Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը
«Ապրելու և մեռնելու ժամանակը» (գերմ.՝ Zeit zu leben und Zeit zu sterben), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հակառազմական վեպը, որը հրատարակվել է 1954 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանել Գևորգ Էմինը 1963 թվականին[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Դեռ լավ է, որ սիգարետ կա։ Երբեմն սիգարետը նույնիսկ ընկերոջից էլ լավ է։ Սիգարետները չեն մոլորեցնում։ Նրանք լուռ ընկերներ են։
- Հավանաբար ամեն մարդ էլ այդպես է՝ մեկի համար լավ է լինում, իսկ մի ուրիշի համար՝ վատ։
- Զինվորի կյանքը պատահականությունից է կախված։
- Մեռնելն ավելի դյուրին է, քան ապրելը։
- Խիղճը սովորաբար տանջում է նրանց, ովքեր անմեղ են։
- Սեփական օջախը փողից թանկ է։
- Մյուկկեն ոտքի մատները սապոգի մեջ իրար քսեց։ Նա տանել չէր կարողանում վաշտի հրամանատարին։ Ճիշտ է, հիմա էլ նա կանգնած էր հրամանատարի առաջ ձգված ու ձեռքերը կողքերին սեղմած, կարգապահությունը վե՜ր է ամեն տեսակի անձնական զգացմունքներից, բայց, որպեսզի արտահայտի իր արհամարհանքը, սապոգի մեջ ոտքի մատներն աննկատ իրար էր քսում։
- Պատերազմի ժամանակ մարդկանց երջանկության մասին ունեցած բոլոր պատկերացումները միշտ կապված են ուտելիքի հետ։
- Զարմանալի է, թե ինչպես ես սկսում հասկանալ ուրիշներին, երբ ինքդ նեղն ես ընկնում, -ասաց նա։ -Իսկ քանի դեռ լավ ես ապրում, այդպիսի բան մտքովդ չի էլ անցնում։
- Երբ սիրում ես՝ծնվում են նորանոր վախեր, որոնց մասին առաջ գաղափար էլ չունեիր։
- Այդ դու չես դողում, Էլիզաբեթ. այդ կյանքն է դողում քո մեջ, դա ոչ մի կապ չունի վախկոտության կամ քաջության հետ։ Քաջը նա է, ով պաշտպանվելու հնարավորություն ունի, մնացածը պարծենկոտություն է։ Մեր կյանքը մեզանից խելացի՜ է…
- Դեռ երկու շաբաթ մտածելու ժամանակ կա։ Դա քիչ չէ այն մարդու համար, ով սովորել է կյանքը րոպեներով հաշվել։
- Մենք տոնում ենք ամեն ինչ միանգամից՝ այլևս տոներն առանձնացնելու ժամանակ չունենք…
- Ատելությունը անզգույշ է դարձնում մարդուն։
- – Վախենում է, -ասաց Գրեբերը։ – Դե իհարկե… Բայց լավ շուն է։ – Ընդ որում՝ մարդակեր։ Ֆրեզենբուրգը շուռ եկավ։ – Մենք բոլորս էլ մարդակերներ ենք։ – Ինչու՞։ – Որովհետև դա այդպես է։ Մենք, ինչպես և նա, երևակայում ենք, թե մենք լավն ենք։ Մեզ, ինչպես և նրան, հարկավոր է մի քիչ լույս, ջերմություն ու բարեկամություն։
- Մինչև մարդու գլխին չխփեն՝ նա բան չի հասկանա, իսկ երբ վերջապես հասկանում է արդեն շատ ուշ է լինում։
- Հրաշք. մեզ միշտ սպասում են ինչ-որ տեղ, հուսալքման կողքին։
- Գիշերն ամեն ոք այնպիսին է ինչպիսին պետք է լիներ, այլ ոչ այնպիսին ինչպիսին դարձել է։
- Երբեմն մարդուն արցունքից բացի ոչինչ չի մնում։
- Զգուշությունը ավելի լավ է, քան ուշացած զղջումը։
- Նա շրջանցեց սեղանն ու գրկեց Էլիզաբեթին։ Գրկեց ու զգաց նրան որպես իր երկրորդ «ես»-ը, որն առաջանում է իր մեջ ավելի ջերմ, հարուստ, բազմերանգ ու թեթև՝ քան իր սեփականը։
- Եթե կյանքին պահանջներ չներկայացնես, ապա այն ամենն, ինչ ստանում ես նրանից, երկնային պարգև կթվա։
- Իր «ես»-ը, որ բացվում է առանց անցյալի ու առանց սահմանների բացվում է միայն որպես ներկա, որպես կյանքի, ընդ որում՝ առանց մեղքի որևէ ստվերի։
- Էլիզաբեթը շիշը հատակից վերցրեց ու բաժակները բերնեբերան լցրեց։ Գրեբերը հետևում էր նրան։ Ամեն ինչ մի տեսակ անիրական էր թվում, ու դրա պատճառը գինին չէր միայն։ Խոսքերը հալվում էին մթնշաղում, նրանք կորցրել էին իրենց իմաստը. իսկ այն, ինչ իմաստ ուներ, ապրում էր առանց խոսքերի և նրա մասին անհնար էր խոսել։ Մթնշաղը նման էր անանուն գետի, նրա ալիքները բարձրանում էին ու իջնում, և խոսքերն, առագաստների նման, սահում էին նրանց վրայով…
- Կարեկցության և արդարության ամեն մի արտահայտություն հավերժորեն և անհույս դատապարտված է փշրվել՝ դիպչելով եսասիրությանը, անտարբերությանն ու սարսափին։
- – Հավատալ… ի՞նչ է մեզ մնում. – Ինչի՞ն հավատալ. – Աստծուն։ Եվ մարդու մեջ բարու ակունքին։ – Դուք երբեք թերահավատ չե՞ք եղել այդ բարու ակունքի նկատմամբ. – Եղել եմ, – պատասխանեց ծերունին, և այն էլ հաճա՛խ։ Մի՞թե առանց կասկածի հավատ է լինում։
- – Հեշտ է մեղադրել ուրիշներին, կամ անվախ լինել, երբ ոչինչ չունես… -մտածեց նա։
- – Իսկ երբ որևէ թանկագին բան ունես` ամբողջ աշխարհը փոխվում է աջքիդ։ Ամեն ինչ և՛ հեշտ է դառնում, և՛ դժվար` երբեմն նույնիսկ անտանելի։ Այսպիսի դեպքում էլ քաջություն է հարկավոր, բայց բոլորովին ուրիշ տեսակի քաջություն։ Այն ուրիշ կերպ է կոչվում և, ճիշտն ասած, դեռ նոր է սկսվում…
- Երբեմն գրքերն օգնում են քեզ հաղթահարել ծանր պահերը։
- Եթե կյանքին պահանջներ չնեկայացնես, ապա այն ամենը, ինչ ստանում ես նրանից, երկնային պարգև կթվա։
- Իսկական ջրահեղձներ,- մտածեց նա,- որոնց խեղդել են կեղծիքի ու սարսափի մեջ, քշել գետնի տակ՝ ստիպելով ատել լույսը, ճշմարտությունն ու պարզությունը։
- Ծնողներն ու կինը մեկ հո՞ չեն.. առանց ծնողների կարելի է ապրել։ Առողջ են՝ պրծավ-գնաց։ Իսկ կինն ուրի՜շ բան է…
- Երբեք ոչ մի տեղ պետք չէ վերադառնալ…
- Մենք ամեն ինչ արդարացնում ենք անհրաժեշտությամբ, իհարկե, միայն մեր արածները։
- -Մի՞ թե պետք է միշտ մի որևէ բան ճիշտ լինի,- ասաց նա փոքր-ինչ լռելուց հետո։
- – Ինչո՞ ւ… բոլորովին էլ պարտադիր չէ։
- – Չգիտե՜մ… բայց եթե յուրաքանչյուրը չճգներ իր ճշմարտությունը անպայման փաթաթել դիմացինի վզին, մարդիկ թերևս ավելի հազվադեպ պատերազմեին։
- Երբ լռությունը ճչում է, ստիպված ես այդ ճիչը խլացնել ձեռքիդ տակ եղած ամենասուր աղմուկով։
- Իմ ու քո մեջ եղածը ուրիշ է… մենք իրար խաբելու կարիք չունենք։ Դա արդեն քիչ բան չէ…
- – Ինչու դուք չեք ճչում։
- – Ես ճչում եմ, պարզապես դուք չեք լսում։
- Տարօրինակ զգացում էր այդ՝ թվում էր, թե նա մոլորվել է… ինքն իր մեջ…
- Նրանք լուռ նստած էին։ Ամենուրեք լռություն էր տիրում, որն աստիճանաբար կենդանանում էր գիշերային խաղաղ ձայներից։ Այդ ձայները՝ մերթ մեղմ զեփյուռը (կարծես անտա՜ռն էր հառաչում…), մերթ բուի կռինչը, մերթ խոտերի սվսվոցը, մերթ ամպերի ու լույսնի շողերի անվերջանալի խաղը՝ ոչ միայն չէին խախտում լռությունն, այլև ավելի էին խորացնում այն։ Լռությունը հողից բարձրանանալով ծավալվում էր ու պարուրում նրանց։ Ամեն շունչ քաշելիս նա ավելի ու ավելի խորն էր թափանցում նրանց մեջ։ Նրանց բուն շնչառությունն իսկ ձուլվում էր լռության հետ, սփոփելով ու ձերբազատելով նրանց և դառնալով ավելի ու ավելի նուրբ, խոր ու անդորր։ Նա այլևս ոչ թե թշնամի էր թվում, այլ հեռավոր ու բարեբեր նինջ…
- Գրքերն անհնար է քարշ տալ նաև գլխում։ Նրանք բոլորովին անհարիր են այն ամենին, ինչ կատարվում է մեր շուրջը։ Իսկ այն գրքերն էլ, որոնք համապատասխանում են՝ չես ուզում կարդալ։
- Զարմանալի է, թե մարդ ինչքան հեշտ է բաժանվում ամենից, ինչից երեկ թվում էր, թե անհնար է բաժանվել։
- Երկինքը, ամպերի արանքում, վառ կապույտ էր։ Ամեն ինչ, կարծես թե անձրևից հետո, փայլում էր ու պսպղում։ Ամեն ինչի մեջ ուժ էր զգացվում ու խորություն։ Դա կյանքն էր՝ բացարձակ, հզոր ու պարզ կյանքը՝ առանց հարցերի, վշտի ու վհատման։ Գրեբերին թվաց, թե նա սթափվեց մըղձավանջից։ Կյանքն իր ամբողջ ուժով պարուրեց նրան և ամեն ինչ լուծեց իր մեջ։ Թվում էր, թե կյանքը գտնվում է բոլոր մտքերից ու հարցերից անդին։ Նա նման էր անխոս պատասխանի, այ’ն պատասխանին, որը Գրեբերը լսել էր դեռ այն օրերին ու գիշերներին, երբ ընդարմացումից, ջղաձգությունից ու օրհասից հետո, կյանքը նորից ջերմորեն ներս էր խուժում Գրեբերի մեջ՝ փրկարար բնազդի նման իր անհանգստացնող ալիքներով ողողելով նրա ուղեղը։ Գրեբերը վեր կացավ։ Նա քայլեց փլատակների, կիսավեր տների ու լորենու կողքով և հանկարծ զգաց, որ ինքն ինչ-որ բանի է սպասում։ Ամեն ինչ նրա մեջ սպասում էր… Գրեբերն սպասում էր երեկոյին այնպես, ինչպես թշնամական կրակի տակ զինադադարի են սպասում։
- Մենք բոլորս այդպես ենք։ Սարսափելի վախենում ենք մեր սեփական զգացմունքներից, իսկ երբ դրանք ծնվում են, պատրաստ ենք ինքներս մեզ խաբեբա համարել։
- Հույսը կվերադառնա այն ժամանակ, երբ ցավն անցնի, հարկավոր է միայն դիմանալ։
- Ինչե՜ր ասես, որ մարդ չի մտածում մթան մեջ, անձրևի ժամանակ…
- Մի՞թե պարտադիր է նախ սարսափ զգալ, որպեսզի հետո համոզվես, թե որևէ մեկին սիրում ես։
- Անցյալը։ Նա մեզ պետք չէ, նա մեզ միայն կաշկանդում է՝ մինչև անգամ նրա մեջ եղած լավը։ Մեզ հարկավոր է ամեն ինչ նորից սկսել։ Մեր անցյալը փուչ դուրս եկավ։ Դեպի նա այլևս վերադարձ չկա։
- Ծիծաղելը լաց լինելուց լավ է, մանավանդ, երբ երկուսն էլ անօգուտ են։
- Սպասումն ավելի նախընտրելի է, քան… ոչինչի չսպասելը…
- Հնարավոր է արևի խավարում, բայց ոչ՝ հավերժական գիշեր… համենայդեպս մեր մոլորակի վրա։ Պետք չէ այդպես շուտ վհատվել ու անձնատուր լինել։
- Հրաշքը մեզ միշտ սպասում է ինչ-որ տեղ, հուսալքման կողքին։
- Վիթխարի ու պաղ սարսափով լեցուն, նա ամեն ինչ լուսավորեց աղոտ, ամենուրեք թափանցող և ամեն ինչ քայքայող լույսով այնպես, ինչպես ռենգենյան ճառագայթները, որոնք կյանքի հմայնքն ու հրապույրը մի կողմ թողած, ցույց են տալիս միայն մերկ կմախքն ու անխուսափելին…
- Եկեղեցին միակ դիկտատուրան է, որ դիմացել է դարերով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ․ Հակոբջանյան (2013). Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 408.
Աղբյուրներ
խմբագրել- Էրիխ Մարիա Ռեմարկ «Ապրելու ժամանակը և Մեռնելու Ժամանակը»։ grqamol.am (հունվարի 6, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 19, 2015 թ․։