Հպարտություն և նախապաշարմունք

վեպ

«Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice), անգլիացի գրող Ջեյն Օսթինի վեպը, որը լույս է տեսել 1813 թվականին։

«Հպարտություն և նախապաշարմունք» գրքի առաջին հրատարակության առաջին էջը, 1813 թ․

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեծ միջոցների տեր երիտասարդը պետք է իր համար կին գտնի։
  • Մարդիկ այնքան շատ են փոխվում, որ ամեն անգամ կարող ես նրանց մեջ ինչ-որ նոր բան նկատել։
  • Դու՞ ինչ կասես, Մերի։ Ախր դու այնքան դատող աղջիկ ես, շատ գրքեր ես կարդացել, նույնիսկ քաղվածքներ ես դուրս գրում։
  • Հպարտությունը շատ տարածված թերություն է։ Իմ ամբողջ կարդացածն ինձ համոզել է, որ հպարտությունն իրոք շատ տարածված է, ու մարդն իր բնույթով խիստ հակված է դրան։ Մեր մեջ քչերը կան, ովքեր ինքանգոհ չեն ու չեն փայփայում այն միտքը, թե իրենք մյուսներից ավելի լավն են, լինի դա իրական թե մտացածին։ Սնափառությունն ու հպարտությունը տարբեր բաներ են, թեև այդ բառերը հաճախ որպես հոմանիշներ են օգտագործվում։ Մարդը կարող է հպարտ լինել՝ զերծ լինելով սնափառությունից։ Հպարտությունն այն է, ինչ մենք ենք մեր մասին մտածում, իսկ սնափառությունը՝ ինչ որ կցանկանայինք՝ ուրիշները մեր մասին մտածեին։
  • Շատ հնարավոր է՝ լավ բան է, որ կարողանաս քեզ այնքան տիրապետել, որ նման հանգամանքներում զգացմունքներդ չմատնես, բայց ախր այդքան զսպված լինելուց ևս օգուտ չկա։ Եթե կինն իր համակրանքը թաքցնում է նրանից, ում դա վերաբերում է, կարող է նրան իր մոտ պահելու հարմար պահը կորցնել։ Եվ արդեն նրան դժվար թե մխիթարի այն միտքը, որ կարողացել է իր զգացմունքները թաքցնել։ Երբ մարդ նվիրված է ինչ-որ մեկին, դրանում այնքան երախտագիտություն կամ սնափառություն կա, որ դրանից հրաժարվելն ամենևին էլ անվտանգ չէ։ Մենք բոլորս էլ կարող ենք ազատորեն փոքր-ինչ նախապատվություն տալ որևէ մեկին, դա բնական է, բայց մեզնից քչերը բավականաչափ քաջություն կունենան իրոք սիրահարվել առանց որևէ ակնկալիքի։ Տասից իննի դեպքում կինը լավ կանի ցույց տա, թե ավելի շատ է սիրահարված, քան իրականում կա։
  • Ամուսնական կյանքում հաջողակ լինելը միանգամայն պատահական բան է։ Եթե նույնիսկ ամուսինները շատ լավ գիտեն միմյանց հակումները, եթե անգամ դրանք լիովին համապատասխանում են, դա չի երաշխավորում, թե իրար հետ երջանիկ կլինեն։ Միշտ էլ մեջտեղ կգան ու կկուտակվեն բավական շատ տարաձայնություններ, որոնք նրանց համար կյանքը անախորժ կդարձնեն։ Այդ դեպքում ավելի լավ չէ՞` հնարավորինս քիչ իմանալ թերությունների մասին մի մարդու, ում հետ կյանքդ կապում ես։
  • Որքան հեռուն է գնում կանանց երևակայությունը։ Այն մի ակնթարթում հիացմունքից հասնում է սիրուն, սիրուց՝ պսակադրությանը։
  • Հեռավորությունը չնչին բան է երբ այն հաղթահարելու պատճառ ունես։
  • Չկա ավելի մոլորեցնող բան, քան կեղծ համեստությունը։ Հաճախ դա պարզապես մարդկանց մտքերը հաշվի չառնելն է, իսկ որոշ դեպքերում` սքողված պարծենկոտությունը։
  • Կարևոր է, որ հատկապես նրանք, ովքեր իրենց կարծիքը երբևէ չեն փոխում, ամենասկզբից ճիշտ դատեն։
  • Ես ու դու մի մեծ տարբերություն ունենք՝ գովասանքը քեզ միշտ անակնկալի է բերում, իսկ ինձ՝ երբեք։
  • Սարքովի անկեղծությունը բավական տարածված է… համարյա ամենուրեք։
  • Ապուրից վառվողը մածունի վրա էլ է փչում։
  • Ամեն զգացմունք պետք է մտքով ղեկավարվի։ Ու ես կարծում եմ՝ երբ ուզում ես մի բան անել, պետք է դրան համապատասխան էլ հնարավորություն ունենաս։
  • Էլիզա Բենեթը մեկն է այն երիտասարդ լեդիներից, ովքեր հակառակ սեռին ներկայանում են սեփականը ստորադասելով, և շատ տղամարդկանց վրա, համարձակվում եմ ասել, դա տպավորություն է գործում։ Իմ կարծիքով՝ դա ողորմելի հնարք է, սակայն լավ է ներգործում։
– Անկասկած, ստորություն է ցանկացած հնարք, որը լեդին ժամանակ առ ժամանակ գործադրում է թովելու նպատակով։ Ինչ էլ լինի` նենգության հակումն անգնահատելի է։
  • Ամենաիմաստուն և լավագույն մարդկանց, ավելի ճիշտ՝ նրանց ամենաիմաստուն և լավագույն արարքները կարող են որպես անմտություններ մատուցել այն մարդիկ, ում համար կյանքում առաջինը սրամտելն է։
  • Գեղեցիկ, կայուն, առողջ սիրո համար երևի հենց այդպես էլ կա։ Ամեն բան, որ փայփայում են, դառնում է դիմացկուն։ Բայց եթե խոսքը թույլ, նվազ հակվածության մասին է, համոզված եմ՝ մեկ լավ սոնետն ի վիճակի է դա լիովին վերացնել։
  • Բարդ բնավորություններն ավելի գրավիչ են։
  • Ոչ մեկը չի կարող իրոք կրթված համարվել, եթե սովորական շրջապատին էապես չի գերազանցում։ Այդպիսի կոչման արժանի կինը պետք է հիմնավոր գիտելիքներ ունենա երաժշտությունից, երգեցողությունից, նկարչությունից, պարից, ժամանակակից լեզուներից։ Այս ամենից բացի՝ պետք է վայելուչ կեցվածքի ու քայլվածքի, ձայնի հնչերանգի ու արտահայտչականության տիրապետի, այլապես այդ բառին միայն կիսով չափ արժանի կլինի։
  • – Կյանքում ես ջանացել եմ հեռու մնալ այն արատներից, որոնք մեկ-մեկ ծաղրի առարկա են դարձնում անգամ զորեղ մտքի տեր մարդկանց։
– Ինչպես օրինակ` սնափառությունն ու հպարտությունը։
– Իհարկե, սնափառությունն իրոք արատ է։ Սակայն հպարտությունը…Եթե մարդն իրոք խելացի է, կարող է իրեն հպարտ պահել:-Դարսի
  • Ոտով-գլխով դժբախտություն է գտնել լավ բան մի մարդու մեջ, ում որոշել ես ատել։
  • Ես հաճախ եմ նկատել, որ մեզ համար հրաժարումը երբեք այնքան կատարյալ չի լինում, որքան այն ժամանակ, երբ բարիքը սկսում է կորցնել իր նշանակությունը։
  • Ինչքան ավելի եմ աշխարհը ճանաչում, այնքան այն նվազ է ինձ գրավում։ Ամեն օրն ավելի է ամրապնդում իմ համոզմունքը, որ մարդն էությամբ անկատար է, և պետք չէ կախում ունենալ թվացյալ արժանիքներից կամ զգացմունքներից։
  • Պետք չէ միայն մեկ անհատի սիրույն փոխել սկզբունքայնության ու ուղղամտության մասին ունեցած պատկերացումներդ։ Եվ ոչ էլ փորձիր քեզ կամ ինձ համոզել, թե եսասիրությունը հեռատեսություն է, կամ որ առողջ դատողությունն արհամարհելով՝ երջանկությունդ կապահովես։
  • Մենք բոլորս էլ սիրում ենք դասեր տալ, թեև սովորեցնում ենք բաներ, որոնք ինքներս էլ կարգին չգիտենք։
  • Երբ մարդ նեղության մեջ է, ժամանակ չունի հետևելու պատշաճ պահվածքին, որը մյուս մարդիկ պարտադիր են համարում։
  • «Բուռն կերպով սիրել» արտահայտությունն այնքան ծեծված է, այնքան խաբուսիկ, այնքան անորոշ, որ գրեթե բան չի ասում։ Դա հաճախ կիրառում են թե ընդամենը կես ժամ տևած ծանոթությունից հետո զգացածի վերաբերյալ, թե այն դեպքում, երբ ուժգին ու խիստ զգացմունք կա։
  • Կարևոր լինելու համար երբեմն պետք է թանկ վճարես։
  • Գլխին եկած դժբախտության պարագայում որքան հարևաններիդ քիչ տեսնես, այնքան լավ։ Օգնել, մեկ է, չեն կարողանա, իսկ ցավակցելն էլ անտանելի է։ Թող նրանք մեզ վրա ծիծաղելու բավականությունը մեզնից հեռու վայելեն։
  • Մեջս մի համառություն կա, որը չի թողնում, որ ուրիշների կամքով վախի մատնվեմ։ Ամեն անգամ, երբ մեկը փորձում է ինձ վախեցնել, խիզախությունը մեջս գլուխ է բարձրացնում։
  • Հակակրանքն ինքնին մարդուն մղում է բացահայտորեն սրամտել՝ շարունակ վատաբանելով մեկին և ոչ մի ճշմարիտ խոսք չասելով։ Բայց հնարավոր չէ որևէ մեկի վրա անընդհատ ծիծաղել՝ առանց սրամտության դեմ ժամանակ առ ժամանակ մեղանչելու։
  • Զայրույթը երբեք էլ լավ խորհրդատու չէ։
  • Հիմա դու պետք է շատ ծանր ընտրություն անես, Էլիզաբե՛թ։ Մայրդ երեսդ տեսնել չի ուզում, եթե հրաժարվես ամուսնանալու պարոն Քոլինզի հետ։ Իսկ եթե ամուսնանաս, ես չեմ ցանկանա երեսիդ նայել։
  • Ինչ-որ բանի մասին մտածիր միայն այն ժամանակ, երբ հիշելը հաճելի է։
  • Որքան ենք խախտում բարոյականությունը, եթե մեր բարօրությունը կառուցում ենք խոստումնազանցության հիմքի վրա։
  • Չկա ավելի մեծ, քան ընթերցանությունը։ Ընթերցանությունից բացի մնացած բաները մարդուն այնքան արագ են հոգնեցնում։ Երբ ես իմ սեփական տունն ունենամ, ինձ ուղղակի ողորմելի կզգամ, եթե հրաշալի գրադարան չունենամ։
  • Եթե դու լավ ես վերաբերվում քեզնից ինչ-որ բան պահանջողին, դա կարող է քեզ մղել, որ անվերապահորեն ենթարկվես նրա ասածին՝ անգամ չսպասելով, որ դրա համար որևէ հիմնավորում հնչի։
  • Ես չեմ կարող ոչ էլ հարկավոր է, որ մտքիցս դուրս մղեմ այնտեղ ներխուժած ցավոտ հիշողությունները։ Ամբողջ կյանքումս եսասեր եմ եղել, գոնե այդպես ապրել եմ, թեև սկզբունքներս այլ են եղել։ Երեխա ժամանակ ինձ սովորեցրել են, թե ինչն է ճիշտ, բայց չեն սովորեցրել բնավորությունս շտկել։ Ինձ բարձր սկզբունքներով են դաստիարակել, բայց թույլ են տվել, որ դրանց հետևելիս լինեմ հպարտ եվ մեծամիտ։
  • Երբ կինն անտարբեր չէ որևէ տղամարդու նկատմամբ և չի էլ փորձում թաքցնել, պետք է, չէ՞, որ այդ տղամարդը դա նկատի։
  • Միակ բանը, որի համար նրան մեղադրում էին, հպարտությունն էր. թերևս նա իրոք հպարտ էր, բայց եթե նույնիսկ այդպիսին չլիներ, դա հաստատ նրան կվերագրեին։
  • Ուրիշին ցավ պատճառել կարողանալու համար պարոն Դարսիի անամոթ պարծենկոտությունն ավելի էր ընդծում քրոջ տառապանքների սրությունը։
  • Երբ մեկը գործն արագ կատարելը ամենակարևորն է համարում, հաճախ դրա որակին որևէ նշանակություն չի տալիս։ Սակայն դրվատելի ի՞նչ կա հապճեպության մեջ, որի պատճառով կարևոր գործը թերի ես կատարում՝ օգուտ չտալով ոչ քեզ, ոչ էլ որևէ այլ մարդու։
  • Այն անձինք, ովքեր երևակայում են, թե շատ կարևոր են ու բերանը երբեք չեն բացում, շատ են սխալվում, թե իրենք մի բան արժեն։
  • Ամենաձանձրալի, ամենաչարչրկված թեման անգամ հետաքրքիր է դառնում, երբ խոսողը հմտորեն է զրույցը վարում։
  • Էլիզաբեթը հիացած էր, թե ինչ զգացմունքներով է առաջնորդվում Ուիքհեմը, և մտածում էր, որ այդ զգացմունքներն արտահայտելիս նա առավել քան գեղեցիկ է։
  • Ի՞նչ կասեք գրքերի մասին,- ժպտալով հարցրեց Դարսին։
– Գրքերի՞: Դեհ, ոչ։ Համոզված եմ, որ մենք նույն գրքերը չենք կարդացել, ոչ էլ կարդալիս նույն բանն ենք զգացել։
  • Ես չեմ կարողանում արագ մոռանալ այլոց տխմարությունն ու արատները, ինչպես նաև ինձ հասցված վիրավորանքները։ Իմ զգացածները ոչինչ են դրանք առաջ բերող փորձությունների համեմատ։ Եթե մեկը կորցնում է իր մասին իմ լավ կարծիքը, ուրեմն դա վերջնական է։
  • Շատերը նրա մեջ տեսնում են այն, ինչ ինքն է ցանկանում, որ տեսնեն։
  • Անհաշտ բարկությունը ստվեր է ձգում մարդու վրա։
  • Ես հաճախ եմ նկատել, թե երիտասարդ աղջիներին ինչքան քիչ են հետաքրքրում լուրջ բովանդակությամբ գրքերը, որոնք գրված են բացառապես ի շահ իրենց։
  • Երիտասարդ լեդիները սովորություն ունեն առաջին անգամ մերժելու նույնիսկ այն առաջարկությունը, որը սրտի խորքում մտադիր են ընդունել։ Եվ նույնիսկ լինում է, որ դա կրկնում են երկրորդ, պատահում է՝ երրորդ անգամ։
  • - Կանայք հիցամունքի դրսևորումներին չափազանց մեծ նշանակություն են տալիս։
– Դե, իսկ տղամարդիկ ամեն ջանք գործադրում են, որ հենց այդպես լինի։
  • Հնարավոր է՝ մարդ մտադրություն չունենա մեկին վատություն անելու կամ այլոց բախտի հետ խաղալու, այդուհանդերձ այնպիսի սխալ գործի, որ նրանց հոգու խաղաղությունը խաթարի։
  • Մի՞թե շրջապատողներին չնկատելը սիրահարված լինելու ամենաբնորոշ նշանը չէ։
  • - Եu իրոք էլ զուրկ եմ որոշ մարդկանց հատուկ տաղանդից,- խոսեց Դարսին։- Չեմ կարողանում անկաշկանդ զրուցել մարդկանց հետ, ում առաջին անգամն եմ տեսնում։ Չի հաջողվում որսալ խոսակցության հնչերանգը կամ էլ ցույց տալ, թե հետաքրքրված եմ նրանց գործերով։
– Իմ մատները,- շարունակեց էլիզաբեթը,֊ այս նվագարանի վրա այնքան վարպետորեն չեն շարժվում, ինչքան իմ տեսած շատ ու շատ կանանցը։ Հարկ եղած ուժն ու դիպուկությունը չունեն և ոչ էլ բավականաչափ արտահայտիչ են նվագում։ Բայց ես միշտ ենթադրել եմ, որ թերացողը ես եմ, որովհետև ինձ նեղություն չեմ տվել հարկ եղածին չափ վարժվել։ Դա չի նշանակում, թե մտածում եմ՝ մատներիս պատճառով է, որ չեմ կարողանում մյուսների նման բարձրակարգ երաժշտություն հնչեցնել։
  • Քանի որ երբևէ երևակայության մեջ անգամ սիրահարված չէր եղել, Ջեյնի զգացմունքներն առաջին սիրո ամբողջ ուժով էին հոգին խռովում և, պայմանավորված տարիքով ու խառնվածքով’ շատ ավելի հաստատուն էին, քան ընդհանրապես առաջին հրապուրանքն է լինում։
  • Որքանով է արդար մերկացնել որևէ մեկի անցյալի սխալները` առանց իմանալու, թե նա ինչ է զգում տվյալ պահին։
  • – Կյանքումս չեմ լսել, որ դու որևէ մեկի մասին վատ բան ասես։
– Ես չէի ցանկանա որևէ մեկին պարսավել, եթե նրան լավ չեմ ճանաչում։ Բայց ես միշտ այն եմ ասում, ինչ մտածում եմ։
  • Ես սիրով նրան կներեմ հպարտ լինելու համար, եթե ինքն իմ հպարտությանը չդիպչի…
  • Երբեք չի կարող հաջող լինել մի ծրագիր, որի բոլոր կետերը հրաշալի են։ Լիակատար հիասթափությունից կարող է ազատել միայն այն, որ այղ ծրագիրը որևէ փոքրիկ անախորժությամբ պաշտպանված լինի։
  • Ես նկատել եմ, որ երբ մարդ մանկության տարիներին բարի է լինում, մեծանալով` դա անպայման պահպանում է։ Իսկ նա աշխարհի ամենաբարեհամբույր, ամենաառատաձեռն տղան էր։
  • էլիզաբեթը երբեք այդքան անկեղծորեն չէր գիտակցել, որ ինքը կարող էր նրան սիրել, որքան այդ պահին, երբ սերն արդեն անիմաստ էր…
  • Որքան փոփոխական են մարդու զգացմունքները. այժմ իր ցանկությունն է շարունակել մի ծանոթություն, որին նախկինում ամեն կերպ ուզում էր վերջակետ դնել…
  • Երբ կնոջ պատիվն արատավորվում է, դա արդեն անուղղելի է։ Կնոջ գեղեցկությունից է կախված, թե որքան խոցելի կլինի նրա բարի անունը, և որ շատ դժվար է անհրաժեշտ զգուշություն պահպանել հակառակ սեռի անարժան ներկայացուցիչների հետ հարաբերություններում։
  • Ամեն ինչ արա, որ առանց սիրո չամուսնանաս։
  • Դու երբեք երջանիկ ու ապահով չես լինի, եթե ամուսնուդ խորապես չհարգես, եթե նրան լուրջ չընդունես։ Այդ դեպքում դժվար թե կարողանաս զերծ մնալ հիասթափությունից ու խուսափել հուսախաբությունից։ Զավա՛կս, ինձ ազատիր ցավից, որը կզգամ, եթե տեսնեմ, որ դու կյանքիդ ընկերոջը չես հարգում։ Դու չգիտես, թե դա ինչ բան է…
  • Բուռն սիրահարված երիտասարդներն ամեն ինչ իրենց ուզածով են անում։
  • Հասարակությունը մեզ բոլորիս էլ պահանջներ է ներկայացնում, իսկ ես հենց մեկն եմ նրանցից, ովքեր երբեմն ամենքի նման ժամանակ են տրամադրում հանգստին ու զվարճությանը։
  • Եթե վերջինն ես ծնվել, չի նշանակում, թե իրավունք չունես առաջինը ծնվածների պես կյանքը վայելել։
  • Առանց համառ և կանոնավոր ուսուցման կրթությունը ոչինչ տալ չի կարող։
  • Ես համոզված եմ, որ երբ մարդ մեկին ասում է, թե նրա հանդեպ զգացմունքներ ունի, լինեն դրանք փոխադարձ, թե ոչ, այդ մեկը պետք է գոնե գոհունակություն զգա։ Այդպիսին է մարդու էությունը։
  • Երջանկության զգացողությունը, որով այդ պատասխանը համակեց Դարսիին, նա երբևէ չէր ունեցել։ Եվ նա արձագանքեց իրավիճակին վայել զգացմունքայնությամբ ու ջերմությամբ, ինչպես սաստիկ սիրահարված մարդը կարող է անել։ Եթե էլիզաբեթն ի զորու լիներ նայելու նրա աչքերի մեջ, կնկատեր, թե դեմքին փայլող անկեղծ հիացմունքի արտահայտությունն ինչպես է գեղեցկացրել երիտասարդին։ Ճիշտ է, դա չէր տեսնում, բայց լսում էր, թե ինչպես է Դարսին իրեն պատմում իր զգացմունքների ու այն մասին, թե որքան թանկ է աղջիկն իր համար, և նրա սերը էլիզաբեթի աչքին րոպե առ րոպե ավելի էր վեհանում։
  • – Երբեմն ինչքա՞ն դժվար է լինում մարդկանց համոզել, որ քեզ հավատան։
– Երբեմն էլ ուղղակի անհնար է լինում։
  • Կինը կարող է ամուսնու հետ այնքան ազատ վարվել, ինչքան չի կարող եղբոր հետ վարվել նրանից տասը տարով փոքր քույրը։
  • Եթե դու պարել սիրում ես, ուրեմն կարող ես վստահ լինել, որ դեպի սերը մեկ քայլ արդեն արել ես։
  • էլիզաբեթը նորից ու նորից եզրակացնում էր, որ երբ այնքան ցանկալի իրադարձությունը տեղի ունենա, ինքը դրանից ակնկալվող ամբողջ բավականությունը վայելել չի կարողանա։ Հետևաբար անհրաժեշտություն էր առաջանում իսկական երանության մեջ հայտնվելու համար մեկ այլ ժամկետ նշել՝ հասնելու համար մեկ այլ նպատակակետի, որին կսևեռվեին իր իղձերն ու ակնկալիքները։ Դա հնարավորություն կտար կրկին վայելելու սպասումի հաճույքը, որն անդորր կբերեր հոգուն և կնախապատրաստեր նոր հիասթափությունների։
  • Որտեղ ուրիշները չեն կարողանում ուրախություն գտնել, իսկական փիլիսոփան դա կորզում է այն ամենից, ինչ իրեն տրված է։
  • – Հինգ չափահաս դուստր ունեցող կինը չի կարող մտածել սեփական գեղեցկության մասին։
– Նման պարագայում դժվար թե կնոջն այնքան գեղեցկություն մնացած լինի, որ դեռ մտածելու բան էլ լինի։
  • Մի՞թե մենք չենք ապրում միայն նրա համար, որ զվարճացնենք մեր հարևաններին, մենք էլ մեր հերթին ծիծաղենք նրանց վրա։

Աղբյուրներ

խմբագրել