«Մանոն Լեսկո» (լրիվ անուն՝ «Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի պատմությունը», ֆր.՝ «L'Histoire du chevalier des Grieux et de Manon Lescaut»), ֆրանսիացի գրող Աբբա Պրևոյի վեպը, որը համարվում է գրականության պատմության մեջ հոգեբանական առաջին վեպերից մեկը։ Առաջին հրատարակումից հետո՝ 1731 թվականին, վեպը բուռն քննարկումներ առաջացրեց։ Չնայած Ֆրանսիայում արգելք դրվեց վեպի վրա՝ այն բավականին հանրահայտ էր։ 1753 թվականի հրատարակության մեջ աբբա Պրևոն հեռացրեց որոշ սկանդալային մանրամասներ։ Գիրքը հայերեն է թարգմանել Վ․ Գիլանյանը 1993 թվականին[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Հազար ու մի տարակուսանք կաշկանդում է մարդուն։ Նա վախենում է խաբվել, երբ կամենում է բարերար ու առատաձեռն լինել. համարվել թուլամորթ, երբ իրեն ցույց է տալիս չափազանց մեղմ ու զգայուն, մի խոսքով՝ սահմանից դուրս գալ կամ ըստ հարկի չկատարել այն պարտականությունները, որոնք ծայր աստիճան անհամատեղելի են հեզություն ու մարդկայնություն հասկացողություններին։ Այդպիսի տատանման պահին միայն փորձն ու օրինակը կարող են ճշտիվ որոշել սրտի հակումը։
  • Սերը թեպետ հաճախ է խաբում, սակայն, գոնե, հաճույք ու բերկրանք է պատճառում, մինչդեռ կրոնը պահանջում է տխուր ու նվաստացնող ծիսակատարություններ։
  • Ազատությունը բոլոր բարիքներից ամենաթանկագինն է։
  • Սերը երբեք աստվածություն չէին համարի, եթե նա հաճախ հրաշքներ չգործեր։
  • Մեզ անհրաժեշտ էր անդադար կրկնել, որ սիրում ենք միմյանց. առանց այս խոստովանության մենք վշտից կմեռնեինք։
  • Միայն անդորր վիճակում մարդ կարող է ճաշակել իմաստությունն ու ճշմարտությունը։
  • Ես կամենում եմ մեռնել, եթե դու չվերադարձնես ինձ քո սիրտը, առանց որի ինձ անհնար է ապրելը։
  • Ինքնասպանությունը տխմարների գործն է։
  • Ոչինչ չկա ավելի հրապուրիչ և ոչ մի բան այնքան պատիվ չի բերում առաքինությանը, որքան այն վստահությունը, որով դիմում ես այնպիսի անձանց, որոնց ազնվությունը քեզ արդեն հայտնի է։ Գիտես, որ ոչ մի անակնկալությունից երկյուղ չունես, եթե նրանք միշտ ի վիճակի չեն օգնության ձեռք կարկառելու, գոնե վստահ ես, որ նրանք քեզ բարություն ու կարեկցանք ցույց կտան։
  • Սիրտդ, որ օտար մարդկանց առջև փակվում է այնքան մեծ խնամքով, ինքնաբերաբար բացվում է ջերմ արևի տակ, որից նա միայն կենսատու ջերմություն է սպասում։
  • Սերն անմեղ մի կիրք է։
  • Ճակատագիրն ինձ փրկեց մի վիհից, որպեսզի նետի մի ուրիշ անդունդ։
  • Մարդկանց մեծ մասը զգայուն է միայն հինգ կամ վեց զգացումների հանդեպ, որոնց շրջանակում ընթանում է կյանքը և որոնց հանգում են նրանց բոլոր հույզերը։ Խլեցեք նրանցից սերն ու ատելությունը, հաճույքն ու ցավը, հույսն ու վախը, և նրանք այլևս ոչինչ չեն զգա։
  • Տղամարդու համար, եթե նա մենակ է, հեշտ է խույս տալ հետապնդումից, բայց նրա համար գրեթե անկարելի է անհայտ մնալ, եթե նրան գեղեցիկ կին է ուղեկցում։
  • Հանուն ազատության մարդ ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում։
  • Կարելի է մխիթարվել չար բախտի պատճառած դժբախտությունից։ Ժամանակը մոռացնում է այն և վիշտը մեղմացնում։
  • Ճակատագիրը չի կարող այնքան վշտեր պատճառել մեզ, որքան հաճույքներ սերն է պատճառում։
  • Իմ ամբողջ կյանքում նկատել եմ, որ երկինքն իր ամենադաժան պատիժներին ենթարկել է ինձ հենց այն րոպեներին, երբ իմ երջանկությունն առանձնապես հաստատուն է թվացել։
  • Ես միայն սեր կարող եմ առաջարկել և սիրո մեջ՝ հավատարմություն։
  • Ոչ մի բան այնքան ի վիճակի չէ կնոջն արիություն ներշնչելու, որքան իր սիրած տղամարդու անվեհերությունը։
  • Ուխտադրժությունը պարգևատրվում է, իսկ հավատարմությանը և հարատևությանը սպասում են լքում ու վհատություն։
  • Հայրական սիրտը բնության ստեղծագործության գլուխգործոցն է։
  • Խոսքերը չնչին չափով միայն կարող են արտահայտել սրտի զգացումները։
  • Ազնիվ արյունը երբեք չի դավաճանում իրեն։
  • Չկա ավելի մի վատ եղանակ՝ սիրտը սիրուց հեռացնելու, քան ջանալ արատավորել սիրո քաղցրությունները և նրան ավելի մեծ երջանկություն խոստանալ առաքինության կատարման մեջ։
  • Սերն ամեն կարգի բարիքներից, բոլոր գանձերից ու հարստություններից ամենաթանկագինն է․ այնուամենայնիվ, սերը շատ հաճախ դրանց կարիքն ունի։
  • Սերը մի բարի տնօրեն է․ ճակատագիրը չի կարող այնքան վշտեր պատճառել մեզ, որքան հաճույքներ սերն է պատճառո։
  • Սիրած էակի հետ դժբախտ լինելը նախանձի արժանի մի վիճակ է։
  • Տարիքը թույլ պատճառաբանություն է ուժի դեմ։

Քաղվածքներ «Մանոն Լեսկո»-ի մասին

խմբագրել
  • Հենց այդ օրերին մեր դասարանցի Ռուբենը, որ մեկերկու տարով մեծ էր մեզնից, ձեռք էր գցել փոքրիկ մի գիրք՝ «Մանոն Լեսկո»։ Գիշերով, այն ժամանակ դեռ քաղաքում լուսաքողարկում էր, մենք մնացինք դպրոցում և ռազմագիտության կաբինետում, մոմի լույսի տակ, սկսեցինք կարդալ այդ գիրքը։ Դա սիրո զարմանալի մի հեքիաթ էր, որ սերմի պես ընկավ մեր հոգիների սևահողի մեջ։ Մենք կարդացինք համարյա ողջ գիշեր։ Դուք երևի գիտեք այդ գրքի հերոսների դժբախտ պատմությունը. ջահել, համարյա պատանի ասպետ դը Գրիյոն տեսնում է գեղեցիկ մի աղջկա՝ Մանոնին, և սիրահարվում։ Սիրո առաջին օրերին հետևում է ծանր արկածների, հիասթափությունների երկար շղթան։ Մանոնը դավաճանում է իր ասպետին, դավաճանում է շատ անգամ և, ի վերջո, նրան իբրև անառակ աղջկա՝ իր նման տասնմեկի հետ, փոխադրում են Ամերիկա։ Ասպետը գիտեր ամեն ինչ, բայց շարունակում էր սիրել ավելի խոր, ավելի բուռն, համարելով Մանոնին ամենակատարյալ էակը։ Նա չի լքում Մանոնին և նրա հետ մեկնում է Ամերիկա...
Մենք կարդում էինք մոմի լույսի տակ, մոմը կպցրել էինք գնդացրի փողին, վարագույրները ծածկված էին խնամքով, մենք հինգ ընկեր էինք, սերը, դավաճանությունը, հավատարմությունը դեռ անհայտ աշխարհ էր մեզ համար։
Մեզ առանձնապես ցնցեց գրքի վերջը, երբ Մանոնը մեռնում է անապատում, և դժբախտ ասպետը իր մատներով փորում է նրա գերեզմանը, հետո պառկում գերեզմանին, սպասելով իր մահին[2]...
Վարդգես Պետրոսյան, Վերջին ուսուցիչը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 290. 
  2. Վարդգես Պետրոսյան, Վերջին ուսուցիչը, Ե., Դարակ, 2019, էջ 29-30։

Աղբյուրներ

խմբագրել