Տիկնիկ (վեպ)
«Տիկնիկ» (լեհ.՝ Lalka), լեհ գրող Բոլեսլավ Պրուսի վեպը, որը տպագրվել է 1887-1889 թվականներին լեհական «Kurier Codzienny» թերթում։ Վեպը հայերեն է թարգմանվել 1975 (Գիրք I) և 1977 (Գիրք II) թվականներին։ Թարգմանիչ՝ Դ․ Եսայան[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Վշտացած վիճակը թույնի պես բան է, լավ է թքես պրծնես…
- Նույնիսկ գազանների մեջ հնարավոր չէ գտնել այնքան ստոր արարած, ինչպիսին է մարդը։ Բնության աշխարհում արուն միշտ կենակցում է այն էգի հետ, որը նրան դուր է գալիս և որին ինքն է դուր գալիս։ Դրա համար էլ կենդանիների մեջ ապուշներ չկան։ Իսկ մե՜զ մոտ։ Ես հրեա եմ, ուրեմն իրավունք չունեմ սիրելու քրիստոնեուհու… Նա վաճառական է, ուրեմն իրավունք չունի ձգտելու արիստոկրատուհու… Իսկ դուք հարուտ մարդ չեք, ուրեմն ընդհանրապես որևէ կնոջ իրավունք չունեք… Մեծագույն ստորություն է ձեր այդ քաղաքակրթությունը։ Ես ուրախությամբ դժոխքի բաժին կդառնայի, թեկուզ հենց այս րոպեիս, միայն թե դա էլ հետս կործանվեր…
- Հիմարություն է ամբողջ կյանքը, որի սկիզբը մենք չենք հիշում, իսկ վերջը չգիտենք։
- Գայլը չի կարող գառներ արածեցնել։
- Աշխարհագրական բոլոր հարթություններում հաճոյախոսությունները տղամարդուն վարկաբեկում են կնոջ աչքում։
- Կարելի՞ է սիրել կնոջն իդեալական սիրով, առանց նրան ֆիզիկապես ցանկանալու։
- Եթե մեր պարտականությունները միշտ շատ հեշտ լինեին, ուրեմն և արժանիքներ էլ չէին լինի։
- Հիմար բան է սեր ասածը։ Ծանոթանում ես, սիրահարվում, տառապում… Հետո ձանձրանում ես, կամ քեզ են լքում։
- Իսկ ինչի՞ վրա փող ծախսենք, եթե ոչ երջանկություն նվաճելու։
- Մենք բոլորս կեղծավորաբար արհամարհում ենք փողը, սակայն մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ փողն այն գոմաղբն է, որի վրա աճում է անհատի ազատությունը, գիտությունը, արվեստն ու նույնիսկ իդեալական սերը։ Եվ վերջապես, որտեղ է ծնունդ առել ասպետական սերը։ Համենայն դեպս՝ ոչ կոշկակարների ու դարբինների մեջ ու նույնիսկ՝ ոչ բժիշկների ու փաստաբանների։ Այդ սերը սնուցել են ունևոր դասակարգերը, նրանք են արարել նուրբ մաշկ ու սպիտակ ձեռքեր ունեցող կանայք, ստեղծել տղամարդ, ով բավականաչափ պարապ ժամանակ ունի կնոջը երկրպագելու համար։
- Տարօրինակ բան է այս մարդ ասածը. որքան քիչ ենք մենք ինքներս ընդունակ նահատակության, այնքան ավելի համառորեն ենք պահանջում այդ նահատակությունը մեր մերձավորներից։
- Եվ ինչ աշխարհ է սա, ուր մարդուն նախ ամայացնում են, հետո իրենք էլ դատապարտում այդ ամայության համար։
- -Ես խոհեմ եմ, քանի դեռ դա իմ ուժերից վեր չէ… Սակայն ես չեմ ուզում հաշվի նստել մի հասարակության հետ, որը մարդկանց կտտանքի է դատապարտում միայն նրա համար, որ սիրում են միմյանց։ Ատել կարելի է,- ավելացրեց նա դառն քմծիծաղով,- գողանալ, սպանել… ամեն, ամեն ինչ կարելի է, միայն սիրել չի կարելի։
- Ես վաղուց արդեն նկատել եմ, որ ուրիշի դժբախտությունը լավագույն դարմանն է մեր սեփական դառնությունների դեմ։
- Տիրեց լռություն, դա մի պահ էր, երբ հզոր ուժերը սանձելով, բնությունը ասես կանգնեցնում էր իր հավերժական աշխատանքը, որպեսզի ավելի ցայտուն կերպով ընդգծի փոքր և մահկանացու էակների երջանկությունը։
- Ինչ պարզունակ ուժեր են աշխարհը շարժման մեջ դնում. մի քիչ ածուխ՝ և նավը կենդանանում է, մի քիչ զգացմունք՝ և կենդանանում է մարդը…
- Եթե հազար ցենտներ ձյունը գետնի վրա թափվի փաթիլ-փաթիլ, միայն կծածկի գետինը ու մի խոտի ցողուն նույնիսկ չի վնասի. սակայն զանգվածակույտ դարձած հարյուր ցենտներ ձյունը հողին կհավասարեցնի տներն ու իր տակ կթաղի մարդկանց։ Եթե Վոկուլսիկն շուտ-շուտ սիրահարվեր և շաբաթը մեկ փոխեր իր կրքի առարկան, նա վարդի պես թարմ կլիներ, կտիրապետեր իր բանականությանը և կարող էր կյանքում շատ լավ բաներ անել։ Բայց նա ժլատի պես իր սրտում կուտակել էր զգացմունքները և ահա այդ խնայողության արդյունքը… Սերը լավ է, երբ նման է թեթև թիթեռնիկի, սակայն երբ այն տևական քնից հետո մարդու սրտում արթնացնում է վագրի պես, թող աստված ազատի նման հաճույքից։ Լավ ախորժակ ունեցող մարդը մի բան է, սարսափելի քաղցած մարդը՝ բոլորովին ուրիշ բան։
- Կոկետությունը կնոջ համար նույնն է, ինչ գույնն ու բույրը ծաղկի համար։ Նրանց էությունն է այդ. ուզում են դուր գալ բոլորին։
- Սովորաբար, մարդն իր պարտավորությունը կատարելով, ինչ-որ բան է ստանում դրա դիմաց, այլապես դա ոչ թե պարտավորություն է, այլ զոհաբերություն, որ ոչ-ոք իրավունք չունի որևէ մեկից պահանջելու։
- Երկու կանանցից մեկը ուզում է իրեն վաճառել մեծ հարստության համար, իսկ երկրորդն արդեն վաճառվել է մի կտոր հացի համար, այս երկու կանանցից, եթե նրանք կանգնեին տիրոջ դատաստանին, երկրորդը՝ անարգանքի ենթարկված այս կինը, թերևս առաջինից ավելի լավ ու մաքուր լիներ։
- Թույլերը միշտ հատուցում են ուժեղների միջև եղած գժտությունների համար։
- Եթե մարդը իր գործով չի զբաղվում, չի կարողանում գնահատել ճակատագրի բարեհաճ շնորհները, ապա այդ մարդն անպայման կաղքատանա, կսնանկանա։
- Տվեք ինձ գեթ մի նպատակ… կամ էլ մահ տվեք ինձ…
- Օ, եթե գոյություն ունենար դատարան, որ կարող լիներ կարդալու մարդու հոգին, դեռևս հայտնի չէ, թե մեզնից ով կարդարացվի՝ ես, թե նրանք, որ ինձ դատում են։
- -Կանա՜յք։ Մե՜ծ բան է։ Ես արդեն սիրահարվել եմ, սպասեցեք, քանի՞ անգամ… չորս… վեց… յոթ, այո, յոթ անգամ։ Դա հսկայական ժամանակ է խլում և չափազանց հուսահատական մտքերի է հանգեցնում։ Հիմար բան է սեր ասածը։ Ծանոթանում ես, սիրահարվում, տառապում… Հետո ձանձրանում ես կամ քեզ են լքում… Այո, երկու անգամ ինքս եմ ձանձրացել, հինգ անգամ ինձ լքել են։ Հետո հանդիպում ես ուրիշ կնոջ, ավելի կատարյալ, և նա էլ նույն բանն է անում, ինչ պակաս կատարյալները… Ա՜յ թե ստոր գազաններ են այդ կնիկները։ Նրանք մեզ մատների վրա խաղացնում են, թեև իրենց սահմանափակ պստլիկ խելքով ընդունակ չեն նույնիսկ մեզ հասկանալու։ Ճիշտ է, վագրն էլ է մարդուն խաղացնում… Ստոր և հրաշալի արարածներ են… Լավ, աստված դրանց հետ։ Մինչդեռ եթե որևէ գաղափար է մարդուն տիրում, դա արդեն նրան երբեք չի լքի և չի դավաճանի…
- – Արդարացին այն է, որ ուժեղները շատանում են և ամրանում, իսկ թույլերը կործանվում են։ Այլապես աշխարհը կդառնար հաշմանդամների տուն, իսկ դա հենց անարդարացի կլիներ։
- Լինում են կանայք, ինչպես, ի դեպ, և տղամարդիկ, հոգեկան թերությամբ մարդիկ, որ ընդունակ չեն ոչինչ սիրելու, սեփական վաղանցի քմահաճույքներից բացի. դա նույնպիսի թերություն է, ինչպես խլությունը, կուրությունը կամ պարալիզը, միայն պակաս ակնհայտ։
- Եթե սերը չափվում է տառապանքի ուժով, ուրեմն, աշխարհում, իմ սիրուց ուժեղ սեր չի եղել։
- Որքան երջանիկ են նրանք, ում միայն քաղցն է մատնում ապատիայի և միայն ցուրտն է ստիպում տառապել։ Եվ որքան հեշտ է նրանց երջանկացնել։
- Ավելի հեշտ է գրպանից 1000 ռուբլի դեն նետել, քան սրտից մի սեռ, մանավանդ, եթե այդ կապվածությունն արդեն արմատներ է գցել։
- Ամենասարսափելին միայնությունն է, ոչ թե այն, որ շրջապատում է մարդուն, այլ ներքին դատարկությունը։
- Հաճախ բավական է աննշան մի առիթ, որպեսզի հին, վաղուց հայտնի բաները հանկարծ ձեզ ներկայանան բոլորովին այլ լույսի տակ։
- Ամուսնացնելու օրիորդը պետք է ունենա ամենաքիչը մի տասը երկրպագու և գայթակղի նրանց բոլորին, որպեսզի… ծախվի նրան, ով ամենից շատ կտա։
- Tempora mutantur, et nos mutamur in illis… (Փոխվում են ժամանակները և մենք փոխվում ենք ժամանակների հետ)։
- – Իսկ միթե հիմա պատերազմ չէ… Փոխվել է միայն զենքը, գերանդու կամ յաթաղանի փոխարեն կռվում են ռուբլիներով։
- Հասարակությունը նման է եռացող ջրի. ով երեկ հատակում էր, այսօր կարող է վեր թռնել…
- Ես նույնիսկ չէի պատկերացնում, թե որքան խոր անդունդ ենք մենք գլորվում, մինչև չտեսա այդ անդունդի հատակը։
- Երկու դժբախտ արարածներ. մեկը փնտրում է սեր և ընտանիք, մյուսը թերևս պայքարում է կարիքի դեմ ու տառապում հոգատար խնամակալ չունենալուց։ Նրանցից յուրաքանչյուրը մյուսի մեջ կարող էր գտնել այն, ինչ որոնում է, սակայն նրանց վիճակված չէր հանդիպել…
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 290.
Աղբյուրներ
խմբագրել- Բոլեսլավ Պրուս «Տիկնիկ»։ grqamol.am (դեկտեմբերի 20, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 27, 2015 թ․։