«Ընձենավորը» (վրաց.՝ ვეფხისტყაოსანი, Վեփխիստղաոսանի), Շոթա Ռուսթավելու էպիկական պոեմը։ Գրել է 12-րդ դարում, հավանաբար՝ 1189-1212 թվականների միջև։ Պոեմը համարվում է վրացական վերածննդի գրականության նմուշներից։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ձմեռը մեզ չէր սառեցնի, թե մեր արփին չհեռանար։
  • Առյուծի ձագն առյուծ է միշտ, էգը որձին է հավասար։
  • Սերն է մարդուն դարձնում վշտոտ, սիրով տարվածն է վշտալի։
  • Կսանձվի ըմբոստն ինքը՝ առատաձեռն թե գտնվես։
  • Ուտել-խմելն է օգտակար, կուտակելուց օգուտ չկա,
Դու էլ բաշխիր, առա՛տ բաշխիր, առնող-տվող ծովը որպես։
  • Ով է շահել դեռ մարգարիտ՝ առանց ջանքի, առ և տուրի։
  • Վատը լավի ոք չի փոխի, ոք չի ծնվի նորից անգամ։
  • Անկարելին չի՛ կատարվի, ոք չի՛ կարող բախտն իր փոխել։
  • Զի յոթն անգամ, ասված բան է, արժանի է մեղքը ներման։
  • Վարդն արցունքից չի թառամի։
  • Կարգ է, սակայն՝ սիրահարին միշտ սիրահա՛րն է կարեկցում։
  • Բայց զգույշ կաց, գործը կանեն ծանր ու թեթև հարյուր անգամ։
  • Բժիշկը երբ հիվանդանա, ինչքան էլ նա հմուտ լինի,
Ուրիշ բժիշկ պիտի կանչի` իր երակը զննի, քննի։
  • Բախտը մարդուս դեմ է գալիս եղանակի նման տարբեր։
  • Ցրտահարին տաքացնելու՝ ջուր սրսկելն է ավելորդ։
  • Անիծյալ սիրտը մարդու, ագահ է նա, չի հագենում,
Թեև կրած վիշտն ամենայն` նորից խինդ է նա փափագում։
  • Սրտին ասում. «Համբերություն` այս է աղբյուրն իմաստության»։
  • Թե աստծուց խինդ ենք ուզում՝ վիշտը նույնպես պիտի տանենք։
  • Ուխտադրուժի գործը երբեք հաջողությամբ չի վերջանա։
  • Կեցցե՛ խոսքը, մարդը կեցցե՛, կեցցե՛ գործը նրա արած։
  • Ասված բան է՝ «Կաշառքն իրոք կհեշտացնի դժոխքն անգամ»։
  • Երբ որ վարդը թառամում է, էլ չի՛ ուզում սոխակն ապրել։
  • Լավ է չապրի մարդս իսկի, քան թե ապրի անբավական։
  • Ե՞րբ է եղել, որ անարդար գործը մի օր աստված ների։
  • Ամեն ստոր ու դավաճան՝ աստված ատում՝ նոր են խաբում։
  • Երկդիմույթու՛ն, կեղծի՛քն իրոք վնասում է հոգու, մարմնի։
  • Սուտն է հիմքը դժբախտության ու փորձանքի։
  • Բարձրացնում է սերը մարդուն։
  • Վաստեկելը ազնիվ անուն՝ վեր է ամեն վաստակածից։
  • Անփառունակ կյանքից սակայն՝ փառքով մեռնելն է ցանկալի։
  • Սխալվում է, ով ամեն պահ մահվան գալուն չի սպասում։
  • Ով չի փնտրում բարեկամին՝ նա թշնամի է ինքն իրա։
  • Արին պիտի լինի արի, կարողանա լացը զսպել։
  • Մարդը վշտին տրվում է լոկ գիտակցությամբ իր սեփական։
  • Ուսումը քեզ օգուտ չի տա՝ թե չլսես գիտնոց խոքին
Չես գործածի` ի՞նչ շահ կանես պահած գանձից, թեկուզ ոսկի։
  • Քաղցրին դառնով հասիր, լավն այն է, ինչ գտնես դժվար,
Սիրունը թե էժան դարձավ` ջրի անգամ արժեք մի տար։
  • Ուսուցողին՝ խելոքն ի սեր, մինչ հիմարին՝ սիրտ կմերժե։
  • Կրակին մոմն է ցեղակից, նրանով է մոմը վառվում։
  • Մի ցավ եթե քաշել է մարդ՝ ուրիշին էլ է հասկանում։
  • Սերը ցավի հետ է կապված, նա մեզ մահվան է մոտեցնում,
Անգետներին կրթում է նա, գիտուններին` խելքից գցում։
  • Կռահու՞մ է վարդը արդյոք, որ կթոշնի առանց արև,
Կամ մենք գիտե՞նք` ինչ կլինի` արևն անցնի բլրի ետև։
  • Վախից սեր է առաջանում։
  • Լավ է կնոջից հեռու մնալ, թե կարող է մարդն այդ անել։
  • Չի՛ կարելի ոչ մի գաղտնիք կնոջն ասել։
  • Բժիշկն ինչպե՞ս պիտի բուժի, եթե ցավը չասեն նրան։
  • Մարդը չի կարող ոչինչ անել, բախտն իր եթե չցանկանա։
  • Ինչով լի է կուժը եղել՝ կժի միջից այն է թափվում։
  • Ոսկին իրեն սիրողներին ուրախություն չի հասցնում։
  • Թե չոր սիրտն է մարդուն արատ, մինչ կնոջը՝ բարքն անառակ։
  • Թող աշխարհին նա վստահի, ով որ ինքն է իր թշնամին։
  • Անգետը միշտ թող հալածվի՝ գիտնոց խելքից, զոր ու կարից։
  • Ում երկար էր կյանքը թվում, վայրկյան էր նա և նրա համար։
  • Բախտը ամեն բան շուռ է տալի,
Երնեկ նրան, ում չնենգեց նա կրկնակի։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ընձենավորը հոդվածը նաև Վիքիպեդիայում: