Կոկո Շանել
Գաբրիել Բոնյոր Շանել (ֆր.՝ Gabrielle Bonheur Chanel), մականունը Կոկո Շանել (օգոստոսի 19, 1883 — հունվարի 10, 1971), ֆրանսիացի առաջատար մոդելյեր էր։ Նրա ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։
Քաղվածքներ
խմբագրել- Կան մարդիկ, ովքեր գումար ունեն, և կան մարդիկ, ովքեր հարուստ են։
- Իմ կողքին ոչ հայր է եղել, ոչ մայր։ Իմ միայնությունն ինձ դարձրել է ուժեղ անհատականություն, այն ինձ օգնել է ամեն ինչի ինքնուրույն հասնել։
- Պետք չէ գլուխը պատին հարվածել՝ հույս ունենալով դուռ բացել։
- Սիրահարվելով՝ ես միշտ ամբողջությամբ տրվել եմ զգացմունքին։ Բայց երբ ես ստիպված էի լինում ընտրել տղամարդու և իմ զգեստների միջև, ես միշտ ընտրել եմ զգեստները։ Ես միշտ իմ կրքերից ավելի ուժեղ եմ եղել, աշխատանքն ինձ համար թմրամիջոց է եղել։ Բայց ես կասկածում եմ՝ արդյո՞ք կդառնայի բոլորին հայտնի Շանելը՝ առանց տղամարդկանց օգնության։
- Ես հիմար չեմ, խելոք էլ չեմ, բայց ես հաստատ միջակ չեմ։ Ես բիզնեսով եմ զբաղվում՝ չիմանալով բիզնեսի կանոնները։ Ես սիրել եմ՝ չնայած ստեղծված չեմ միայն սիրո համար։ Բայց ես միշտ անկեղծ եմ եղել սիրո և բիզնեսի մեջ։
- Փոքրիկ սև զգեստը կանանց բազմաթիվ առավելություններ է տվել, հատկապես՝ աշխատող և կարիերայով զբաղվող կանանց։
- Ես իսկապես հրաշալի հաճախորդներ ունեմ։ Դա միակ բանն է, որով ես իսկապես հպարտանում եմ։ Ես հավատացած եմ, որ Ֆրանիսայում ուրիշ ոչ ոք չունի այդպիսի հաճախորդներ։ Նրանք ամբողջ աշխարհից են և ամենալավն են աշխարհում։ Ես չեմ ամաչում դա ասել։ Կարող եք ստուգել։ Ես համոզված եմ, որ մարդիկ, ովքեր լավագույնն են հագնվում, հագնվում են ինձ մոտ։
- Փնտրեք զգեստով կնոջ։ Եթե կին չկա, չկա նաև զգեստ։
- Նորամուծություններ. մարդիկ չեն կարող միշտ նորամուծություններով զբաղվել։ Ես ցանկանում եմ դասական ստեղծել։
- Ամենակարևոր քաջությունն ինքնուրույն մտածելն է։ Եվ բարձաձայն։
- Քանի որ ամեն ինչ մեր գլխում է, ավելի լավ է ոչինչ չկորցնել։
- Երբեք չի կարելի վատ տեսք ունենալ։ Պետք է միշտ նորմալ վիճակում լինել։ Չի կարելի վատ վիճակում երևալ։ Հատկապես հարազատներին ու մտերիմներին։ Նրանք վախենում են։ Իսկ թշնամիները, ընդհակառակը, երջանկություն են զգում։ Այդ պատճառով էլ, ինչ էլ տեղի ունենա, պետք է միշտ մտածել, թե ինչ տեսք ունես։
- Եթե դուք ցանկանում եք ունենալ մի բան, որից երբեք չեք ունեցել՝ դուք պետք է անեք այնպիսի բաներ, որոնք երբեք չեք արել[1]։
- Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Դրա համար էլ պետք չէ թևաթափ լինել[2]։
- Անճաշակությունը սահմաններ ունի, անսահման է միայն լավ ճաշակը[2]։
- 20 տարեկանում դուք ունեք այն դեմքը, որը ձեզ տվել է բնությունը, 30 տարեկանում ձեր դեմքը կյանքի «նվերն» է, իսկ 50-ում դուք ունեք այն դեմքը, որին արժանի եք[2]։
- Ընդունված է համարել, որ շքեղությունը չքավորության հակառակն է։ Ոչ, շքեղությունը վուլգարության հակառակն է[2]։
- Գեղեցիկ պետք է լինել հոգով և սրտով, այլապես ոչ մի շպար չի օգնի[2]։
- Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, հակառակ դեպքում դա շքեղություն չէ[2]։
- Մի վատնեք ձեր ժամանակը պատը ջարդելու վրա այն հույսով, թե այն դուռ կդառնա[2]։
- Ասում են, թե կանայք հագնվում են կանանց համար, որ նրանց գրավում է մրցակցության ոգին։ Դա ճիշտ է, բայց եթե աշխարհում տղամարդ չմնար, նրանք կդադարեին հագնվել[2]։
- Եթե դուք չեք հիշում, թե ինչ էր հագել իր գեղեցկությամբ ձեզ գերած կինը, ուրեմն նա անթերի էր հագնված[2]։
- Տարիքը կնոջ պարագայում ամենակարևորը չէ։ Նա կարող է հիասքանչ լինել 20 տարեկանում, առինքնող՝ 40-ում, և մնալ անդիմադրելի մինչև կյանքի վերջը[2]։
- Եթե դուք ծնվել եք առանց «թևերի», մի խանգարեք, որ նրանք աճեն[2]։
- Գեղեցկությունը մեզ պետք է, որպեսզի մեզ սիրեն տղամարդիկ, իսկ հիմարությունը, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց[2]։
- Անփոխարինելի լինելու համար պետք է անընդհատ փոխվել[2]։
- Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից[2]։
- Չգիտեմ, թե ինչու են կանայք պահանջում այն ամենը, ինչ ունեն տղամարդիկ։ Չէ՞ որ կանայք, ամեն ինչից բացի, ունեն տղամարդկանց[2]։
- Իրական երջանկությունը թանկ չարժե։ Եթե նրա համար մեծ գին է վճարվում, ուրեմն դա կեղծիք է[2]։
- Սիրո մեջ լավագույն բանը սիրով զբաղվելն է[2]։
- Նորաձևությունն անցնում է, իսկ ոճը՝ մնում[2]։
- Գեղեցիկ աչքեր միայն նրանք ունեն, ովքեր ձեզ քնքշանքով են նայում[2]։
- Օծանելիքն անտեսանելի, սակայն անմոռանալի և չգերազանցված մոդայիկ աքսեսուար է։ Այն տեղեկացնում է կնոջ գալստյան մասին և շարունակում հիշեցնել նրա մասին վերջինիս գնալուց հետո[2]։
- Կինը պետք է հագնվի այնպես, որ նրան հաճելի լինի մերկացնել[2]։
- Դուք առաջին տպավորությունը թողնելու երկրորդ հնարավորություն չեք ունենա[2]։
- Կինը, ով շպար չի օգտագործում, շատ մեծ կարծիք ունի իր մասին[2]։
- Իմ հագնվելու ոճով ես շատերի քմծիծաղն էի հարուցում, բայց հենց դրանում էր իմ հաջողության գաղտնիքը։ Ես բոլորից տարբերվում էի[2]։
- Իսկական մեծահոգությունն անշնորհակալությունը ներելն է[2]։
- Զսպել քեզ, երբ վիրավորված ես, և տեսարաններ չսարքել, երբ ցավեցրել են. ահա սա է իդեալական կինը[2]։
- Ոչ բոլոր կանայք են գեղեցիկ ծնվում, բայց եթե 30 տարեկանում կինը դեռ գեղեցիկ չէ, ուրեմն նա պարզապես հիմար է[2]։
- Ինչքան վատ են կնոջ գործերը, այնքան նա լավ տեսք պետք է ունենա[2]։
- Չկան տգեղ կանայք. կան ծույլեր[2]։
- Թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին. ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում[2]։
Քաղվածքներ առանց աղբյուրի
խմբագրել- Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի։
- Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է հիշի երկու բան՝ ի՞նչ եւ ու՞մ է ուզում նա։
- Բոլոր դեպքերում յուրաքանչյուր տղամարդու կյանքում մեկ կին է՝ մնացած կանայք նրա ստվերն են։
- Չեմ սիրում երկար կոստյումներ, քանի որ խոսելով տղամարդու հետ, չեմ տեսնում նրա վերաբերմունքն իմ նկատմամբ։
- Օծանելիքը կնոջ մասին ձեռագրից ավելինն է ասում։
- Ոչ ոք երիտասարդ չէ քառասուն տարեկանում, բայց մենք կարող ենք լինել ապշեցուցիչ ցանկացած տարիքում։
- Կինը մտահոգվում է ապագայի մասին, մինչեւ ամուսնանալը։ Տղամարդը չի մտածում ապագայի մասին՝ մինչեւ ամուսնանալը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 15 իմաստուն արտահայտություններ, որոնք կարող էին արտասանել միայն կանայք
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 Գոհար Սավզյան (դեկտեմբերի 30, 2014 թ․)։ Կոկո Շանել. «Թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին…»։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 13, 2015 թ․։
Աղբյուրներ
խմբագրել- Փնտրեք զգեստով կնոջ. Կոկո Շանելի բիզնես կանոնները։ 168.am (օգոստոսի 23, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 13, 2015 թ․։