Ռաֆայել Արամյան

հայ արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Գևորգի Արամյան (1921, նոյեմբերի 29, Վաղարշապատ - 1978, օգոստոսի 7, Երևան), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1950)։

Քաղվածքներ

խմբագրել
  • Երեխաները, որքան էլ երեխա են, ինչ-որ բանով նման են մեզ, նրանք էլ գիտեն իրենց սահմանը, գիտեն, թե որտեղից պետք է ետ վերադառնան, իսկ եթե անցնում են սահմանը, վերջում պատժվում են համարձակության համար՝ այնպես, ինչպես մենք[1]։
  • Նա, ով լքում է իր հայրենիքը, նա աղքատացնում է իրեն և հայրենիքը[1]։
  • Ծառ չկա, որի միջով քամի չանցնի[1]։
  • Երբ մեջքդ էլ չի ուղղվում, և ծունկդ էլ չի ծալվում, գալիս է ժամը տխուր երգերի[1]։
  • Ասում են մի չար մարդ է եղել և որքան չարություններ, վատություններ է արել, այնքան մեխ է խփել իր տան առջև ծառի բնին։ Մեկ օր էլ տեսել է, որ էլ տեղ չի մնացել ու մեխը մեխին անհնարին է խփել, գնացել է իմաստունի մոտ ու ասել.
-Իմաստուն, իմաստուն, ես իմ ամեն մի չարությունից հետո մի մեխ եմ խփում ծառի բնին, և հիմա էլ տեղ չի մնացել, ի՞նչ անեմ։
Եվ իմաստունը, որ իսկապես իմաստուն էր, ասել է.
-Գնա և հիմա միայն լավություններ ու բարություններ արա, ու ամեն բարությունից հետո մի մեխ դուրս քաշիր ծառի բնից և երբ բոլոր մեխերը կհանես, արի ինձ մոտ։
Անցել են տարիներ։ Չար մարդը բարություններ է արել և մեկ օր նորից գնացել է իմաստունի մոտ, հիշեցրել նրան, թե ով է ինքը ու ասել.
-Հիմա ծառի բնին էլ մեխ չկա, տեղ բացվեց։
Իմաստունը, որ իսկապես իմաստուն էր, տխրել է, և ասել.
-Մարդ, ես քեզ այս ամենն ասացի, ոչ թե տեղ բացելու համար, այլ որ տեսնես ու հասկանաս, թե որքան էլ բարություն անես, չարություններիդ հետքերը միշտ մնալու են ծառի բնին։
-Իսկ ես հենց դրա համար էլ ուզում եմ նորից մեխեր խփել, որ հետքերը չմնան, - ասել է չար մարդը։
Եվ իմաստունը, որ իսկապես իմաստուն էր, հանկարծ հասկացել է, որ ինքն այնքան էլ իմաստուն չէ ու լռել, ոչինչ չի պատասխանել[1]։
  • Ավելի լավ է առյուծի կեր լինեմ հայրենիքում, քան թե աղվեսի շուքի տակ ապրեմ[1]։
  • Շրջող աղվեսն ավելի շատ բան գիտի, քան քնած առյուծը[1]։
  • Գայլը փարախում ձագեր է բերել, և դա մեր շների հեզությունից է[1]։
  • Մեզանից ով էլ իր շալվարին այսքան կարկատան ունենա, պարզապես կմնա նստարանին կպած ու երբեք չի շարժվի տեղից[1]։
  • Բաներ կան, որ չես կանխի, ու նրանք գալու են, երբ պետք է գան, և ամենից լավը պատրաստ լինելն է...[1]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Ռաֆայել Արամյան, Մեռած քաղաքի պարիսպների տակ, Երևան, «Հայաստան», 1970, 272 էջ
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռաֆայել Արամյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: