Արա Հարությունյան
հայ քանդակագործ, արվեստների գործիչ
Արա Արմենի Հարությունյան (մարտի 28, 1928, Երևան - փետրվարի 28, 1999, Երևան), հայ քանդակագործ, մոնումենտալիստ, գծանկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1964), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), պրոֆեսոր (1988), ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1988)։
Քաղվածքներ
խմբագրել- Իմ ստեղծագործության հիմնական աղբյուրը ֆանտազիան է։ Այն խորհրդանիշների, զգացողությունների և կերպարների աշխարհ է՝ կապված բնության հետ։ Բնությունն է արտիստին ընձեռնում ձևի արտահայտման հնարավորությունը[1]։
- Մարդուն միշտ ուղեկցում է ինչ-որ բան ստեղծելու ներքին պահանջը, իսկ նկարչի դեպքում դրանք ոչ թե ծրագրեր են, այլ երազանքներ, որոնք նա ձգտում է իրականացնել։ Ես կարծում եմ, որ ստեղծագործողը երբեք չի ծերանում, ինչպես որ չի ծերանում իսկական արվեստի էությունը՝ հավերժական ճշմարտությունը։
- Հայրենասիրության թեման իմ ստեղծագործության հիմքն է[2]։
- ... ինձ համար Կոմիտասը սրբության սրբոց է։ Նրա մեծությունը, նրա գործն անչափելի են։ Մինչև այս պահն անընդհատ Կոմիտաս եմ երազում ու քանդակում և միակ իղձս իմ ընտրած Կոմիտասը տեսնել Երևանում[2]։
- Մարդու համար գլխավորը ստեղծելու ունակությունն է։ Ոչ թե սպառելու, այլ ստեղծելու։ Հոգևոր և նյութական բարիք ստեղծելը[2]։
- Իսկական արվեստագետի էական հատկանիշներից մեկը խիզախություն, ռիսկ ունենալն է[2]։
- «Արվեստագետի մոտ ավելի գնահատում եմ իր ժողովրդին ծառայելը։ Իր ժողովրդին հոգեպես հարստացնելը։ Իր ժողովրդին բարձրացնելը[2]։
- Բարձրագույն պարգև ինձ համար եղավ, երբ մի ծերունի ձեռքս համբուրեց Սարդարապատում, շատ անհարմար զգացի, բայց և շատ հուզվեցի[2]։
- «Մայր Հայաստան»-ի գաղափարը մի զգալի չափով արդեն կանխորոշված էր, կար պատվանդանը, որոշել էին նաև հուշարձանի նշանակումն ու իմաստը, տեղն ու կողմնորոշումը։ 22 մետրանոց կոփածո պղնձից արձանը լինելու էր քաղաքի, երկրի պահապանը, ժողովրդի սիմվոլը։ Քանի որ այն անձնավորելու էր ժողովրդի, մայր հողի գաղափարը, ես ընտրեցի թրով աղջկա, կնոջ, մոր կերպարը։ Իհարկե, թրով կանայք աշխարհում շատ են ստեղծվել, և ես բնավ չեմ հավակնել հայտնագործություն անել։ Չեմ էլ ձգտել շոյել դիտողի հայացքը արձանի մեղմիկ ձևերով։ Պատերազմին նվիրված թանգարան-պատվանդանի վրա դրվող արձանը պետք է խիստ ու մոնումենտալ լիներ։ Նա պետք է արտահայտեր առնականություն, ուժ, հերոսականություն, հաղթանակ։ Իսկ պատվանդանի ուղղահայաց ձևերը պետք է հատվեին հորիզոնական ծավալներով։ Պատվանդանի երեք քառորդների համար էլ գտանք արձանի համապատասխան լուծում՝ թրի հորիզոնական շարժումը։ Այդ շարժումը սիմվոլիկ է, թուրը պատյան է դրվում, բայց զգացվում է նաև հանելու պատրաստակամությունը։ Սա կատարվող գործողության երկրորդ իմաստն է, և, իր հերթին, խորհրդանշում է այն, որ մեր ժողովուրդը միշտ պատրաստ է, և հարկ եղած դեպքում պաշտպանելու է իր ձեռք բերած հաջողությունները, իր սիրասուն հայրենիքը։ Ֆիգուրատիվ լուծում որոնելիս եղան բազմաթիվ տարբերակներ, որոնց մեջ կար նաև մոնումենտի շարունակությունը զինվորով ավարտելու տարբերակ։ Սակայն զինվորը կարող էր խորհրդանշել միայն ռազմական ուժի՝ բանակի հաղթանակը, ուստի ամբողջ հայ ժողովրդի գաղափարը պահանջում էր ընտրել Մայր Հայաստանի կերպարը։ Արձանը կոփածո պղնձից է՝ հավաքված երկաթյա հիմնակմախքի վրա։ 22 մետրանոց արձանը կշռում է մոտ 22 տոննա[3][4]։
Մեջբերումներ Արա Հարությունյանի մասին
խմբագրել- Հարությունյանի ճարտարապետական և քանդակագործական լուծումներով են պայմանավորված ժամանակակից Երևանի պլաստիկ-գեղագրական արտահայտչականությունը, խորհրդանիշների լեզուն և պատմական զուգորդումները[5]։
- Ա. Կամենսկի
- Արա Հարությունյանի արվեստը, նախ և առաջ, հանդիսանում է օրգանական, ոչնչով չխաթարվող միասնություն։ Նա մեկն է այն վարպետներից, ովքեր նշմարեցին գեղարվեստական փնտրտուքների ուղղությունը և արարման գործող պրակտիկայում հաստատեցին արվեստի նոր գաղափարներ[6]։
- Վ. Ցելտներ
- Քանդակագործին տրված էր մարդկանց, ժողովուրդների ճակատագրերում ու պատմական հեռու և մոտիկ ժամանակների մթնոլորտներում մտովի ներթափանցման շնորհ։ Նրա քանդակներում կենդանություն էին առնում արևելյան դիցաբանության կերպարները։ Նա սեփական արտիստիզմով էր առարկայացնում Հին Արևելքի մոնումենտալ արվեստի ավանդույթները։ Հարությունյանը ստեղծեց վառ ինքնատիպությամբ առանձնացող իր ոճը։ Նա ստեղծագործական մեծ դիապազոնի տեր էր։ Նրա բոլոր գործերում զգալի են վարպետությունը, հոգու բարձր թռիչքը, անսպառ եռանդն ու ինքնատիպությունը[7]։
- Սերգեյ Օռլով
- Միայն մեծ վարպետը կարող է միահյուսել իր արվեստում անցյալի մշակութային գանձերի նկատմամբ խոնարհումը, ժամանակակից կյանքի ռիթմի զգացողությունը և զմայլանքը մարդկային գեղեցկության հանդեպ[8]։
- Ս.Կապլանովա
- Գեղագիտությունն, ինչպես և ամեն ինչ աշխարհում, ապրում է պատմության մեջ և պատկանում է նրան։ Պատմության տարբեր շրջաններում ձևավորվել են այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են պարզ գծերի և մաքուր տարածության գեղագիտությունը, ազգային հիմքի և ճակատագրի գեղագիությունը։ Այս ամենի կենդանի, օրգանական միասնության մեջ է Արա Հարությունյանի արվեստի ուժը[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արա Հարությունյանի պաշտոնական կայքէջ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ղ. Հայրապետյան. Արվեստի ճշմարտությունը հավերժական է. Հարցազրույց Արա Հարությունյանի հետ//Երեկոյան Երևան, N163,1977
- ↑ Зурабов Б. А. Арутюнян. Мастера советского искусства. Москва. Советский художник,1986.
- ↑ «Քաղաքն ու քանդակագործը», «Սովետական Հայաստան», N9, 1973:
- ↑ «Ճակատագրեր և բնավորություններ», «Ստեղծագործություն», 1983, №7 (А. Каменский.Судьбы и за характеры.Журнал «Творчество», 1983, №7.
- ↑ «Արա Հարությունյանի արվեստի աշխարհը», «Արվեստ»,1983,№12 (В. Цельтнер. Мир искусства Ара Арутюняна. Журнал «Искусство».1983, № 12.
- ↑ Ա.Ա.Հարությունյանին նվիրված ստեղծագործական հուշ-երեկո: Ժամանակակից ռուսական քանդակագործության կայք: Մոսկովյան քանդակագործների միավորում.2013 թ: (Сергей Орлов. Творческий вечер памяти профессора А. А. Арутюняна. Портал современной российской скульптуры. Объединение Московских Скульпторов.2013 г..
- ↑ Արա Հարությունյան: Մ., 1968 ( С. Капланова. Ара Арутюнян. Монография.М., 1968..
- ↑ Г. Кнабе. А.Арутюнян. Надежда // Декоративное искусство, 1984, № 1