Օփրա Ուինֆրի
Օփրա Ուինֆրի (Օփրա Գեյլ Ուինֆրի) (անգլ.՝ Oprah Gail Winfrey, հունվարի 29, 1954, Կոսցյուշկո, Միսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օփրա Ուինֆրիի շոու» թոք-շոուի հաղորդավար, պրոդյուսեր, հասարակական գործիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Կարելի է ընտրել այն աշխատանքը, որը քեզ խորհուրդ են տվել ծնողներդ, կարելի է աշխատել միայն հարստանալու և հայտնի դառնալու համար։ Բայց այս ամենը չի աշխատի, եթե դուք ազնիվ չեք ինքներդ ձեզ նկատմամբ[1]։
- Չկա ավելի վատ բան, քան ստիպել մարդուն զգալ, որ ինքը ոչնչություն է։ Իմ հարցազրույցների ամենամեծ գաղտնիքը հետևյալն է՝ թույլ տալ մարդուն զգալ իր արժեքը։ Մարդիկ այդքան հեշտությամբ անկեղծանում են իմ հեռուստահաղորդումների ընթացքում, քանի որ ես ինքս էլ անկեղծանում եմ։ Նրանք հասկանում եմ, որ ես իրենց վրա չեմ ծիծաղում[1]։
- Այն, ինչից դուք վախենում եք, չի իշխում ձեզ վրա։ Իշխում է ձեզ վրա միայն վախը[1]։
- Եթե դուք կենտրոնանում եք ինչ-որ լավ բանի վրա, ձեզ մոտ ամեն ինչ ավելի լավ կստացվի։ Ինքս իմ մասին կարող եմ ասել, որ նոր հնարավորություններ, հարաբերություններ և գումարներ ձեռք եմ բերել այն դեպքում, երբ սովորել եմ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ կատարվում է իմ կյանքում[1]։
- Հաջողությունը ես ընկալում եմ՝ որպես գործընթաց[1]։
- Երբեմն ես ցանկանում եմ գնալ բանկ և ասել՝ ցույց տվեք իմ գումարները։ Քանի որ, երբ ես թիվ եմ տեսնում թղթի վրա, չեմ հավատում, որ կարելի է տպել ցանկացած բան[1]։
- Ես սիրում եմ, երբ ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր ինձանից լավ են գլուխ հանում որոշ բաներից. ես նրանցից շատ բան կարող եմ սովորել[1]։
- Դասերից մեկը, որ ես սերտել եմ, հետևյալն է՝ ձեր ողջ բիզնեսի համար դուք ինքներդ եք պատասխանատու։ Դուք կյանքից ստանում եք այն ամենը, ինչ համարձակվում եք խնդրել[1]։
- Մինչև հարցազրույցը սկսելը ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ո՞րն է իմ նպատակը, ինչի՞ եմ ցանկանում ես հասնել։ Մի՛ դատապարտեք այն մարդուն, ում հետ խոսում եք։ Այլապես լավ հարցազրույց չի ստացվի[1]։
- Եթե դու չգիտես՝ ինչ անել, ավելի լավ է ոչինչ չանել[2]։
- Կարելի է զբաղվել ինչ-որ բանով, քանի որ դա ցանկանում են քո ծնողները։ Կարելի է, քանի որ դու մտածում ես, որ դա քեզ կհարստացնի կամ հայտնի կդարձնի։ Սակայն այդ ամենը չի աշխատի, եթե դու անկեղծ չլինես ինքդ քեզ հետ[2]։
- Ես աղջիկների դպրոց եմ բացել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, քանի որ ցանկանում էի որևէ պիտանի բան անել։ Կրթությունն ինձ համար ինչ-որ ժամանակ լույս դարձավ։ Եվ ես ցանկանում եմ աֆրիկացի աղջիկների համար անել նույնը, ինչ արել են ինձ համար իմ ուսուցիչները[2]։
- Այժմ ես աֆրիկյան ծագումով ամերիկուհի եմ։ Իսկ նախկինում գունավոր էի, նեգր։ Դա միակ բանն է, որ ես կյանքում գիտեմ. ինչ է նշանակում՝ լինել սև կին։ Եվ ես ցանկանում եմ, որպեսզի դա լինի էկրանին[2]։
- Երբ դու կենտրոնացած ես լավ բանի վրա, քեզ մոտ ամեն ինչ ավելի լավ է ստացվում։ Ես նոր հնարավորություններ, հարաբերություններ և նույնիսկ գումար ձեռք բերեցի, երբ սովորեցի շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ կատարվում է իմ կյանքում[2]։
- Հաջողությունը գործընթաց է։ Իմ առաջին «ճառը» երեք տարեկանում՝ եկեղեցում՝ Սուրբ Զատկին, սկիզբն էր։ Այնուհետ յուրաքանչյուր նոր ելույթ, յուրաքանչյուր կարդացած գիրք, յուրաքանչյուր հանրային ելույթ դառնում էր ևս մեկ աղյուս։ Արդեն տեսախցիկի առաջ ես անմիջապես ինձ հանգիստ զգացի[2]։
- Ես կանգնած էի պատշգամբում, իսկ իմ տատիկը սպիտակեղենն էր եռացնում՝ խառնելով այն երկար փայտով։ Ես 4 տարեկան էի։ Հիշում եմ՝ այն ժամանակ ես մտածեցի. «Ես այսպես չեմ ապրի. Իմ կյանքն այլ կլինի»[2]։
- Ինքս իմ հանդեպ ունեցած հավատի համար ես պարտական եմ գրքերին։ Նույնիսկ կյանքի ամենամութ պահերին (օրինակ, երբ ինձ բռնաբարում էին) ես գիտեի, որ կա ելք, կա մեկ ուրիշ կյանք։ Որովհետև ես այդ մասին կարդացել էի[2]։
- Ես կյանքում շատ եմ կարիքի մեջ եղել, այդ իսկ պատճառով՝ շատ գումարներ վաստակել և չիմանալ, թե ինչի համար դրանք ծախսել, սա ինձ համար անընդունելի է։ Դասերից մեկը, որ ես սովորել եմ, այն է՝ դու պատասխանատու ես քո ամբողջ բիզնեսի համար։ Ես անձամբ եմ ստորագրում յուրաքանչյուր կտրոն, չնայած դա հոգնեցուցիչ է, այժմ դրանք այնքան շատ են[2]։
- Դու ստանում ես կյանքից այն, ինչ համարձակվում ես խնդրել[2]։
- Այն, ինչ կազմում է իմ առօրյա կյանքը, անհնար է համատեղել ավանդական ամուսնություն ասվածի հետ։ Շոուն դարձել է իմ կյանքը, իմ երեխան։ Ես չէի կարող ամեն ինչ թողնել ու վազել տուն՝ ընթրիք պատրաստելու համար[2]։
- 12-ժամյա աշխատանքային օր. դա քիչ է ինձ համար։ 12 ժամ աշխատելուց հետո ես փնտրում եմ, թե ինչով կարելի է զբաղվել։ Ես գալիս եմ տուն և չգիտեմ, թե ինչ անել։ Իսկ երբ ես աշխատում եմ 14-16 ժամ, ես ինձ ավելի լավ եմ զգում[2]։
- Ես պատահաբար հայտնվեցի հեռուստատեսությունում, պատահաբար հայտնվեցի ռադիոյում։ Սակայն ես լավ պատրաստված էի այդ պատահականություններին։ Հաջողությունը ոչ միայն ստացված հնարավորությունն է, այլև նրանից օգտվելու պատրաստվածությունը[2]։
- Կյանքում սխալների մեծամասնությունը ես գործել եմ, երբ փորձել եմ անել ինչ-որ բան ուրիշների հաճույքի համար[1]։
- Կարևոր չէ, թե ով ես դու, որտեղից ես եկել։ Հաղթանակի հնարավորությունը քո մեջ է[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 10 աստիճան՝ հաջողության հասնելու ճանապարհին։ 168.am (ապրիլի 23, 2013 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Օփրա Ուինֆրիի բիզնեսի կանոնները. «Եթե դու չգիտես՝ ինչ անել, ավելի լավ է ոչինչ չանել»։ 168.am (մարտի 22, 2013 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։