«1984» (Հազար ինը հարյուր ութսունչորս), անգլիացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։

«1984» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունն ուժ է։
  • Ցանկացած գործողության հետևանքներն այդ գործողության մեջ են։
  • Մոր մասին հիշողությունը ծվատում էր Ուինսթոնի սիրտը, որովհետև նա մահացել էր՝ իրեն սիրելով, իսկ ինքը չափազանց երիտասարդ ու եսասեր էր՝ փոխադարձաբար սիրելու համար։
  • Նա ջանում էր վերադառնալ դեպի վաղ մանկություն, սակայն դա չափազանց բարդ էր։ Ինչ տեղի էր ունեցել հիսունականներին, ջնջվել էր հիշողությունից։ Երբ հնարավոր չէ օգտվել որևէ վկայությունից, նույնիսկ սեփական կյանքիդ ուրվագիծը կորցնում է հստակությունը։ Հիշում ես խոշոր իրադարձություններ, որոնք գուցե չեն էլ պատահել, հիշում ես դեպքերի մանրամասներ, բայց ի վիճակի չես վերականգնել մթնոլորտը. կային նաև երկար, ոչնչով չառանձնացվող բաց ժամանակահատվածներ։ Այն ժամանակ ամեն ինչ այլ էր։ Այլ էին նաև երկրների անունները, նրանց տեսքը քարտեզի վրա…
  • Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը։
  • Մարդու ամենավատ թշնամին նրա նյարդային համակարգն է։ Ցանկացած պահի ներքին լարվածությունը կարող է արտացոլվել արտաքինում։
  • Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ։
  • «Միշտ գոռա ամբոխի հետ»,- ասում եմ ինձ։ Դա ապահով լինելու միակ միջոցն է։
  • Երբեք մի՛ վերադարձիր այն ճանապարհով, որով եկել ես։
  • Եթե ենթարկվես փոքր կանոններին, կարող ես խախտել մեծերը։
  • Սեռական քաղցը հիստերիա էր առաջացնում, իսկ դա ցանկալի էր, որովհետև կարելի էր փոխարկել պատերազմական տենդի և ղեկավարի երկրպագության։ Նա այսպես ձևակերպեց.
– Սեր անելիս էներգիա ես ծախսում, հետո երջանիկ ես զգում ու ոչնչի մասին չես մտահոգվում։ Նրանք չեն կարող նման բան թույլ տալ։ Նրանք ուզում են, որ էներգիան անընդհատ եռա քո մեջ։ Դրանց այդ բոլոր երթերը, գոռում-գոչյունները, դրոշների թափահարումը՝ ընդամենը թթված սեքս է։ Եթե ինքնին երջանիկ ես, ինչու՞ պիտի հուզվես Մեծ Եղբոր, Եռամյա պլանի, Ատելության երկրոպեի և մնացած անիծյալ անհեթեթությունների պատճառով։
  • Տհաճ մարդուն ժայռից հրելը ոչ մի խնդիր չի լուծում։
  • Ինչ-որ կերպ հնարավոր է կառուցել գաղտնի աշխարհ, որտեղ կարող ես ապրել ուզածիդ պես։ Դրա համար միայն հաջողություն է պետք, մեկ էլ ճարպկություն ու խիզախություն պիտի ունենաս։
  • Քանի դեռ մարդ արարածը մարդ է մնում, կյանքն ու մահը նույն բանն են։
  • Մի անիծյալ պատերազմը միշտ հաջորդում է մյուսին։
  • Վերջը սկզբի մեջ է։
  • Եթե գործողությունն արդյունք չունի, ապա անիմաստ է։
  • Եթե սիրում ես որևէ մեկին, ուրեմն սիրում ես, իսկ երբ այլևս ոչինչ չունես տալու, տալիս ես սերդ։
  • Հնարավոր է պատկերացնել մի հասարակություն, որտեղ հարստությունը, անձնական սեփականության ու ճոխությունների առումով, հավասարապես կբաշխվի, մինչդեռ իշխանությունը կմնա փոքրաթիվ արտոնյալների ձեռքին։
  • Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա։ Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում։
  • Մեռնեմ նրանց ատելով՝ ահա թե որն է ազատությունը։
  • Մահը երբեք չի գալիս, երբ նրան սպասում ես։
  • Լավագույն գրքերը պատմում են այն, ինչ արդեն գիտես։
  • Մարդուց առաջ ոչինչ չի եղել։ Մարդուց հետո, եթե նրա վերջը գա, ոչինչ չի լինի։ Մարդուց դուրս ոչինչ չկա։
  • Մարդկային գիտակցությունից դուրս ոչինչ գոյություն չունի։
  • Իշխանությունը հավաքական է։ Անհատն ինշխանություն է ձեռք բերում այն դեպքում, երբ դադարում է անհատ լինել։
  • Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի։
  • Իրականությունն արտաքին երևույթ չէ։ Իրականությունը գոյություն ունի մարդու գիտակցության մեջ և ուրիշ ոչ մի տեղ։
  • Փոքրամասնություն լինելը, նույնիսկ եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես։ Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես։
  • Իշխելու գաղտնիքն է՝ սեփական անսխալականության հանդեպ հավատը համադրել անցյալի սխալներից դասեր քաղելու ունակության հետ։
  • Կա միայն չորս միջոց, որով իշխող խումբը կարող է գահընկեց արվել։ Կամ նվաճվում է դրսից, կամ անարդյունավետ է ղեկավարում, և զանգվածները ցանկանում են ապստամբել, կամ դա թույլ է տալիս ձևավորել ուժեղ ու դժգոհ միջին դաս, կամ կորցնում է ինքնավստահությունն ու կառավարելու պատրաստակամությունը։ Այս պատճառները չեն ազդում առանձին-առանձին, և որպես կանոն՝ չորսն էլ ինչ-որ չափով ներկա են։ Իշխող դասը, որը կարող է պաշտպանվել բոլորից, մշտապես մնում է իշխանության գլխին։ Վերջին հաշվով որոշիչ գործոնը բուն իշխող դասակարգի հոգեբանական վիճակն է։
  • Այս խաղում, ուր խաղում ենք, անհնար է հաղթել։ Պարզապես որոշ անհաջողություններ մյուսներից լավ են, այդքանը։
  • Շարունակական դառնալով՝ պատերազմը դադարեց պատերազմ լինելուց։
  • Եթե ուզում ես գաղտնիք պահել, այն պետք է թաքցնես քեզնից։ Պետք է իմանաս, որ կա, բայց քանի դեռ անհրաժեշտ չէ, թույլ տաս, որ գիտակցությանդ մեջ մուտք գործի այն տեսքով, որին կարելի է անուն տալ։
  • Իրականում փրկություն չկար։ Իրագործելի էր միայն մի ծրագիր՝ ինքնասպանությունը, բայց չէին շտապում իրագործել։ Սպասողական վիճակում ապրել օր առ օր, շաբաթ առ շաբաթ՝ հյուսելով ներկան, որ չուներ ապագա, դա անհաղթահարելի բնազդ էր, ինչպես թոքերն են միշտ հաջորդ շունչ առնում, քանի դեռ օդ կա։
  • Ինքնին ցավը երբեմն բավարար չէ։ Լինում են դեպքեր, երբ մարդն ընդդիմանում է ցավին մինչև մահվան պահը։ Բայց բոլորի համար էլ կա ինչ-որ անդիմադրելի բան, մի բան, որ հնարավոր չէ նախատեսել։ Խիզախությունն ու երկչոտությունը կապ չունեն։ Երբ ընկնում ես բարձունքից, պարանից կառչելը վախկոտություն չէ։ Երբ ընկնում ես խոր ջրերի մեջ, թոքերդ օդով լցնելը վախկոտություն չէ։ Դա ընդամենը բնազդ է, որ անհնար է ոչնչացնել։
  • – Մարդն ինչպե՞ս է իշխանություն հաստատում ուրիշ մարդու վրա։
– Նրան տառապանք պատճառելով։
– Իրավացի եք։ Նրան տառապանք պատճառելով։ Հնազանդությունը բավական չէ։ Եթե նա չտառապի, ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ հնազանդվում է ձեր, այլ ոչ թե իր կամքին։ Իշխանությունն էլ է այդպես։ Իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է։ Իշխանությունը հետևյալն է. կտոր-կտոր անել մարդկանց մտքերը ու կրկին հավաքել նոր ձևով։
  • Մարդ երբեք չի կռվում արտաքին թշնամու, այլ միշտ՝ իր մարմնի դեմ։
  • Երբեք և ոչ մի պատճառով չես ցանկանում, որ ցավն ուժեղանա։ Ցավից միայն մի բան ես ուզում, որ դադարի։
  • Աշխարհում չկա ավելի վատ բան, քան ֆիզիկական ցավը։
  • Երբ խաբում եք ինքներդ ձեզ՝ կարծելով, թե ինչ-որ բան եք տեսնում, ենթադրում եք, որ բոլորն էլ տեսնում են նույնը։
  • Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի։
  • Ամենամահացու վտանգը քնի մեջ խոսելն է, այդ դեպքում անհնար է ինքնավերահսկումը։
  • Ազատությունը երկուսին գումարած երկու՝ հավասար է չորսի ասելու հնարավորությունն է։ Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից։
  • Իշխանությունը Կուսակցությանը պետք է ոչ թե իր, այլ մեծամասնության բարեկեցության համար։ Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն նրանք, ովքեր իրենցից ուժեղ են։
  • Հիմա, երբ հասկանում էր, որ մեռած է, կարևոր էր հնարավորինս երկար ողջ մնալ։
  • Իրականում եկեղեցիներ շատ կան, պարզապես օգտագործվում են այլ նպատակներով։
  • Ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են անօտարելի իրավունքով, որոնցից է կյանքի, ազատության ու երջանկության ձգտման իրավունքը։ Այդ իրավունքները պահպանելու համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք իշխանություն են ձեռք բերում կառավարվողների համաձայնությամբ։ Երբ կառավարման ձևը չի ծառայում այդ նպատակին, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ վերացնել այն և հաստատել նոր Կառավարություն։

Քաղվածքներ «1984» վեպի մասին

խմբագրել
  • Երբ ծանոթանում ես Ջորջ Օրուելի ստեղծագործությունների հետ, զգում ես՝ որքան խորաթափանց է նա, կարողանում է ոչ միայն հասարակական հարաբերությունները պատկերավոր և ընկալելի ներկայացնել, այլ նաև անխամրելի երևույթներ ցույց տալ։ Այսինքն՝ այնպես չէ, որ նրա ստեղծագործությունները ինչ-որ մի ժամանակահատվածի համար են կառուցվում։ Այս ամենը դրդեց ինձ ընտրել «1984» վեպը, մինչ այդ չէի կարդացել։ Կարդալուց հետո ես հասկանում, որ անմար ստեղծագործությունները երբեք չեն կարող գրադարակի ինչ-որ մի հատվածում մնալ դրված։ Սա, ավելի շատ, սեղանի, ձեռքի գիրք է, որովհետև հասարակական կյանքի ասպարեզում դուք կարող եք մեջբերում կատարել այս ստեղծագործությունից։
Արծվիկ Մինասյան[1] (ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ, 2016 թ.-ի փետրվարի 26-ից ՀՀ Էկոնոմիկայի նախարար)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «1984»-ը սեղանի գիրք է. Արծվիկ Մինասյան։ Aravot.am (05.12.2014)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 17, 2015 թ.։


Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք 1984 հոդվածը նաև Վիքիպեդիայում: