ։
- Հաճելի հիշեցում է, որ ինքդ քեզ շատ լուրջ չընդունես։