Դորիան Գրեյի դիմանկարը
«Դորիան Գրեյի դիմանկարը» (անգլ.՝ The Picture of Dorian Gray), անգլիացի գրող Օսկար Ուայլդի վեպ։ Համարվում է հեղինակի ամենանշանավոր ստեղծագործությունը։ Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է, աշխարհի ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքի տեսքով տպվել է միայն 1891 թվականի ապրիլին։ Այդ հրատարակչությամբ, քննադատներն ու գրաքննիչները շատ բաներ էին հեռացրել, ավելացրել վեպում։ Վեպը հայերեն է թարգմանվել 1972 թվականին։ Թարգմանիչներ՝ Ռ․ Առաքելյան, Պ․ Մուրճիկյան[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Տաղանդավոր արվեստագետները ապրում են իրենց ստեղծագործություններով, և այդ պատճառով, իրենք որպես այդպիսին, անհետաքրքիր մարդիկ են։
- Եթե դու գիտես, որ նա երբեք քոնը չի լինելու, ապա սիրել նրան կարելի է անվերջ երկար։ Դա հեշտ է…
- Փաստորեն արվեստը հայելի է, որի մեջ ոչ թե կյանքը, այլ դիտողն է արտացոլվում։
- Պետք է իմանալ կյանքի ամենամեծ գաղտնիքը` բուժեք ձեր հոգին զգացողություններով։
- Որքան տարօրինակ եք դուք` նկարիչներդ։ Փառքի տիրանալու համար անում եք ամեն ինչ, իսկ երբ ձեռք եք բերում, սկսում եք, կարծես, նեղվել ու ձանձրանալ այդ փառքից։
- Յուրաքանչյուր դիմանկար, որ կերտվում է մեծ զգացմունքվ, դա իր իսկ նկարչի դիմանկարն է և ոչ թե բնորդինը։ Բնորդը սոսկ պատահականություն է, առիթ։ Ոչ թե նրան, այլ ինքն իրեն է հայտնագործում նկարիչը կտավի վրա։ Եվ ես վախենում եմ, որ նկարում երևա իմ հոգու գաղտնիքը։ Ահա թե ինչու չեմ ուզում ցուցադրել։
- Մինչդեռ կարևորը գաղափարն է, անկախ նրանից, թե նա, ով արտահայտել է այդ գաղափարը, որքան անկեղծ է հավատում դրան։ Գաղափարի ինքնուրույն արժեքը այնքան է ավելի մեծ, որքան ավելի քիչ է հավատում նրան այն մարդը, որից ծնունդ է առնում ինքը գաղափարը, որովհետև այդ գաղափարը չի արտացոլում նրա ցանկությունները, կարիքները և նախապաշարմունքները։
- Լավ ազդեցություն գոյություն չունի, ազդեցությունն ինքնին արդեն բարոյազուրկ է, բարոյազուրկ գիտական տեսակետից։
- «Միշտը» անիմաստ բառ է։ Քմահաճույքի և հարատև սիրո միակ տարբերությունն այն է, որ քմահաճույքները փոքր-ինչ ավելի երկար են տևում։
- Կան միայն երկու տեսակի կանայք` անշպար և շպարված։ Անշպար կանայք շատ օգտակար են։
- Կյանքը ջղերի, ջիլերի եւ աստիճանաբար հասունացող բջիջների գոյ է, որտեղ թաքնվում է միտքն ինքը, և կրքեր ու երազներ են ծնվում։
- Սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել բոլորի նկատմամբ։
- Ուրիշները կարող էին կռահել այդ ճշմարտությունը, իսկ ես չեմ ուզում մերկացնել իմ հոգին նրանց հետաքրքրասեր և անհեռատես աչքերի առջև։ Ես երբեք նրանց թույլ չեմ տա, որ իմ սիրտը զննեն իրենց մանրադիտակով…
- Երիտասարդները ցանկանում են հավատարիմ մնալ՝ չեն կարողանում, ծերերը փորձում են դավաճանել, բայց ի վիճակի չեն։
- Մարդ նախահայրեր ունի ոչ միայն տոհմում, այլև գրականության մեջ, որոնք իրենց խառնվածքով և էությամբ, թերևս, ավելի հարազատ են, իսկ ազդեցությամբ ավելի մեծ են։
- Գեղեցկությունը Հանճարի ձևերից մեկն է, նույնիսկ ավելի բարձր, քան Հանճարը, որովհետև բացատրման կարիք չունի։ Դա աշխարհի ամենամեծ երևույթներից է, ինչպես արևի լույսը, գարունը, կամ արծաթյա մահիկի արտացոլումը մութ ջրերում, որ կոչվում է լուսին։ Գեղեցկությունն անհերքելի է։
- Սիրահարվածությունը սկսվում է նրանից, որ մարդ խաբում է ինքն իրեն, իսկ վերջանում է նրանով, որ նա խաբում է ուրիշին։ Ահա հենց դա էլ աշխարհը կոչում է սիրավեպ։
- Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն` ինչը հենց իրենց է անհրաժեշտ։
- Միշտ ամենամեծ հիմարությունները մարդ գործում է ազնիվ մղումներից դրդված։
- Վատ չէ, երբ ծիծաղով է սկսվում ընկերությունը, իսկ ավելի լավ է, երբ դրանով էլ վերջանում է։
- Կանայք երկրորդ անգամ ամուսնանում են միայն այն դեպքում, եթե ատել են առաջին ամուսնուն, իսկ տղամարդը այն դեպքւմ, եթե պաշտել է առաջին կնոջը։ Կանայք ամուսնության մեջ երջանկություն են փնտրում, տղամարդիկ՝ վտանգի են ենթարկում սեփական երջանկությունը։
- Կանայք ամուսնության մեջ երջանկություն են փնտրում, տղամարդիկ վտանգի են ենթարկվում իրենց երջանկությունը։
- Ոչ ոք իր իդեալին երկու անգամ չի հանդիպում։
- Շատ ավելի անվտանգ է ոչնչով ուրշներից չտարբերվել։
- Տղամարդը կարող է երջանիկ լինել կնոջ հետ, քանի դեռ չի սիրում նրան։
- Գեղեցկությունը նրան կործանեց, գեղեցկությունը և հավերժ երիտասարդ լինելու ձգտումը, որը ինքն իր համար հորինեց։ Առանց դրանց նրա կյանքը մաքուր կլիներ։
- Նախանշաններ գոյություն չունեն։ Ճակատագիրը մեզ համար մունետիկներ չի առաքում։ Նա չափազանց խելացի կամ չափազանց դաժան է այդ բանի համար։
- Մարդ կարող է վերապրել ամեն ինչ, բացի մահից։
- Միայն երկու տեսակի մարդիկ կան, որոնք իսկապես հետաքրքիր են՝ մարդիկ, որոնք բացարձակապես ամեն ինչ գիտեն կյանքի մասին, և մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչ չգիտեն։
- Երբեմն կյանքում մենք բախվում ենք այնպիսի ողբերգության հետ, որն ունի գեղարվեստական գեղեցկության տարրեր։ Եթե այդ գեղեցկությունը իսկական է, ապա դրամատիզմը ուղղակի կլանում է մեր զգացումները։ Մենք հանկարծ զգում ենք, որ այլևս ոչ թե դերակատարներ, այլ լոկ հանդիսատես ենք այդ ողբերգության մեջ։ Կամ, ավելի ճիշտ՝ երկուսը միասին։ Դիտում ենք ինքներս մեզ և ներկայացման հրաշքով դյութվում։
- Գեղեցիկի ետևում միշտ ինչ-որ ողբերգական բան է թաքնված։ Որպեսզի փթթի ամենափոքր ծաղիկը, աշխարհները պետք է տանեն երկունքի տառապանքները։
- Կանայք ոգևորում են մեզ վեհ գործեր կատարելու, բայց միշտ խանգարում են դրանք իրականացնելու։
- Քանի որ տասնիններորդ դարը սնանկացել է կարեկցանքի գերածախսից, ես կառաջարկեի դիմել գիտությանը, որ մեզ սովորեցնի ճշմարտության ուղին։ Զգացմունքները լավ են նրանով, որ շեղում են մեզ այդ ուղուց, իսկ Գիտությունը նրանով՝ որ չի ճանաչում ոչ մի զգացմունք…
- Որքան էլ ցավալի լինի, բայց հանճարն ավելի հարատև է, քան գեղեցկությունը։ Այդ պատճառով էլ մենք ձգտում ենք անսահմանորեն զարգացնել մեր միտքը։ Գոյության կատաղի պայքարում մենք ուզում ենք ունենալ հաստատուն մի բան և լցնում ենք մեր գլուխը անպետքություններով, փաստերով, և կյանքում մեր տեղը հաստատելու դատարկ հույսով։ Լավ կրթված, ամեն ինչից տեղյակ մարդ-ահա ժամանակակից իդեալը։
- Մեր խելագարության ժամանակ մենք բաժանել ենք հոգու և մարմնի ներդաշնակությունը և հայտնագործել գռեհիկ ռեալիզմն ու դատարկ իդեալիզմը…
- Աշխարհը մեծ է, այնտեղ շատ հետաքրքիր մարդիկ կան։ Մի խլիր ինձանից այն միակ մարդուն, որը ներշնչում է իմ արվեստին իր իսկ հմայքը։
- Մեր կյանքում չպետք է լինի ոչ ճգնավորություն, որը սպանում է զգացմունքները, ոչ էլ գռեհիկ սանձարձակություն, որն այդ զգացմունքները բթացնում է։
- Դառնալ սեփական կյանքի հանդիսատեսը, նշանակում է խուսափել կյանքի տառապանքներից։
- Երբեմն այն, ինչ մեռած ենք համարում, դեռ երկար չի ուզում մեռնել։
- Նույնիսկ ուրախության հուշերն իրենց դառնությունն ունեն, իսկ անդարձ հաճույքի հիշուղությունները ցավ են պատճառում։
- Ես նախանձում եմ ամեն ինչի, որի գեղեցկությունը անմահ է։ Նախանձում եմ նույնիսկ իմ այս դիմանկարին։ Ինչու՞ նա պետք է պահպանի այն, ինչ ինձ վիճակված է կորցնելու։
- Ամեն անգամ, երբ սիրում ես, սիրում ես առաջին անգամ։ Փոխվում է կրքի առարկան, իսկ կիրքը միշտ անկրկնելի է։ Կյանքը լավագույն դեպքում մարդուն նվիրում է միայն մի մեծ ակնթարթ, և երջանկության գաղտնիքը հենց նրանում է, որ այդ մեծ ակնթարթը որքան հնարավոր է հաճախ վերակենդանացնել։
- Կանանցից հանճար չի լինում։ Նրանք զարդարող սեռ են։ Նրանք աշխարհին ասելիք չունեն, բայց ասում են շատ քաղցր ձևով։ Կանայք մարմնավորում են նյութի հաղթանակը մտքի հանդեպ, իսկ տղամարդիկ՝ մտքի հաղթանակը բարոյականության հանդեպ։
- Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ուսերիդ կրես նաև ուրիշի սխալների ծանրությունը։ Յուրաքանչյուր ոք իր անձնական կյանքն ունի և դրա համար ինքն է վճարում։ Ափսոս միայն, որ մի սխալի համար հաճախ մարդ ստիպված է լինում վճարել անվերջ։ Մարդու հետ ունեցած իր հաշիվներում ճակատագիրը երբեք չի համարում նրա պարտքերը մարած։
- Իմանալը բացասական է սիրո համար։ Միայն անհայտությունն է գերում մեզ։ Մշուշի մեջ ամեն ինչ հրաշալի է։
- Երիտասարդությունը վերադարձնելու համար պետք է միայն կրկնել բոլոր խելահեղությունները։
- Ովքեր սիրո մեջ հավատարիմ են, նրանց հասանելի է միայն սիրո էությունը։ Իսկ սիրո ողբերգությունը ճանաչում են միայն նրանք, ովքեր դավաճանում են։
- «Անբարոյական» գրքերը այն գրքերն են, որոնք աշխարհին ցույց են տալիս նրա արատները։
- Երբ ես մեկին չափազանց սիրում եմ, երբեք չեմ տալիս նրա անունը։ Դա միևնույն է, թե ուրիշին տաս քեզ համար շատ թանկ մարդու ինչ-որ մասնիկ։ Եվ գիտես, ես դարձել եմ գաղտնապահ, ինձ դուր է գալիս մարդկանցից թաքցնել իմ գաղտնիքները։ Դա, թերևս, միակ բանն է, որ ժամանակակից կյանքը կարող է դարձնել մեզ համար խորհրդավոր և թովիչ։
- Լավ որոշումների մեջ ինչ-որ չար ճակատագիր կա, նրանք միշտ չափազանց ուշ են կատարվում։
- Ուրիշների ողբերգության մեջ ինչ-որ անսահման ողորմելի բան կա։
- Շատ ավելի անվտանգ է ոչնչով ուրշներից չտարբերվել։
- Ամուսնության միակ հրապույրը այն է, որ կեղծիքը դառնում է միանգամայն անհրաժեշտ երկու կողմերի համար էլ։
- Ամենաաննշան բանն անգամ դառնում է զմայլելի, երբ թաքցնում ես նրան։
- Ամեն մի անծանոթ զգացումի համար արժե վճարել ամեն ինչ։
- Բանականությունն ինքնին օրինաչափության շեղում է։
- Մեղքեր կան, որոնց հիշողությունը ավելի զմայլիչ է, քան իրագործելը, կան տարօրինակ հաղթանակներ, որոնք հագեցնում են ոչ այնքան կրքերը, որքան հպարտությունը և ավելի մեծ ուրախություն են պատճառում բանականությանը, քան ընձեռել են կամ կարող են երբևէ ընձեռել զգայություններին։
- Չկան բարոյական կամ բարոյազուրկ գրքեր։ Կան գրքեր, որոնք լավ են գրված կամ գրված են վատ։ Ահա և բոլորը։
- Չէ որ կավե ոտքերն են կուռքն արժեքավոր դարձնում։ Դքսուհու ոտքերը շատ գեղեցիկ են, բայց նրանք կավից չեն։ Ավելի ճիշտ սպիտակ հախճապակուց են։ Նրանք անցել են կրակի միջով, իսկ այն, ինչ կրակը չի ոչնչոցնում, ուրեմն թրծում է։
- Երևակայությունն է ստիպում, որ զղջումը կրնկակոխ հետևի մեղքին։ Միայն երևակայնությունն է մեզ համար պատկերում մեր գործած մեղքերի զարհուրելի հետևանքները։
- Տղամարդիկ ամուսնանում են հոգնածությունից, իսկ կանայք՝ հետաքրքրությունից։ Հետո երկուսն էլ հիասթափվում են։
- Եթե տհաճ է, երբ մարդու մասին շատ են խոսում, ապա ավելի վատ է, երբ բոլորովին չեն խոսում։
- Հենդոնիզմը կսովորեցնի մարդկանց որսալ կյանքի յուրաքանչյուր ակնթարթ, քանի որ կյանքն ինքն անցնող ակնթարթ է։
- Կրքով համակված մարդու մտքերը պտտվում են շրջանաձև։
- Եթե չես կարողանում քեզ ինչ-որ բան ներել, մոռացիր դա։
- Շատ գեղեցիկ կանանց ամուսիններին ես դասում եմ հանցագործների շարքին։
- Որպես բարեկամ ես ընտրում եմ գեղեցիկ մարդկանց, որպես ընկեր՝ լավ համբավ ունեցողներին և որպես թշնամի՝ խելացիներին։
- Միայն դատարկ, սահմանափակ մարդիկ չեն դատում արտաքինով։ Աշխարհի իսկական գաղտնիքը տեսանելին է, ոչ թե անտեսանելին։
- Ովքեր իրենց կյանքի ընթացքում մեկ անգամ են սիրում, իրոք թեթևամիտ են։ Նրանց, այսպես կոչված, հավատարմությունը ես համարում եմ սովորույթի լեթարգիա կամ երևակայության բացակայություն։ Սիրո հավատարմությունը, ինչպես և մտքերի հետևողականությունն ու անփոփոխությունը պարզապես անզորության խոստովանություն է։
- Հենց այն, ինչին դու անմնացորդ հավատում ես՝ իրականում գոյություն չունի։
- Մեզանից ոչ մեկը տանել չի կարողանում այն մարդկանց, որոնք նույն թերություններն ունեն, ինչ որ մենք։
- Մեր օրերի մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, բայց ոչ մի բանի արժեքը չգիտեն…
- Երբ մենք ինքներս մեզ ենք մեղադրում, զգում ենք, որ ուրիշ ոչ մեկ իրավունք չունի այլևս մեզ մեղադրելու։
- Ինչի մասին չեն խոսում, թվում է, թե երբեք չի եղել։
- Ծերության ողբերգությունը նրանում չէ, որ մարդ ծերանում է, այլ նրանում, որ մարդ հոգով միշտ երիտասարդ է մնում։
- Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին։
- Չկա այնպիսի բան, որ արվեստը չկարողանա արտահայտել։
- Կանայք տղամարդկանց վերաբերվում են ճիշտ այնպես, ինչպես մարդկությունը՝ աստվածներին։ Նրանք երկրպարգում են մեզ և միշտ ձանձրացնում ինչ-որ բան պահանջելով։ Նրանք պահանջում են այն, ինչ առաջինն են նվիրում։ Նրանք մեզ սիրում են մեզ մեր թերությունների համար։ Նրանք սեր են արթնացնում և սեր էլ իրավունք ունեն սպասելու… սեր… կանայք տղամարդկանց տալիս են իրենց կյանքի ամենաթանկագին բանը… բայց նրանք անվերջ հետ են պահանջում, կաթիլ առ կաթիլ… դրանում է նրանց ամբողջ սխալը…
- Մարդ ափսոսում է բաժանվել նույնիսկ ամենավատ սովորություններից։ Թերևս հենց այդ սովորությունների համար ամենից շատ ենք վշտանում։ Դրանք մեր «ես»-ի էական մասն են…
- Երիտասարդությունը միակ գանձն է, որ արժե պահպանել։
- Սիրում եմ մարդկանց ճանաչել ինքս՝ առանց որևէ մեկի միջնորդության։
- Բնական լինելը, գիտեմ, պարզապես կեցվածք է, և մարդկանց համար ամենաանտանելի կեցվածքը։
- «Խիղճը» վախկոտության պաշտոնական անվանումն է։
- Անցյալի միակ հրապույրն այն է, որ նա անցյալ է։ Բայց կանայք երբեք չեն նկատում, որ վարագույրն իջել է։ Նրանք միշտ ցանկանում են վեցերորդ գործողությունը, ուզում են՝ շարունակվի ներկայացումը, երբ արդեն չքացել է ամեն հետաքրքրություն։
- Հոգի և մարմին, մարմին և հոգի… Ի՜նչ հանելուկ է դա։ Հոգու մեջ թաքնված են կենդանական բնազդներ, իսկ մարմնում զգացվում են շնչավորող պահեր։ Զգացմունքային բռնկումները կարող են նրբանալ, իսկ բանականությունը՝ բթանալ։ Ո՞վ կարող է ասել, երբ է լռում մարմինը, և երբ է սկսում խոսել հոգին։ Որքան մակերեսային են սովորական հոգեբանների անհամոզիչ բնորոշումները։ Եվ միևնույն ժամանակ որքան դժվար է որոշել, թե տարբեր դպրոցներից որն է ավելի մոտ ճշմարտությանը։ Իսկապե՞ս մարդու հոգին լոկ ստվեր է, ամփոփված մեղսագործ պատյանի մեջ։ Թե՞ մարմինն է ամփոփված հոգու մեջ, ինչպես ենթադրում էր Ջորդանո Բրունոն։ Հոգու անջատումն մարմնից նույնքան անհասկանալի է, որքան հոգու և մարմնի միաձուլումը։
- Մենք երբեմն կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը աննշան դեպքերի վրա, երբ սարսափելի է մտածել ամենակարևորի մասին։
- Դուք սպանեցիք իմ սերը։ Առաջ դուք հուզում էիք իմ երևակայությունը, իսկ հիմա ոչ մի հետաքրքրություն չեք առաջացնում իմ մեջ։ Աստված իմ, ինչքան էի ես հիմար, ինչ խենթություն էր իմ սերը Ձեր նկատմամբ։ Այժմ ինձ համար դուք ոչնչություն եք։ Ես ձեզ այլևս տեսնել չեմ ուզում։ Նունիսկ չեմ էլ հիշի Ձեզ, Ձեր անունը չեմ արտասանի Երբեք։ Օ՛հ, եթե իմանայիք, թե դուք ինչ էիք ինձ համար առաջ … Առաջ.. Հիշելը նույնիսկ ցավ է պատճառում ինձ։ Երանի ես երբեք տեսած չլինեի Ձեզ։ Դուք փշրեցիք իմ բոլոր երազանքները։
- Ինձ համար Գեղեցկությունը հրաշքների հրաշքն է։
- Նա սքանչելի է, ինչպես ինքը Սերը։
- Վիշտը չի հուզում, բայց գեղեցկությունը, միայն գեղեցկությունը կարող է լցնել ձեր աչքերը արցունքով։
- Ամենաանշան բանն անգամ դառնում է զմայլելի, երբ թաքցնում են։
- Երջանկության իսկական գաղտնիքը գեղեցիկի որոնման մեջ է։
- Եթե մարդ իսկապես որևէ բանով հայտնի է դառնում, թշնամիներ է վաստակում։ Հասարակության համակրանքը շահելու համար պետք է միջակություն լինել։
- Բաներ կան, որ համառորեն չեն ուզում մոռացվել։
- Սովորական մարդիկ սպասում են, որ կյանքն ինքը բացի նրանց առաջ իր գաղտնիքները։ Բայց որոշ ընտրյալների համար կյանքի գաղտնիքները բացահայտվում են նախքան վարագույրի բացվելը։ Երբեմն դրան նպաստում է արվեստը (գլխավորապես գրականությունը), անմիջականորեն ներգործելով մարդկային մտքի և զգացմունքների վրա։
- Հաճույքը բնության փորձաքարն է, որով նա ստուգում է մարդուն։
- Երբ մարդ երջանիկ է, միշտ լավն է, բայց միշտ չէ, որ լավ մարդիկ երջանիկ են լինում։
- Բավական է, որ մարդ խելք ունենա կամ ինքնատիպ լինի, և ահա չար լեզուները կսկսեն չարախոսել։
- Ամենաթույլ զգացումները այն զգացումներն են, որոնց ծագումը մեզ համար հասկանալի է։
- Լավատեսության հիմքում ընկած է բացարձակ սարսափը։
- Վերափոխել մարդկային բնավորությունը, նշանակում է միայն փչացնել այն։
- Լինել լավը, նշանակում է ներդաշնակվել ինքն իր հետ։
- Պատահում է հաճախ կյանքի իսկական ողբերգություններն այնպես անէսթետիկական ձևով են կատարվում, որ վիրավորում են մեզ իրենց կոպիտ մոլեգնությամբ, բացարձակ անհետևողականությամբ, անմտությամբ, նրբագեղության լրիվ բացակայությամբ։
- Մի՞թե ձևացնելը այդքան մեծ մեղք է։ Կարծում եմ՝ ոչ։ Դա պարզապես մարդկային անձնավորությանը բազմազանություն տալու միջոց է։
- Կանայք միշտ պաշտպանվում են հարձակումով։ Եվ նրանց այդ հարձակումները հաճախ վերջանում են հանկարծակի և անհասկանալի հանձնվելով։
- Խորտակաված կարելի է համարել միայն այն կյանքը, որն իր զարգացման մեջ կանգ է առել։
- Ոչ մի քաղակակիրթ մարդ չի զղջում երբևէ, որ տրվել է հաճույքին, իսկ անքաղաքակիրթը չգիտե ինչ է հաճույքը։
- Փաստորեն, իրական աշխարհում մեղսագործները չեն պատժվում, ոչ էլ՝ անմեղները հատուցվում։
- Հաջողությունը տրված է ուժեղին, իսկ ձախորդությունը նետված է թույլին։
- Արվեստը շատ ավելի վերացական է, քան մենք պատկերացնում ենք։
- Այն մարդկանց տանջանքների մեջ, որոնք այլևս սիրելի չեն, միշտ ինչ-որ ծիծաղելի բան կա։
- Միակ բանը, որի համար մարդ երբեք չպետք է զղջա, իր սխալներն ու մոլորություններն են…
- Աշխարհը ղեկավարում են անհատականությունները և ոչ թե գաղափարները։
- Մեր գալիքը սովորաբար նման է մեր անցյալին, և եթե մի անգամ մեղանչել ենք դժկամությամբ, դա կրկնում ենք կյանքում բազմաթիվ անգամ, բայց արդեն բավականությամբ։
- Հաճախ մարդ կարծում է, թե ինքը ուրիշի վրա է փորձ կատարում, մինչդեռ իրականում փորձը կատարում է հենց իր վրա։
- Մենք իրավունք ունենք մարդու մասին դատել մյուսների վրա թողած ազդեցությամբ։
- Շատ բաներ մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ ուրիշները կվերցնեն։
- Խիղճն ու վախը նույն բաներն են։ «Խիղճը» վախկոտության պաշտոնական անվանումն է։
- Սեփական հոգին և ընկերների կրքերը - ահա թե ինչն է կյանքում ամենագրավիչը։
- Հասարակական կարծիքի հանդեպ ունեցած սարսափը բարոյականության հիմքն է, իսկ սարսափը Աստծո առաջ, դա այն սարսափն է, որի վրա հիմնվում է կրոնը։ Ահա թե ինչն է իշխում մեզ վրա։
- Օ, ինչպես են մարդիկ կառչում հավատարմությունից։ Չէ՞ որ նույնիսկ սերն ամբողջովին կենսաբանական խնդիր է։ Դա ոչնչով կախված չէ մեր կամքից։ Երիտասարդները ցանկանում են հավատարիմ մնալ, չեն կարողանում, ծերերը փորձում են դավաճանել, բայց ի վիճակի չեն։ Ուրիշ ոչինչ։
- Մենք իրավունք ունենք մարդու մասին դատել մյուսների վրա թողած ազդեցությունից։
- – Դուք չափազանց շա՞տ եք սիրահարված նրան,-հարցրեց նա։
– Ես ինքս կուզեի այդ իմանալ։
– Իմանալը ճակատագրական է սիրո համար։ Միայն անհայտությունն է գերում մեզ։ Մշուշի մեջ ամեն ինչ հրաշալի է։
– Բայց մշուշում մարդ կարող է շեղվել ճանապարհից։
– Բոլոր ճանապարհները դեպի նույն տեղն են գնում։
– Դեպի ու՞ր։
– Հիասթափություն…..
- – Դուք Ձեր բոլո՞ր ծանոթներով եք այդպես հետաքրքրվում։
–Իմ բոլոր ծանոթները այդչափ հետաքրքիր չեն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 336.
Աղբյուրներ
խմբագրել- Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»։ grqamol.am (սեպտեմբերի 18, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 29, 2015 թ․։