Տիեզերքը ափի մեջ
«Տիեզերքը ափի մեջ», ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս-աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի գիրքը, որը լույս է տեսել 1987 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ճանաչելիության հարցում մարդու կարողությունը չի անցնում, չի կարող անցնել մի որոշակի սահմանից։ Մարդը կազմում է ընդամենը մի մասը բնության, իսկ մի մասը չի կարող ընկալել ամբողջը, չի կարող հավասար լինել ամբողջին։ Մյուս կողմից՝ չի կարելի իմանալ մասը՝ չիմանալով ամբողջը։ Եվ ապա՝ չի կարելի իմանալ ամբողջը՝ չիմանալով մասը…[1]
- Մեր անցյալը, այո՛, չի եղել անբասիր, բայց այս մեկը՝ պետական ցինիզմը, չի եղել, բնա՛վ․․․ այսօր դա կա, և դա էլ դարձրել է մեր կյանքը, մեր վաղվա օրը այսքան անհույս․․․
- Առյուծի և մարդու բիոքիմիան այստեղ՝ Երկրի մոլորակի վրա, նույնն է, բայց նրանց միջև չկա կոնտակտի հնարավորություն, թեպետ այս հարցում առյուծը, իհարկե, ունի իր կարծիքը․․․ Այդ դեպքում ինչու պիտի զարմանալ կոնտակտի անհնարինության վրա «այստեղի» Մարդու և «այնտեղի» Մարդու միջև՝ բոլորովին տարբեր բիոքիմիաներով ստեղծված։
- Երկինք ու երկիրը, ողջ տիեզերքը չեն զգում իրենց գոյությունը, հետևաբար չեն ապրում գոյության երջանկությունը, իսկ մարդը դա զգում է։ Միայն մարդուն է տրված դա՝ լինելու, գոյություն ունենալու երջանկությունը։
- Հայկական հին ճարտարապետությունը, իհարկե պետք է դիտել որպես մարդկության կուլտուրայի խոշորագույն երևույթներից մեկը։ Նաև զարմանալի երևույթներից մեկը։ Այն իքնատիպ է, իր ակունքներում ամբողջովին ինքնուրույն, ուստի և ազգային։ Միևնույն ժամանակ անմատչելի ու խորթ չէ օտարին։ Նրա մեջ կա ինչ-որ վեհ, զգաստացնող մի բան, որը հարկադրում է ակամա լրջանալ, ձգվել։ Առաջին հանդիպումը հին հայկական ճարտարապետության հետ, լինի տաճար թե մահարձան, տապանաքար, փլատակ կամ կանգուն վիճակում, ներգործում է գրեթե միատեսակ, անկախ այն բանից, թե ով է այդ մարդը կամ ինչ ազգի, դա զարմանքն է, երբ մարդ մի պահ կանգ է առնում, քարանում տեղում ու փորձում հասկանալ, թե որտեղ է ինքը գտնվում։ Եվ ապա՝ վեհության հարուցած պատկառանքը։ Հաղորդակցվելն այդ լուռ խորհրդավորության հետ։ Եվ զգալ, որ ինչ որ բան է անցնում իր մեջ, ներծծվում այդ ամենից, ինչին հայացքն է դիպչում գմբեթը, տանիքի թեք սալերը, քիվերը, պատերը, դեկորները, բոլորն էլ՝ տարբեր, բոլորն էլ կատարյալ։ Զգացմունքը որպես ներաշխարհային կատեգորիա, ազգային պատկանելություն չունի։ Հայկական ճարտարապետության հանդեպ չի կարող անտարբեր մնալ ոչ ոք, ով զուրկ չէ զգացումից։
- Իսկ ինչ ասել Աշտարակի Կարմրավորի մասին, մի գողտրիկ հրաշք, այնքան քնքուշ, այնքան մտերմիկ, որ մարդ ակամա ձեռքերն է մեկնում ափը վերցնելու, գուրգուրելու այդ քարե փունջը։ Ինձ այնպես է թվում, որ այդ ապշեցուցիչ համաչափությունն ու անթերի ներդաշնակությունն ստեղծողի ականջին գլխահակ մուրճն ու բրիչը ձեռքին աշխատելիս հնչել է մի տարաշխարհիկ սիմֆոնիա երգեհոնային նվագակցությամբ։
- Չէ՞ որ գաղտնիք չէ, որ չորս միլիարդ մարդուց բաղկացած այս աշխարհում ստեղծվել է տասնվեց միլիարդ տոննա ռումբ, ասել է թե՝ չորս տոննա ռումբ՝ մեկ մարդու համար։ Ոչնչացնելու համար մարդուն չորս տոննա քարն էլ բավական է երևի։ Մինչդեռ այսօրվա քաղաքակրթությունը չի հասել այն բանին, որ ստեղծի մեկ մարդուն չորս տոննա հաց․․․
- ․․․իսկ կա՞ ավելի քաղցր բան, քան ժպիտն է կին արարածի․․․
- Մարդը, մարդ արարածը պիտի հոգի ունենա։ Թող նա չունենա ոչինչ, չունենա կապ աշխարհի հետ, բայց ունենա հոգի, նա կունենա ամեն ինչ, նա կտեսնի ու կլսի Տիեզերքը․․․
- Կարելի է ասել, որ մարդու գործունեությամբ տիեզերքը դառնում է մի փոքր ավելի բազմազան։ Մարդը ստեղծել է արվեստ, գրականություն. սրանք տիեզերքում չկան։ Թեպետ ներշնչումը, այո, գալիս է բնությունից։ Մարդը ստեղծել է հավատ, կրոն, մի հոյակապ պատրանք, որն իր բոլոր տարատեսակներով խաղացել է այնքան վիթխարի դեր՝ իր իսկ մարդու ճակատագրում։ Բայց կրոն նույնպես չկա բնության մեջ։ Մարդը ստեղծեց ամենաահավոր բանը՝ ոսկու կուռքը, կատարյալ տիեզերական մի պատուհաս, «ոսկի, աստված չես, բայց պակաս էլ չես», անթիվ-անհամար ողբերգություննների, կրքերի, մտքի ու երևակայության զարգացման, հենց իր՝ մարդու ամենաակտիվ գործունեության մի ապշեցուցիչ ու անսպառ աղբյուր։
- Պարզ է արդեն, մեր հինգ զգայարաններով չի սպառվում տիեզերքը, պիտի որ լինեն, գոյություն ունենան էլի ինչ-ինչ միջոցներ ուրիշ զգայարանների համար «տեսանելի», իսկ մեզ համար անտեսանելի, անմատչելի։ Բայց հարց է՝ կհասկանանք մենք դրանք՝ այդ ինչ-ինչ բաները։ Հազիվ թե, եթե հասկանանք, կնշանակի՝ դա «ուրիշ բան չէ», մեր «խմորից» է։
- ․․․բայց նրանք հասու կլինեն մե՛ր գոյության մասին, կիմանան մեր ինչ լինելը, կիմանան որպես, իրենց չափանիշներով, դեռևս կիսակապկային-կիսամարդկային դարաշրջանում գտնվող խառնիճաղանջ արարածներից բաղկացած անհաշտ-անհամերաշխ մի զանգված, մի խելագար կիսախելագար ամբոխ․․․ որից իրենք չունեն ոչինչ սովորելու, և որի հետ չարժե գլուխ դնել․․․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրիգոր Գուրզադյան «Տիեզերքը ափի մեջ»։ grqamol.am (հոկտեմբերի 16, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 28, 2015 թ․։
Աղբյուրներ
խմբագրել- Գրիգոր Գուրզադյան։ goodreads.com։ Վերստացված է՝ սեպտեմբերի 28, 2015 թ․։