Պատերազմ և խաղաղություն

«Պատերազմ և խաղաղություն», ռուս գրող Լև Տոլստոյի ամենահայտնի ստեղծագործություներից մեկը, որ գրվել է 1863-1869 թվականներին։

«Պատերազմ և խաղաղություն»

Քաղվածքներ

խմբագրել
  • Այժմ ամբողջ աշխարհն ինձ համար բաժանված է երկու մասի. մեկը՝ նա և նրա հետ երջանկություն, հույսեր ու լույս. մյուս մասը՝ ամենը, ուր նա չկա, այնտեղ ամեն ինչ տխուր է ու մութ։
....Եվ ես չեմ կարող լույսը չսիրել. ես դրանում մեղավոր չեմ։ - Անդրեյ Բալկոնսկի
  • Աստվածաշնչի ավանդությունն ասում է, թե աշխատանքի բացակայությունը - պարապությունը- եղել է նախամարդու երջանկության պայմանը՝ մինչ նրա անկումը։ Պարապության այդ սերը մնաց նույնը և ընկած մարդու մեջ, բայց մարդու գլխին անեծք է ծանրացած ոչ միայն նրա համար, որ մենք մեր ճակատի քրտինքով պետք է ձեռք բերենք մեր հացը, այլև նրա համար, որ մեր բարոյական հատկություններով մենք չենք կարող պարապ ու հանգիստ լինել։ Մի թաքուն ձայն մեզ ասում է, որ մենք հանցավոր ենք համարվելու նրա համար, որ պարապ ենք։ Եվ եթե մարդ կարողանար գտնել մի վիճակ, երբ պարապ լինելով հանդերձ իրեն օգտակար զգար և իր պարտքը կատարեր, նա դրանով կգտներ նախնադարյան երանության մի կողմը։
  • «Մի՞թե այս օտար մարդն այժմ ինձ համար դարձավ ամեն ինչ», հարցրեց նա ինքն իրեն և իսկույն պատասխանեց. «Այո, ամեն ինչ. հիմա նա մեն-մենակ ինձ համար ամեն բանից թանկ է աշխարհում»[1]։ - Նատաշա
  • ....Ես ասում էի, որ ընկած կնոջը պետք է ներել, բայց չէի ասում, թե ես կարող ներել։ Ես չեմ կարող[2]։ - իշխան Անդրեյ
  • Բաց մի թողնիր երջանկության րոպեն, ստիպի´ր քեզ սիրել, սիրահարվիր` ինքդ։ Դա է միայն ճշմարիտն այս աշխարհում, մնացած բոլորը` դատարկ բան է…
  • Մի՞թե զգացմունք ունեցող մարդը կարող է հանգիստ լինել մեր օրերում։
  • Ով ամեն ինչ հասկանում է, նա ամեն ինչ ներում է։
  • Ամբողջ աշխարհն ինձ համար ոչինչ է։ Դու մենակ ամեն ինչ ես ինձ համար։
  • Մենք կարող ենք իմանալ միայն այն, որ ոչինչ չգիտենք։ Սա է ահա մարդկային գերիմաստության բարձրագույն աստիճանը։
  • Մենք այնքան չենք սիրում մեզ բարիք անողներին, որքան սիրում ենք մեզնից բարիք ստացողներին։
  • Խորհրդատուներ միշտ շատ են լինում, իսկ մարդիկ չկան։
  • Ոչխարների հոտը չի կարողանում հասկանալ, թե ինչ նպատակների համար է նրանցից մեկը գիրացվում։ Թե ինչի համար է գիրացվում ոչխարը (մորթվում է մսի համար), հեշտությամբ կարող ենք հասկանալ, եթե դադարենք մտածել, որ այդ բոլորը արվում է «իրենց ոչխարային նպատակների համար»։ Նպատակներն այլ են, դրանք ոչխարային գիտակցության սահմաններից դուրս են։ Ճիշտ այդպես էլ, կան նպատակներ, որոնք դուրս են մարդկային գիտակցության սահմաններից։ Եվ ո՞վ գիտե, թե ում ոչխարներն ենք մենք, և ինչպիսի վերջնական նպատակների համար ենք նախատեսված։
  • Մենք քնում ենք, հանգիստ ենք, քանի դեռ չենք սիրում։ Մենք հողեղեն արարածներ ենք… բայց սիրեցիր թե չէ – Աստված ես, մաքուր ես, ծնված առաջին օրվա պես…
  • Մեծությունից մինչև ծիծաղելին միայն մի քայլ է։ Եվ մեծություն չկա այնտեղ, ուր չկա պարզություն, բարություն ու ճշմարտություն։
  • Երջանիկ լինելու համար պետք է հավատալ երջանկության հնարավորությանը։
  • Ես կյանքում միայն երկու դժբախտություն գիտեմ. դա խղճի խայթն է և հիվանդությունը։ Եվ միակ բարիքը – այդ չարիքների բացակայությունն է։
  • Պետք է ապրել։ Պետք է սիրել։ Պետք է հավատալ։

Վեպի մասին

խմբագրել
  • «Պատերազմ և խաղաղությունը» կարդալուց հետո ձեզ չի՞ թվում, արդյոք, որ փոխվում է մարդու աչքերի գույնը, նույնիսկ շուրթերի ձևը։ Գրքերը վերափոխում են մարդու օրգանիզմը, այո, փոխում նրա արյունը, նրա արտաքինը[3]...
Կոռնեյ Չուկովսկի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղություն, հատոր 2, Երևան, 1975, էջ 286։
  2. Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղություն, հատոր 2, Երևան, 1975, էջ 468։
  3. Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղություն, հատոր 1, Երևան, 1975, էջ 5։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա