Ռաբինդրանաթ Թագոր

Բենգալի բանաստեղծ եւ փիլիսոփա
(Վերահղված է Ռաբինդրանաթ Տագորից)

Ռաբինդրանաթ Թագոր (բենգալերեն՝ রবীন্দ্রনাথ ঠাকুর) (մայիսի 7, 1861 — օգոստոսի 7, 1941), հնդիկ բանաստեղծ և փիլիսոփա։ 1913 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Ռաբինդրանաթ Թագորը

Քաղվածքներ

խմբագրել
  • Իմ երկրի լույսը, իմ երկրի երկինքը կամացուկ ինձ ետ են կանչում[1]։
  • Մարդն ավելի վատ է կենդանուց, երբ նա դառնում է կենդանի[2]։
  • Պաշտիր սերը, եթե մինչև իսկ նա քեզ վիշտ բերի[3]։
  • Հարատև չէ ուրախությունը. ցողի կայլակի պես նա մեռնում է ժպտալով։ Իսկ վիշտն ուժեղ է և անդրդվելի[3]։
  • Չպարզված սերը սուրբ է։ Փակված սրտի խավարում նա փայլում է պատվական քարի պես։ Օրվա տարօրինակ լույսի տակ նա ցավալիորեն աղոտ է, դժգույն[3]։
  • Դու ո՛չ միայն աստծու ստեղծագործությունն ես, ո՛վ կին, այլև տղամարդկանց. այդ նրանք են իրենց հոգու գեղեցկությամբ քեզ միշտ զարդարում։ Ոսկե երևակայության մանվածքից բանաստեղծները քեզ համար հյուսվածք են գործում, իսկ նկարիչները միշտ նոր անմահություն են դրոշմում քո դեմքին։ Ծովը իր մարգարիտն է տալիս, հանքերը՝ ոսկին, ամռան պարտեզները ծաղկունք են շնորհում, որ զուգեն, զարդարեն քեզ ու դարձնեն ավելի թանկագին։ Տղամարդու սրտի ավյունն ու տենչը իրենց փայլով շուք են տալիս քո ջահելությանը։ Դու կես կին ես, կես ցնորք[3]։
  • Ամեն բան իր չափն ու սահմանն ունի, և գիշերվա մենությունը պատկանում է ամեն մեկին[3]։
  • Ոչ ոք անմահ չէ, և ոչինչ հավիտյան չի մնում։ Կյանքը հին սովորական բեռը չէ, և ոչ էլ երկար է մեր բռնած ճամփան[3]։
  • Միշտ միակ և նույն երգիչը չէ, որ երգում է, ոչ էլ հավիտյան նույն հին երգն է նա երգում[3]։
  • Ծաղիկը թառամում է ու մեռնում, բայց նա՝ ում ձեռքին է այդ ծաղիկը, հավիտյան չպիտի արտասվի նրա համար[3]։
  • Բացարձակ լռությունն է միայն, որ պսակում է երգի կատարելությունը[3]։
  • Կյանքը ոսկեղեն ստվերն սուզվելու համար թեքվում է արևմուտք։ Սերն էլ, արցունքների երկինքը համբառնալու համար՝ պետք է թողնի իր խաղերն ու սպառի բոլոր տանջանքները[3]։
  • Գեղեցկությունը քաղցր է մեզ համար, որովհետև նա պարում է նույն փութանցիկ նվագի եղանակով՝ ինչպես մեր կյանքը[3]։
  • Գիտությունը բաղձալի է մեզ համար, որովհետև մենք երբեք ժամանակ չենք ունենալու ավարտելու այն։ Ամեն ինչ կատարվել է, ամեն ինչ վերջացել է հավիտենական երկնքում։ Բայց երկրի խաբուսիկ պատրանքների ծաղիկներին մահն է միայն հավերժ թարմություն շնորհում[3]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 33. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 63. ISBN 99930-2-263-2. 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ռաբինդրանաթ Թագոր, «Պարտիզպանը», Հայպետհրատ, Երևան, 1955


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռաբինդրանաթ Թագոր հոդվածը նաև Վիքիպեդիայում: