«Փորձեր», ֆրանսիացի գրող Միշել Մոնտենի աշխատությունը, որը կյանքի իմաստության և մարդկային հոգու գաղտնիքների նուրբ հետազոտությունների աղբյուր է։ Գիրքը հայերեն թարգմանվել է 1991 թվականին, որի հիմքում ընկած է «Փորձերի» 1979-1980 թվականների ռուսերեն հրատարակությունը։ Թարգմանությունը կատարել է Արզուման Խոցանյանը, իսկ խմբագրել՝ Մ. Վ. Ասատրյանը՝ մասամբ համեմատելով ֆրանսերեն տեքստի հետ[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ինչպես անմշակ հողը, եթե այն պարարտ է ու բերրի, ծածկվում է հազարատեսակ մոլաբույսերով ու անպետք խոտերով և մեր նպատակներին ծառայեցնելու համար անհրաժեշտ է սկզբից մշակել այն և որոշակի սերմեր ցանել, ինչպես կանայք ինքնուրույնաբար կարող են ստեղծել միայն տձև մարմնակույտեր ու գնդիկներ, իսկ որպեսզի առողջ ու ամրակազմ սերունդ տան, նրանց անհրաժեշտ է կողմնակի բեղմնավորում, այդպես է նաև մեր խելքը։ Եթե այն չզբաղեցնենք որոշակի զսպող բանով, կսկսի դեսուդեն ընկնել երևակայության անծայրածիր դաշտերում։
  • Հենց միայն ստախոսությունն ու, թերևս, մի փոքր էլ ավելի պակաս՝ կամակորությունն, ինձ թվում են մանկական այն արատները, որոնց առաջացման ու արմատավորման դեմ հարկ է անշեղորեն և անողոքաբար պայքարել։ Դրանք մեծանում են մարդկանց հետ միասին։
  • Քաջությունը, ինչպես նաև մյուս առաքինությունները, ունի որոշ սահման, որն անցնելով, սկսում ես հակվել դեպի արատը։
  • Ինչ վերաբերում է վախկոտությանը, ապա, ինչպես հայտնի է, այն պատժելու ամենատարածված ձևը համընդհանուր արհամարհանքն ու անարգանքն է։ Գտնում են, թե այդ պատժաձևն առաջին անգամ գործածության մեջ է մտցրել օրենսդիր Քարոնդը։
  • Գերադասիր, որ մարդու արյունը հոսի դեպի այտերը, քան դեպի դուրս։
  • Մի մարդ, որին տեսան սեփական հորը ծեծելիս, պատասխանեց, թե այդպիսին է իրենց տոհմում ընդունված սովորույթը, թե հայրը նույնպես երբեմն դնգստում էր պապին, իսկ պապն, իր հերթին՝ նախապապին, և, ցույց տալով իր որդուն, ավելացրեց. «Իսկ սա, հասնելով իմ տարիքին, նույն բանը կանի ինձ»։
  • Բավական է, որ մի անգամ լեզուն ստի ճամփան բռնի, ուղղակի զարմանալի է, թե ինչքան դժվար է նրան դարձի բերելը[2]։
  • Մեր զբաղմունքների մեծ մասը թատերական են։ Mundus universus exercet historioniam (ողջ աշխարհը զբաղված է դերասանություն անելով)։ Պետք է բարեխղճորեն քո դերը խաղաս, ընդսմին չմոռանալով, որ դա ընդամենը դեր է, որ հանձնարարել են մեզ։ Դիմակն ու արտաքին կերպարանքը չի կարելի էություն դարձնել, օտարամուտը՝ սեփական[2]։
  • Խաբեությունը ամոթալի արատ է։ Միայն խոսքն է մեզ մարդ դարձնում, միայն խոսքն է մեզ հնարավորություն տալիս հաղորդակցվել միմյանց հետ[2]։
  • Հազար ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է միայն մեկը[2]։
  • Մենք մահը, աղքատությունն ու տառապանքը համարում ենք մեր վատթարագույն թշնամիները։ Բայց ու՞մ հայտնի չէ, որ հենց նույն մահը, որ ոմանք համարում են բոլոր սարսափներից ամենասարսափելին, ուրիշների համար միակ փրկությունն է այս կյանքի զրկանքներից, բարձրագույն բարիք, մեր ազատության ակունքը, կատարյալ ու վերջնական փրկությունը չարից։ Եվ այն դեպքում, երբ ոմանք ահ ու դողի մեջ սպասում են վերահաս մահին, ուրիշներն այն ավելի բերկրալի են համարում, քան կյանքը…[2]
  • Զննեք ինքներդ ձեզ, ճանաչեք ձեզ, գոհացեք ինքներդ ձեզնով, դրսում վատնվող ձեր խելքն ու կամքը վերջապես ուղղեք դեպի ձեզ, դուք քամվում եք, դուք ցրում եք ձեզ. ներփակվեք, կենտրոնացեք ձեր մեջ, ձեզ մատնում են, ձեզ կողոպտում են։ Մի՞թե դու չես տեսնում, որ աշխարհն իր հայացքը հառում է իր ներսը և աչքերն իր նայում են իրեն իսկ։ Ունայնություն,- ահա քո հասանելիքը և՛ քո մեջ, և՛ քեզնից դուրս, բայց անձուկ տարածքում եղածն ավելի քիչ է ունայն։ Ո՛վ մարդ, քեզնից զատ դա ասում է աստված, ամեն էակ նախապես ինքն է ճանաչում և սեփական պետքերի համար հաստատում յուր գործերի ու իղձերի սահմանները։ Եվ չկա որևէ էակ, որ լիներ այսքան կատարյալ ու կարոտյալ, որքան դու, ո՛վ մարդ, որ ծարավի ես հանուն Տիեզերքը գրկելու։ Դու անգետ հետազոտող ես, անիրավ, հրամայող, և, ի վերջո, ընդամենը զավեշտալի խեղկատակ ես[2]։
  • Ցիցերոնն ասում է, թե փիլիսոփայելը ոչ այլ ինչ է, քան մահվան ինքնանախապատրաստություն[2]։
  • Մեկի մահը մյուսի կյանքի սկիզբն է[2]։
  • Կյանք մտնելով՝ դուք մահ եք մտնում, քանզի մահը ձեզ կթողնի ոչ շուտ, քան դուք կթողնեք կյանքը[2]։
  • Կյանքի բոլոր օրերը դեպի մահն են տանում. վերջինը միայն ավարտին է հասցնում[2]։
  • Չկա այնպիսի շահ, որ հիմնված չլինի ուրիշի կորստի վրա[2]։
  • Միտքը զորանում է ուժեղ և պայծառ մտքերի հետ հաղորդակցվելիս[2]։
  • Գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր հիանում են մեզնով և ամեն ինչով զիջում մեզ՝ խիստ անհամ ու անգամ վտանգավոր բան է… Ես շատ ավելի եմ պանծանում այն հաղթանակով, որ ձեռք եմ բերել ինքս իմ հանդեպ, երբ վեճի թունդ պահին ստիպում եմ ինձ խոնարհվել հակառակորդիս ապացույցների առջև, քան ուրախանում նրան իր թուլության բերումով հաղթելիս[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 259. 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Միշել Մոնտեն «Փորձեր»։ grqamol.am (դեկտեմբերի 17, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 27, 2015 թ․։


Աղբյուրներ

խմբագրել
  • «Փորձեր», 1991 թ. Երևան, Հայաստան, թարգմանությունը՝ Արզուման Խոցանյանի։